Մի քանի տարի առաջ ինձ տանջում էր անսովոր հազը։ Անգամ բժշկական խորհրդատվություններից և բուժումներից հետո ոչինչ չէր օգնում։ Իմ մարմինը ամբողջովին քայքայվում էր։ Չորս օր շարունակ չէի կարողանում քնել։ Շաբաթը օրը եկավ, բայց թեթևություն չկար։ Կիրակի վաղ առավոտյան ես հուսահատությամբ աղոթեցի և Տիրոջից Նրա զորությունն աղերսեցի։ Այնուամենայնիվ, հանգստություն չգտա, սակայն մի արտահայտություն եկավ միտքս․«Ես կվերադառնամ քեզ մոտ»։ Ես հստակ գիտեի այդ արտահայտության համատեքստը։ Պորտուգալիայի Օեյրասի ցցի Սրբերին ես պատմում էի, թե ինչ է արարողությունը (հաղորդությունը), և ինչպես է «նրա արարողություններում բացահայտվում աստվածայնության զորությունը» (1)։
Սկսեցի բացատրել, որ հաղորդությունը արարողություն է, գործողություն, բայց այն դառնում է մեկ այլ գործողություն, դառնում է սուրբ գործողություն։ Ինչո՞ւ։ Նախ՝ որովհետև այն ներկայացնում է կամ, ավելի ճիշտ, խորհրդանշում է Փրկչին և Նրա քավիչ առաքելությունը։ Երկրորդ՝ այդ գործողություններին կցված են ուխտեր, երրորդ՝ դրանք սպասավորվում են սուրբ քահանայության զորությամբ՝ Աստծու Որդու կարգի համաձայն, և վերջապես՝ կապված են Հիսուս Քրիստոսի անվան հետ․ անուն, որն ունի զորություն։
Շարունակեցի բացատրել, որ յուրաքանչյուր բաժին հաց և ջուր, որն օրհնվում է սուրբ քահանայության իշխանությամբ, ներկայացնում է Քրիստոսի մարմինը և արյունը։ Սա նոր ուխտ է (2), բայց անհատական և խորապես անձնական։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է․ «Քանի որ հացը կտրտված և մասերի է բաժանված, յուրաքանչյուր կտոր եզակի է, ինչպես եզակի են այն մարդիկ, որոնք մասնակցում են այդ արարողությանը։ Մենք բոլորս ունենք տարբեր մեղքեր, որոնցից պետք է ապաշխարենք։ Մենք բոլորս ունենք տարբեր կարիքներ, որոնք պետք է զորացվեն Տեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, Ում հիշում ենք այս արարողության ընթացքում», և ով ունի այդ զորությունը (3)։ Յուրաքանչյուր հացի կտոր բաժանվում է անհատապես, և յուրաքանչյուր բաժակի ջուրը ընդունվում է անհատապես։ Սա հրավեր է․ «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք մտցնել ձեր ձեռքն իմ կողը, և նաև, որ դուք կարողանաք շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ե՛ս եմ Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը» (4)։ Յուրաքանչյուր շաբաթ մենք հնարավորություն ունենք լինելու Նրա վկան։ Վկան՝ Նրա անվան, անուն, որն ունի զորություն։
Երբ Պետրոսն ու Հովհաննեսը բժշկեցին մի մարդու, որն «ի ծնե կաղ [էր]» (5), «նրանց վրա հասան քահանաները, տաճարի պահակապետը և սադուկեցիները» (6): Ի՞նչն էր այնքան կարևոր, որ ստիպեց այս կրոնական առաջնորդներին «հավաքվ[ել]»։ Ինչի՞ց էին նրանք վախենում։ «Եվ առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով՝ հարցնում էին. «Դուք դա ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով կատարեցիք»»։ Պետրոսը պատասխանեց․ «Հիսուս Քրիստոսի անունով»։ Այսպիսով, Պետրոսին և Հովհաննեսին հրամայեցին «Հիսուսի անունով բոլորովին չխոսել և չուսուցանել» (7)։ Ես մարտահրավեր էի նետել Օեյրաշի Սրբերին՝ ավելի նպատակային մասնակցություն ունենալ հաղորդությանը՝ խոստանալով, որ Տեր Հիսուսը կվերադառնա՝ օգնելու մեզ Իր զորությամբ։ Այժմ իմ հերթն էր ընդունելու մարտահրավերը և փորձության ենթարկելու այն ամենը, ինչին ես հավատում էի։
Թեև մարմինս ամբողջովին հյուծված էր, ցավում էր, ու ես հազից հանգստություն չունեի, այդ կիրակի որոշեցի մասնակցել հաղորդությանը։ Ես գիտեի, թե ինչպես զորություն ստանալ հաղորդությունից․«Այս արե՛ք ի հիշատակ ինձ» (8)։
Այդ օրը ես մասնակցեցի հաղորդությանը՝ սիրտս երախտագիտությամբ լի Աստծու Որդու հանդեպ, Նրա երկրային առաքելության մասին մտքերի մեջ խորասուզված։ Ցանկանում էի, որ այդ պահը երբեք չավարտվի։ Հաղորդության ժողովի ավարտին նկատեցի, որ հազս դադարել էր։ Այդպես շարունակվեց ամբողջ օրը։ Կատարեցի իմ ծառայության հանձնարարությունները, վերադարձա տուն և խոր քուն մտա՝ իմ Փրկչի անվան և Նրա քավիչ զորության մասին վկայությամբ։
- ՎևՈւ 84․20։
- Ղուկաս 22․30։
- Դալլին Հ. Օուքս, «Ներածական ուղերձ» (ելույթ՝ տրված նոր միսիաների նախագահների սեմինարում, 2017 թվականի հունիսի 25):
- 3 Նեփի 11․14։
- Գործք Առաքելոց 3․1-6։
- Գործք Առաքելոց 4․1։
- Գործք Առաքելոց 4․18։
- Գործք Առաքելոց 22․19։