Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ 

Հրավիրելու ուրախությունը

Սիրեք մարդկանց, կիսվեք ձեր փորձառություններով և ուրախությամբ հրավիրեք նրանց ավելի մոտենալ Փրկչին։

image
Երեց Սամուել Կոիվիստո Տարածքային յոթանասունական, Եվրոպայի Հյուսիսային տարածաշրջան

Եվրոպայի Հյուսիսային տարածաշրջանի տեսլականն է՝ հրավիրել բոլորին` Փրկչին և սուրբ արարողությունները դարձնելու իրենց կյանքի կենտրոնը և ապրելու ուրախությամբ՝ համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի։

Սեպտեմբերյան մի օր ես և իմ կինը՝ Հելսինկիի (Ֆինլանդիա) տաճարի նախագահն ու մայրապետը, ուղևորվեցինք Լատվիայի Ռիգա քաղաք՝ մասնակցելու Բալթիայի համատեղ ժողովին, որը ղեկավարում էր նախագահ Քրիսթոֆերսոնը։ Օդանավակայանից մենք տաքսի վերցրինք դեպի քաղաքի կենտրոն։ Մեր վարորդը, որին ես կանվանեմ Մարեկ, երաժշտությունը բավականին բարձր էր միացրել։ Ցածր ձայնով ես նրան հարցրի քաղաքի մասին։ Նա ցածրացրեց ռադիոյի ձայնը, և մենք սկսեցինք զրուցել։ Մարեկը հարցրեց․ «Ինչո՞ւ եք եկել Ռիգա»։

Ես նրան ասացի, որ կիրակի օրը պետք է ելույթ ունենամ Եկեղեցում, որտեղ մեր ժամանակների ապրող առաքյալներից մեկը՝ նախագահ Քրիսթոֆերսոնը, նույնպես պետք է ելույթ ունենա։ Ես Մարեկին տվեցի Եկեղեցու հասցեն, որը նա մուտքագրեց իր հեռախոսի քարտեզում, և հրավիրեցի նրան միանալ մեզ այդ կիրակի։ Նա քաղաքավարի հրաժարվեց՝ ասելով, թե իր բակի սիզամարգը պետք է հնձի։ Ես առաջարկեցի, որ եթե նա գա Եկեղեցի կիրակի օրը, ապա շաբաթ օրը երկու երիտասարդ միսիոներների կուղարկեմ՝ նրա սիզամարգը հնձելու։ Նա կրկին հրաժարվեց՝ նշելով, որ չի կարող թույլ տալ, որ ուրիշները իրեն ծառայեն։ Ես հետաքրքրվեցի նրա կրոնական համոզմունքներով և իմացա, որ նա ընտանիք ունի՝ կին և երկու երեխա, որ նրանք հավատում են Աստծուն և Քրիստոսին ու փորձում են արդար կյանք վարել, սակայն հազվադեպ են հաճախում Եկեղեցի։ Ես շեշտեցի, որ մեր Եկեղեցին նախատեսված է ողջ ընտանիքի համար և հրավիրեցի նրան կիրակի օրը բերել իր ընտանիքի բոլոր անդամներին։ Նա դեռևս վարանում էր խոստում տալ, բայց ասաց, որ կմտածի այդ մասին։ Ես նրան հանձնեցի իմ այցեքարտը՝ հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցեով և Եկեղեցու կայքի հասցեով։ Հրավերն արդեն արված էր, և ես նրան ասացի, որ հարգում եմ նրա ազատ կամքը։

Կիրակի օրը՝ ժողովից առաջ, ես նայեցի շուրջբոլորը՝ փնտրելով իմ նոր ծանոթին, բայց չտեսա նրան։ Ես հանդես եկա ելույթով և կենտրոնացա մյուս ելույթները լսելու վրա։ Միջանկյալ օրհներգի ընթացքում դահլիճում նկատեցի Մարեկին։ Ձեռքս թափահարելով՝ ողջունեցի նրան, և նա նույնպես պատասխանեց ձեռքի թափահարումով։

Ժողովից հետո մենք հանդիպեցինք, և ինձ արդեն տրված էր նախագահ Քրիսթոֆերսոնի թույլտվությունը՝ Մարեկին ներկայացնելու իրեն։ Հաջորդ ակնթարթին երեց Այդուկայտիսը և նախագահ Քրիսթոֆերսոնը Մարեկին հանձնեցին Մորմոնի Գրքի լատվիերեն օրինակը, և նա լսեց գրքի ճշմարտացիության մասին առաքելական վկայությունը։ Միսիայի նախագահը ներկայացրեց տեղական միսիոներներին, որոնք Մարեկին տվեցին իրենց տվյալները և հայտնեցին, որ ցանկանում են հետագայում ավելի մանրամասնորեն զրուցել նրա հետ։ Հրավերը արված էր, և մենք յուրաքանչյուրս գնացինք մեր ճանապարհով։

image

Ի՞նչ ենք մենք սովորում այս պատմությունից։ Սիրեք մարդկանց, կիսվեք ձեր փորձառություններով և ուրախությամբ հրավիրեք նրանց ավելի մոտենալ Փրկչին։ Մենք հազվադեպ ենք հնարավորություն ունենում մարդկանց հրավիրել՝ հանդիպելու առաքյալի հետ, բայց կարող ենք օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից եկեղեցի գնալու ճանապարհին․ երբ ինչ-որ մեկը հարցնում է, թե ուր ենք գնում, ուրախությամբ ասենք նրանց մեր նպատակակետը և հրավիրենք մեր ընկերներին միանալ մեզ։

Փրկիչը Պետրոսին և Անդրեասին անձնական հրավեր հղեց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։¹ Երեք տարի անց Փրկիչն ասաց նրանց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք»։² Նույն հրավերը ուժի մեջ է մինչ օրս։

Տերը մեր օրերում ուսուցանել է․ «Բացեք ձեր բերանը և այն պիտի լցվի, և դուք կդառնաք ճիշտ ինչպես Նեփին՝ հնում, որը ճամփորդեց Երուսաղեմից անապատ:

Այո՛, բացեք ձեր բերանը և մի խնայեք, և ձեր մեջքը բեռնված պիտի լինի որաներով, քանզի, տեսե՛ք, ես ձեզ հետ եմ»։³

Հարկ չկա վախենալ ուրիշների արձագանքից, այլ պետք է վստահել, որ Տերը մեզ հետ է․
«… դու պետք է միշտ բացես քո բերանը՝ իմ գործի համար, չվախենալով, թե ինչ կարող է անել մարդը, քանզի ես քեզ հետ եմ»։⁴ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»։⁵

Մեր պարտականությունն է մեր կարողությունների ողջ չափով ապրել Քրիստոսի ավետարանին համապատասխան․ դա լավագույն միջոցներից մեկն է, որով կարող ենք հրավիրել մարդկանց մոտենալ Քրիստոսին։ Սուրբ Հոգին վկայում է, որ Աստված և Հիսուս Քրիստոսը ապրում են, և ավետարանի օրհնություններն ու սուրբ արարողությունները հասանելի են բոլոր մարդկանց։ Փրկչի առաքելությունն է բժշկել մարդկանց և հնարավորություն տալ, որ փրկության և վեհացման աշխատանքը իրականացվի մեզանից յուրաքանչյուրի համար՝ մեկ առ մեկ։

«Հետևաբար, շատ սիրելի՛ եղբայրներ, եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը»:⁶

Եկեք համարձակ լինենք մեր վկայության մեջ, երբ ձգտում ենք առաջ շարժվել ուխտի արահետով և մեր աշակերտության մեջ։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խրախուսել է մեզանից յուրաքանչյուրին մեծացնել մեր վստահությունը Աստծո առաջ. «Երբ մենք ջանասիրաբար ձգտենք, որ մեր կյանքը լցվի գթությամբ և առաքինությամբ, Աստծուն մոտենալու մեր վստահությունը կավելանա: Ես հրավիրում եմ ձեզ նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ Տիրոջ առջև ձեր վստահությամբ աճելու համար: Հետո, երբ աճող վստահությամբ գնանք մեր Երկնային Հոր մոտ, մենք կլցվենք ավելի շատ ուրախությամբ, և մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կավելանա: Մենք կսկսենք զգալ հոգևոր ուժ, որը գերազանցում է մեր ամենամեծ հույսերը»:⁷


1.         Մատթեոս 4․18–19։

2.         Մարկոս 16․15։

3.         Վարդապետություն և Ուխտեր 33․8–9։

4.         Վարդապետություն և Ուխտեր 30․11։

5.         Վարդապետություն և Ուխտեր 6․36։

6.         Վարդապետություն և Ուխտեր 123․17։

7.         Ռասսել Մ․ Նելսոն, «Վստահություն Աստծո ներկայության մեջ», ապրիլ 2025 թվականի գերագույն համաժողով (տես նաև Լիահոնա, մայիս 2025)։