Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Ուրախ ներում

Աստծո կողմից մեզ առաջարկվող ներումը փառավոր է, խաղաղեցնող, նույնիսկ ազատագրող ու ոգեշնչող։

image
Մաթիաս Ա. Ֆրոստ, Գերմանիա Տարածքային յոթանասունական, Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջան

Աստծո կողմից մեզ առաջարկվող ներումը փառավոր է, խաղաղեցնող, նույնիսկ ազատագրող ու ոգեշնչող։ Այն ոչ մի կապ չունի ատամները սեղմելու և մեր կրած չարիքը կուլ տալու, ոչ էլ ձևական մեծահոգության հետ։ Ճշմարիտ ներումը ընդլայնում է մեր տեսահորիզոնը, որպեսզի մենք կարողանանք ճանաչել և գնահատել անձամբ մեզ համար նախատեսված Աստծո ծրագիրը։

Հակոբի որդիները սկզբում մտադիր էին սպանել (1) Հովսեփին, սակայն փոխարենը նրան նետեցին դատարկ գուբի մեջ (2) և ապա՝ շահադիտական ​​ագահությունից դրդված, վաճառեցին ստրկության: (3) Եգիպտոսում նա բանտարկվեց իր բարոյական չափանիշների պատճառով: (4) Մի՞թե այս ամենը բավարար պատճառ չէր, որ Հովսեփը դառնանար։

image

Հովսեփը բանտից ազատվեց, քանի որ նա մեկնաբանեց փարավոնի երազը առատության յոթ տարիների, ապա սովի յոթ տարիների մասին: (5) Առատության յոթ տարիների ընթացքում նա հսկայական քանակությամբ պաշար էր կուտակել: (6) Սովի յոթ տարիների ընթացքում «բոլոր երկրներում սով էր, բայց ամբողջ Եգիպտոսում պաշար կար»։ (7) Հայր Հակոբը իր որդիներին ուղարկեց Եգիպտոս՝ ցորեն գնելու, որպեսզի նրանք կարողանան ապրել և չմեռնեն։ (8) Առևտուրն ավարտելուց հետո Հովսեփը փողը վերադարձրեց իր եղբայրների պարկերի մեջ։ (9) Հաջորդ անգամ, երբ նրա եղբայրները հացահատիկ գնեցին, ցանկացան վճարել առաջին հացահատիկի գնման գինը։ Սակայն Հովսեփը նրանցից առաջ անցավ. «Հանգի՛ստ եղեք, մի՛ վախեցեք. ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում»․ ես ստացել եմ ձեր փողը»։ (10) Հովսեփին զարմանալի կերպով հաջողվեց իր ողջ ընտանիքը բերել Եգիպտոս։ Նա արցունքների մեջ բացահայտեց իր ինքնությունը եղբայրներին՝ ասելով. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ. դուք ինձ վաճառեցիք Եգիպտոս տարվելու։ Հիմա մի՛ տխրեք ու մի՛ նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեր կյանքը պահպանելու համար [...] Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան»։ (11) Այդ ժամանակից ի վեր Հովսեփը առատորեն հոգ էր տանում իր մեծ ընտանիքի մասին։ Հոր՝ Հակոբի մահից հետո, նրա եղբայրները վախեցան նրա վրեժխնդրությունից և ներողություն խնդրեցին. «ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքը։ Հովսեփը լաց եղավ իրեն ասված նրանց այս խոսքերի համար։ […] Հովսեփն ասաց նրանց. Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։ Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ»։ (12)

Հովսեփի համար ներումը ուրախություն էր. եթե եղբայրները նրան ստրկության չվաճառեին Եգիպտոսում, նա երբեք չէր իշխի ամբողջ Եգիպտոսի վրա, երբեք չէր կարողանա փրկել հազարավոր մարդկանց կյանքը՝ կուտակված ցորենի շնորհիվ։ Երբ նրա եղբայրները ցանկացան վճարել հացահատիկի համար, նա չընդունեց գումարը, այլ եղբայրների հետ վերամիավորումը համարեց երկնային վարձատրություն։ Նա նույնիսկ իրեն չվերագրեց փողի գաղտնի վերադարձի պատասխանատվությունը, այլ բացատրեց, որ դա Աստծո նվերն է իր եղբայրներին։ Երբ նա բացահայտեց իր ինքնությունը, բացատրեց և գնահատանք հայտնեց Աստծո ծրագրի և իրեն տրված առաջադրանքների համար։ (13) Հետևաբար, նա իր եղբայրների դաժան վարքի պատճառով նրանց դեմ ոխ չպահեց։ Նա դա ընկալեց որպես դուռ, որի միջով կարող էր օրհնություն լինել իր ընտանիքի և հազարավոր այլ մարդկանց համար: (14) Հովսեփը երբեք չհրաժարվեց այս տեսակետից։ Նույնիսկ իր հայր Հակոբի մահից հետո նա վերահաստատեց իր եղբայրներին, որ չնայած նրանք չար մտադրությամբ էին գործել, դրանով Աստված իրեն հնարավորություն էր տվել օրհնելու շատ մարդկանց։

Այս տեսակետը որևէ կերպ նպատակ չունի արդարացնել, թերագնահատել կամ նույնիսկ աջակցել չարին։ Սակայն ազատագրող է, երբ մենք Աստծուն հրավիրում ենք մեր փորձությունների մեջ և Նրան հնարավորություն ենք տալիս մեր ցավի միջոցով օրհնություն լինել ուրիշների համար։ Փորձե՛ք։ Կայացրե՛ք գիտակցված որոշում։ Արժե՛ այդպես անել։


(1)  Ծնունդ 37․17-21։

(2)  Ծնունդ 37․24։

(3)  Ծնունդ 37․26։

(4)  Ծնունդ 39․8-20։

(5)  Ծնունդ 41․29-30։

(6)  Ծնունդ 41․49։

(7)  Ծնունդ 41․54։

(8)  Ծնունդ 42․2։

(9)  Ծնունդ 42․25։

(10) Ծնունդ 43․23։

(11) Ծնունդ 45․4-8։

(12) Ծնունդ 50․15-20։

(13) Համեմատել Վարդապետություն և Ուխտեր 59․21։

(14) Համեմատել Մովսես 5․11։