Սովորիր սովորել

«Բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ» (Վարդապետություն և Ուխտեր 130.18)

Օրհներգ. «Ճշմարտություն»  (Հիմներ և մանկական երգեր, էջ 31)

Միջոցառում

 

Учимся учиться

Տեսանյութ. «Լույսի ճանապարհները. Քրիստոսի լույսը»

Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին.

  • Դուք սիրո՞ւմ եք նոր բաներ սովորել:
  • Կարո՞ղ եք կիսվել վերջերս ձեր սովորած որևէ նյութի օրինակով: (Կարող եք նախքան դասի սկսվելը հանձնարարել ընտանիքի բոլոր անդամներին կամ նրանցից մի քանիսին պատրաստվել պատմել որևէ նոր բանի մասին, որը նրանք սովորել են անցյալ ուսուցումից հետո:)

Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք հիշել իրենց մանկությունից մի դրվագ, երբ նրանք որևէ հետաքրքիր բան սովորեցին գրքից, իրենց ծնողներից և այլն: Ծնողները կարող են երեխաներին պատմել, թե նրանք ինչ հարցեր էին տալիս, երբ փոքր էին: Ձեր ընտանիքին հիշեցրեք, որ ծնվելու պահից սկսած երեխաները հետաքրքրասեր են և ուսման ծարավ ունեն: Հարցրեք.

  • Ձեր կարծիքով, մարդիկ ինչու են ծնվում սովորելու այդպիսի մեծ ցանկությամբ, բայց երբ մեծանում են, շատ հաճախ այդ ցանկությունը մարում է, իսկ երբեմն՝ նույնիսկ լրիվ անհետանում:

Ձեր ընտանիքին խնդրեք կարդալ ՎևՈւ 93.29–39 հատվածները: Նշեք, որ մեզ կարողություն է տրված ձեռք բերել ողջ լույսն ու ճշմարտությունը: Բայց մենք կարող ենք օգտագործել մեր ազատ կամքը և «չընդունել լույսը» (տես հատված 31), և եթե մենք հնազանդ չենք Աստծուն, «այն չարագործը գալիս և վերցնում է լույսն ու ճշմարտությունը» մեզանից:

Ձեր ընտանիքին  խնդրեք մտածել մի քանի եղանակների մասին, որն օգտագործում է «այդ չարագործը», որպեսզի հեռացնի մեզ լույսից ու ճշմարտությունից: Դուք կարող եք քննարկել, թե մենք ինչ մտքեր ու զգացումներ ենք ունենում, երբ սովորելու ցանկություն չենք ունենում:

Բացատրեք, որ միակ կատարյալ մարդը Հիսուսն է: Կարող եք միասին ուսումնասիրել ՎևՈւ 93.11–19 հատվածները և պարզել, թե Տերն ինչպես ստացավ ճշմարտության լիությունը Իր Հորից: Հիսուսն ասաց, որ մի օր հավատարիմները կկարողանան հասնել գիտելիքների նույն մակարդակին, որն Ինքն ունի (տես ՎևՈւ 93.18–20):

Միասին կարդացեք ՎևՈւ 88.67: Հարցրեք.

  • Եթե մենք կարող ենք «ըմբռնել բոլոր բաները», հնազանդվելով Աստծո պատվիրաններին և պարզ աչքով ուղղված Նրա փառքին, արդյո՞ք նշանակում է, որ հոգևոր ուսումնառությունը բավարար է մեզ համար և հարկ չկա, որ դպրոց գնանք կամ կարդանք  այլ գրքեր, բացի սուրբ գրություններից:

Կարդացեք Նախագահ Բրիգամ Յանգի հետևյալ խոսքերը.

«Հիսուս Քրիստոսի կրոնը մարդկանց ոչ միայն ծանոթացնում է Աստծո խոսքի հետ, նրանց մեջ զարգացնում բարոյական կատարելություն ու մաքրություն, այլև տալիս է ամեն հնարավոր քաջալերանք և խթան, որպեսզի նրանք ավելացնեն իրենց գիտելիքներն ու մտավոր կարողությունները բոլոր ոլորտներում՝ արվեստում և գիտության ճյուղերում, քանի որ աշխարհի ողջ իմաստությունը, բոլոր արվեստներն ու գիտությունները Աստծուց են և նախատեսված են Նրա ժողովրդի բարօրության համար...

Մենք պիտի ջանասիրաբար սովորենք և շարունակենք գիտելիք կուտակել երկնքի ու երկրի մասին, լավ գրքեր կարդանք, չնայած չեմ կարող ասել, որ ես խորհուրդ կտայի կարդալ բոլոր գրքերը, քանի որ ոչ բոլոր գրքերն են լավը: Լավ գրքեր կարդացեք և դրանցից հնարավորինս շատ իմաստություն ու հասկացողություն սովորեք Աստծո Հոգու օգնությամբ («Սովորել ուսումնասիրությամբ և հավատով», Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Բրիգամ Յանգ, գլուխ 27):

Կարդացեք նաև ՎևՈւ 88.78–80 և ՎևՈւ 88.118 հատվածները և պարզեք, թե մենք ինչ թեմաներ պետք է ուսումնասիրենք և  ինչ գրքերից պետք է սովորենք:

Նախագահ Վ. Քիմբալը բացատրել է, որ մեզ անհրաժեշտ է թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ կրթություն. «Աշխարհիկ գիտելիքները, որքան էլ որ կարևոր են, չեն կարող փրկել հոգին, բացել սելեստիալ արքայությունը, աշխարհ արարել, մարդուն աստված դարձնել, բայց կարող են շատ օգտակար լինել այն մարդուն, ով, կարևոր բաները առաջին տեղում դնելով, գտել է հավերժական կյանք տանող ճանապարհը և հիմա իր բոլոր գիտելիքներն  օգտագործում է որպես գործիք և ծառա» («Նախագահ Քիմբալը խոսում է կյանքը ծրագրավորելու մասին», New Era, September 1981):

Հարցրեք.

  • Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ պիտի սովորենք առաջինը, և որտեղից գտնենք սովորելու նոր հնարավորություններ:

Կարդացեք Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խորհուրդը.

«Քանի որ դժվար է տարբերել, թե մենք ինչ գիտելիքի կարիք կունենանք, մեզ անհրաժեշտ է երկնքի օգնությունը, որպեսզի իմանանք, թե անհամար բաներից ինչը կկարողանանք ուսանել իմաստությամբ: Դա նաև նշանակում է, որ մենք չենք կարող ժամանակ վատնել զվարճանալով, երբ հնարավորություն ունենք կարդալ կամ լսել այն ամենը, ինչը կօգնի մեզ իմանալ, թե որն է ճշմարիտն ու օգտակարը: Անհագ հետաքրքրասիրությունը կլինի մեր փորձադրոշմը…

Շատ հաճախ մենք ժամեր ենք վատնում զվարճանքի ու հաճույքների վրա, արդարանալով հետևյալ մեղմախոսությամբ. «Ես մարտկոցներս եմ վերալիցքավորում»: Այդ ժամերը կարելի է ծախսել ընթերցանության և ուսումնառության վրա՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, հմտություններ և  մշակույթ… Հիշեք, թե երբ եք վերջին անգամ նստել վարսավիրանոցի, գեղեցկության սրահի կամ բժշկի սպասասրահում... Կարող եք լավագույնս օգտագործել այդ ազատ ժամանակը, եթե ձեզ հետ որևէ գիրք վերցնեք այնտեղ կարդալու համար» (Կրթություն իրական կյանքի համար», Հենրի Բ. Այրինգ, Ensign, October 2002):

Ընտանիքով քննարկեք, թե յուրաքանչյուրդ ինչպե՞ս կարող եք ավելի շատ ժամանակ նվիրել ուսումնասիրությանն ու սովորելուն:

Եզրափակեք, միասին կարդալով ՎևՈւ 130.18–19 հատվածները: Նշեք, որ գիտելիքը մեծ գանձ է, քանի որ այն ոչ միայն կարող է մեզ հաջողություն բերել մահկանացու կյանքում, այլև տանել մեզ դեպի հավերժություն:

Ուսումնասիրման լրացուցիչ նյութեր.

 


Հյուրասիրություն. Ծիրանով  և հնդկական ընկույզով սալիկներ

 

Բաղադրիչներ.

140 գրամ հնդկական ընկույզ

110 գրամ նուշ

280 գրամ ծիրանի չիր

1 թեյի գդալ վանիլին

Մի քիչ ջուր

Կոկոսի ոչ քաղցր փաթիլներ (ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակը.

Ծիրանի չիրը մի քանի ժամով թրջեք տաք ջրում: Նախօրոք ջեռոցը տաքացրեք 165°: Խոհանոցային մանրացնող սարքի մեջ մանրացրեք հնդկական ընկույզն ու նուշը: Քամեք ծիրանի չիրը և ավելացրեք դրանց վրա, ավելացրեք նաև վանիլինը: Խառնեք, հաճախակի ընդհատելով և քերելով պատերը: Եթե խառնուրդը շատ թանձր է, ավելացրեք 1–2 ճաշի գդալ ջուր: Մրգա-ընկուզային խառնուրդը լցրեք  յուղաթղթի վրա: Եթե օգտագործելու եք կոկոսի փաթիլներ, ապա այն սկզբում շաղ տվեք յուղաթղթի վրա: Խառնուրդից գունդ պատրաստեք՝ պտտելով յուղաթուղթը: Եթե կոկոսի փաթիլներ եք օգտագործելու, ապա գունդը դրսից ևս պատեք փաթիլներով: Յուղաթղթի մեկ այլ կտոր տեղադրեք գնդի վրա և տափակեցրեք խառնուրդը 1-1.5 սմ հաստությամբ շերտով: Ցանկության դեպքում ավելացրեք ավելի շատ կոկոսի փաթիլներ: Յուղաթղթի հետ միասին խառնուրդը տեղափոխեք թխվածքի ամանի մեջ և թխեք 25 րոպե: Սառեցրեք և կտրտեք քառակուսիներով:


Угощение изображение