Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ՝ Դալլին Հ. Օուքսը, 2025 թվականի սեպտեմբերի 29-ին (երկուշաբթի) Եկեղեցու սոցիալական ցանցերում կիսվել է հետևյալ ուղերձով։
«Մեր սրտերը ծանրացած են վշտով։ Մեզ նման միլիոնավոր մարդիկ սգում են մեր սիրելի մարգարե և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մահը։ Նա մեր սիրելի ընկերն էր և մեծապես գնահատված առաջնորդ։ Նրա հավերժական ուսմունքները շարունակում են առաջնորդել մեզ և մխիթարություն պարգևել տառապանքի մեջ, հատկապես անցյալ կիրակի Միչիգանում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների դեմ ուղղված վերջին բռնությունից հետո։
Սեպտեմբերի 28-ին Միչիգան նահանգի Գրանդ Բլան քաղաքում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը մեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսի հետևորդների մեր սրբազան պարտականությունների մասին։ Մենք սգում ենք մեր անդամների հետ, որոնք կորցրել են սիրելի մարդկանց, և միանում ենք աղոթքին՝ մխիթարություն հայցելով բոլոր նրանց համար, ովքեր ողջ աշխարհում տառապում են նմանատիպ ողբերգություններից։ Մենք բոլորս պատասխաններ և հասկացողություն ենք փնտրում տրավմայի, շոկի և վշտի պայմաններում։ Մենք նաև խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պահին մեզ դիմում են ծառայության առաջարկներով, աղոթքներով և աջակցության խոսքերով։
Թող մենք բոլորս հիշենք այն ճշմարտությունը, որ մեզանից յուրաքանչյուրը Աստծո սիրելի զավակն է։ Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը, Իր անսահման Քավության միջոցով, հաղթեց մահին և մեզ տալիս է ուրախալի վստահություն, որ յուրաքանչյուր մարդ փառահեղորեն հարություն կառնի։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս վերջին ողբերգությունից տուժածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այս պահին կորուստներ ունեն և խոր վիշտ են ապրում»։