Ուղերձ Նախագահ Փ․ Փիքարդից

ընտանիքը աղոթելուց

Եկեղեցու սիրելի՛ անդամներ, սիրելի՛ ընկերներ,

Ցանկանում ենք հայտնել մեր խորը վիշտը և տխրությունը ծայրահեղ բռնի, զինված առճակատման կապակցությամբ, որը ծավալվում է Լեռնային Ղարաբաղում վերջին վեց օրվա ընթացքում:

Մենք սգում ենք ձեր բոլորի հետ, ովքեր սգում են անմեղ կյանքերի կորուստը, առողջության կորուստը, խաղաղության կորուստը, տների ավերումը և մեր այնքան սիրելի քույրերի ու եղբայրների, երեխաների, կանանց, տղամարդկանց, ծերերի տեղահանումը: ... Չկան բառեր, որոնք կարող են արտահայտել պատերազմի սարսափը, երբ այն այդքան մոտ է հարվածում մեր սրտին ու մտքին:

Մենք աղոթում ենք ձեր բոլորի հետ, որ նրանք, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, մխիթարվեն, մենք աղոթում ենք, որ վիրավորները շուտ ապաքինվեն, աղոթում ենք, որ խաղաղություն տիրի և տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց տները: Միևնույն ժամանակ, մենք աղոթում ենք, որ այդ հազարավոր տառապյալ մարդիկ բոլորիս կողմից հյուրընկալություն և մեծահոգություն գտնեն:  

Մի քանի ժամվա ընթացքում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես կարող է մի ժողովուրդ միավորվել և աջակցել միմյանց: Այս միասնությունն ինքնին հրաշք է և օրհնություն. զգացողություն, որը երբեք չի մոռացվի: Մեր շարքերում և մեր շուրջը գտնվող  եղբայրներն ու քույրերը զգացին օգնելու և ծառայելու մտերմիկ կոչ և արձագանքեցին այս զգացողությանը՝ անխոնջ գործելով օրեր ու գիշերներ՝ օգնություն և աջակցություն կազմակերպելու համար, և յուրաքանչյուրն օգնել է՝ ինչով կարողացել է: Մենք ոգեշնչված ենք այդպիսի սիրուց, կարեկցանքից և միասնությունից: Դա հիշեցնում է Գաղատացիներին ուղղված Պողոս Առաքյալի խոսքերը. «Իրար բեռը վեր առեք, եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեցեք»:(Գաղատացիս 6.2) Այս գործերում մենք տեսնում ենք Քրիստոսի օրենքի իրագործումը, այսինքն՝ սիրել մեր Աստծուն և սիրել մեր մերձավորին:

Համաճարակի անցած ամիսներին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մարդասիրական օգնություն է ցուցաբերել տուժած շատ մարդկանց: Հայաստանի տեղական իշխանությունների օգնությամբ բաժանվել է ավելի քան 40000 կգ սնունդ և հիգիենայի / ախտահանման պարագաներ: Նույն կերպ, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այս շաբաթ նաև նախաձեռնել է ծրագրեր՝ աջակցելու մեր տառապյալ եղբայրներին և քույրերին: Մենք կարողացանք արագորեն հավաքել անհրաժեշտ միջոցներ և, համագործակցելով Հայաստանի տեղական իշխանությունների հետ, արդեն բաշխել ենք ավելի քան 2700 կգ ծայրահեղ անհրաժեշտության սնունդ, ինչպես նաև հիգիենայի և անկողնային պարագաներ այն մարդկանց, ովքեր դրանց կարիքն ունեն: Մենք նաև նախաձեռնել ենք մեր Սփոփող միության քույրերի հետ կարել անկողնային պարագաներ և ուսումնասիրում ենք հնարավորություններ`օգնելու տեղական իշխանություններին և այլ կազմակերպություններին ժամանակավոր ապաստանով ապահովել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Մենք հրավիրում ենք ձեզ շարունակել աղոթել, կամավոր աշխատել, նվիրաբերել ձեր ժամանակը և / կամ ռեսուրսները՝ ուրիշների կյանքը օրհնելու համար: Մենք նաև հրավիրում ենք ձեզ միանալ մեզ կիրակի օրը՝ հոկտեմբերի 4-ին տառապյալների մխիթարության, վիրավորների ապաքինման, սրտերի զորացման և խաղաղության գերիշխման համար  ծոմապահության օրվան, երբ  մենք աղոթում ենք առ Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը`Բժշկող Տերը: [Ծոմի նշանակության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք նայեք ստորև]:

Տերը հասկանում է այն խորը ապրումներն ու հույզերը, որոնք մենք բոլորս զգում ենք այս ահավոր պահին: Մենք մեծ վստահությամբ գիտենք, որ Նա սիրում և հոգ է տանում մեզ համար: Մենք գիտենք, որ Նրա մեջ է լույսը, հույսը և խաղաղությունը:

Մեծ սիրով և հոգատարությամբ,
Նախագահ Փաոլ Փիքարդ
Հայաստան / Վրաստան Առաքելություն