Տարածքային ղեկավարության ուղերձ

Սուրբ Ծննդյան ճշմարիտ ոգին

Elder Niels Ole Jensen
Երեց Նիլս Օլե Ջենսեն, Գերմանիա, տարածքային յոթանասունական, Եվրոպայի կենտրոնական տարածք

Սուրբ Ծննդյան ժամանակ հաճախ ենք լսում, որ մարդիկ ասեն, թե արդեն Սուրբ Ծննդյան տրամադրություն ունեն, կամ՝ դեռ չունեն։ Ձյունաճերմակ Սուրբ Ծննդյան հեռանկարը, Սուրբ Ծննդյան շուկա այցելելը, նվերներ պատրաստելը կամ Սուրբ Ծննդյան հատուկ խնջույքը հայտնի եղանակներ են այդ լեգենդար տոնական տրամադրությունը ստեղծելու համար։

Ցավոք, այդ ամենի մեջ Սուրբ Ծննդյան իրական իմաստը հաճախ կորչում է։ Ես կարողացա այս դասը լավ սերտել իմ միսիայի ընթացքում։ 1997 թվականի դեկտեմբերին իմ զուգընկերոջ հետ տեղափոխվեցինք Ուելսի մի փոքրիկ քաղաք և բնակություն հաստատեցինք։ Այնտեղ կար շատ փոքր, գեղեցիկ մի ծուխ։ Մենք վայելեցինք մեր ժամանակն այնտեղ և քրտնաջան աշխատեցինք՝ հույս ունենալով մարդկանց պատմել Քրիստոսի մասին։ Դեկտեմբերի երկրորդ կեսին մենք նկատեցինք, թե ինչպես են բոլոր զուգընկերությունները, գրեթե մրցակցային ձևով պատմում, թե որտեղ և որքան հաճախ են անդամները հրավիրում իրենց ընթրիքի։ Թվում էր, թե դա մրցույթ էր՝ հնարավորինս շատ Սուրբ Ծննդյան ընթրիքներ տեղավորել տոնական երկու օրվա մեջ։ Ավելի փորձառու միսիոներներից շատերը խոսում էին այն մասին, թե որքան համեղ էր ավանդական Սուրբ Ծննդյան ընթրիքը և անհամբեր սպասում էին այդ հատուկ օրվան։ Այս ամբողջ ուրախության մեջ ես և իմ ընկերը հասկացանք, որ դեռ ոչ մի հրավեր չէինք ստացել։ Ինչ-որ բան այն չէր։ Բայց մենք չէինք ուզում մեզ պարտադրել և շարունակում էինք հույս ունենալ, որ ինչ-որ մեկը գուցե մեզ հրավիրի ընթրիքի։ Մինչ Սուրբ Ծնունդն արագ մոտենում էր, ոչինչ չպատահեց։ Սուրբ Ծննդյան նախաշեմին մենք ունեցանք գոտու համաժողով, որտեղ հավաքվեցին Ուելսում ծառայող բոլոր միսիոներները։ Հրաշալի ոգի էր տիրում այդ համաժողովին։ Բայց մեզ՝ միսիոներներիս համար, շատ ավելի կարևոր էր տնից մեզ ուղարկված ծանրոցները։ Ես և իմ ընկերը ուրախ վերադարձանք մեր բնակարան։ Հակառակ ծնողներիս հորդորներին և ծանրոցի վրա գրված նախազգուշացումներին՝ ես նույն գիշերը բացեցի այն։ Այն պարունակում էր մի քանի փոքրիկ նվերներ, ծնողներիս նամակը և Սուրբ Ծննդյան քաղցրավենիք։ Ես շատ ուրախացա։ Հիանալի երեկո էր, երկուսս էլ վայելում էինք տնից ստացված քաղցրավենիքները, մի փոքրիկ անճշտությամբ, որ դեռ Սուրբ Ծնունդ չէր։

Mary holding Jesus

Ցավոք, մինչև դեկտեմբերի 24-ը մենք ընթրիքի որևէ հրավեր չստացանք։ Իրավիճակն ավելի վատթարացավ, երբ ամսի 24-ը զուգադիպեց նախապատրաստական օրվա հետ, և մենք պլանավորել էինք ֆուտբոլ խաղալ մյուս բոլոր միսիոներների հետ, որից հետո ամեն մեկը պետք է գնար իր տուն՝ ընթրեու։ Մենք շատ հիասթափվեցինք, երբ իմացանք, որ մյուս երեցները մոռացել էին մեզ տեղեկացնել միջոցառման վայրի մասին և վերցնել իրենց հետ մեքենայով։ Ես և իմ զուգընկերը անձրևի տակ քայլում էինք մեր քաղաքի փողոցներով՝ պարզապես ժամանակ սպանելու համար։ Մենք ամեն ինչ ունեինք, բացի Սուրբ Ծննդյան տրամադրությունից։

Հոգնած և հիասթափված՝ երեկոյան տուն վերադարձանք՝ ճաշ պատրաստելու։ Հիշում եմ, թե ինչպես մտա մեր բնակարան, ջեռուցումը կրկին անջատված էր, իսկ մեր ընտանիքների Սուրբ Ծննդյան փաթեթները վաղուց բեռնաթափված և սպառված։ Մռայլ կանգնած էի մեր հյուրասենյակում՝ ինձ շատ միայնակ և դժբախտ զգալով։ Միակ բանը, որ կարող էի անել, Սուրբ Ծննդյան երաժշտություն միացնելն էր։ Այդպես էլ արեցի։ Հենդելի «Մեսիան» միացված էր, և իմ հայացքն ուղղվեց մեր Փրկչի և ավագ եղբոր՝ Հիսուս Քրիստոսի նկարի վրա։ Նկար, որը կարելի է տեսնել հազարավոր միսիոներների բնակարաններում՝ պատին ծուռ փակցված, առանց շրջանակի։ Եվ ահա Սուրբ Ծնունդը զգացվեց։ Ես գիտեի, թե ինչու եմ այդտեղ։ Ես գիտեի, թե ինչ ենք նշում և ինչն է իրականում կարևոր։

Ես իմ կյանքում նշել եմ բազմաթիվ հրաշալի Սուրբ Ծնունդներ, և գեղեցիկ հիշողությունները բազմաթիվ են։ Սակայն 1997 թվականին Ուելսում տոնած այդ Սուրբ Ծնունդը, մինչ օրս, հավանաբար, ամենահիշարժան Սուրբ Ծնունդն է ինձ համար։ Սուրբ Ծննդյան այդ ժամանակ ստացած իրական նվերը իմ Փրկչի և ընկերոջ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի ուժեղ սերն էր։

2021 թվականի Սուրբ Ծննդյան իր ուղերձում մեր մարգարե՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է.

«Մեր շուրջը շատերն են ճնշված վախից և անորոշությունից։ Ես ձեզ հրավիրում եմ ձեր սրտում տեղ ազատել նրանց համար, ովքեր դժվարանում են տեսնել Փրկչի Լույսը և զգալ Նրա սերը։ Ոչ մի նվեր այդքան արժեքավոր չէ, որքան մաքուր սիրո գործողությունները, որոնք դուք առաջարկում եք միայնակներին, հյուծվածներին և հոգնածներին։ Սրանք այն նվերներն են, որոնք մեզ և նրանց հիշեցնում են այս ժամանակաշրջանի իրական առիթի մասին՝ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի պարգևի մասին։ Նա ծնվել է բոլոր վախերը հեռացնելու և հավիտենական լույս ու ուրախություն բերելու բոլոր նրանց, ովքեր հետևում են Իրեն»։

Թող այս տարվա Սուրբ Ծնունդը ձեզ համար հնարավորություն լինի ամրապնդելու Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը և օգնելու ուրիշներին նույնպես ստանալ այս պարգևը։ Սա է իմ աղոթքը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։