Բեռլին, Գերմանիա

Հիսուս Քրիստոսի եկեղեցին 2023 թվականի Հատուկ օլիմպիական համաշխարհային խաղերում ներկայանում է ամենամեծ կամավորական խմբով

Ավելի քան 700 չափահաս երիտասարդներ կամավորագրվում են Բեռլինի Հատուկ օլիմպիական խաղերին աջակցող ծառայությունների համաժողովի միջոցով

Անցյալ շաբաթ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ավելի քան 700 չափահաս երիտասարդ անդամներ և ընկերներ հավաքվեցին Բեռլինում՝ ծառայությունների համաժողովին մասնակցելու համար, որը նվիրված էր 2023 թվականի Հատուկ օլիմպիական խաղերին կամավորագրվելուն: Որպես կամավորներ՝ նրանց նաև հրավիրեցին մասնակցելու Բեռլինի օլիմպիական խաղերի բացման մեծ արարողությանը, որտեղ շուրջ 50000 հանդիսատես կար:

Ծառայությունների համաժողովի մեկնարկը տրվեց 2023 թվականի հունիսի 16-ին՝ ուրբաթ օրը, և ավարտվեց հունիսի 25-ին՝ կիրակի օրը: Համաժողովի մասնակիցները եկել էին ամբողջ աշխարհից, մեծամասամբ՝ Եվրոպայից, ընդհանուր առմամբ ներկայացնելով 48 երկիր:

Երկու չափահաս երիտասարդներ՝ Դեն Վինքլերը Գերմանիայից և Տաբիթա Ավերսան Բրազիլիայից, Եկեղեցու համաժողովի կազմակերպչական թիմի անդամներ էին: «Այս համաժողովի բոլոր բաղկացուցիչ մասերը կենտրոնացած էին ուրիշներին օգնելու վրա», - ասում է Տաբիթան: «Մեր հիմնական ժամանակը ծախսում էինք ողջ օրվա ընթացքում Հատուկ օլիմպիական խաղերին աջակցելով, իսկ երեկոները մեր կողմից կազմակերպում էինք օժանդակ միջոցառումներ»,- շարունակում է նա։ «Հուսով եմ, որ բոլորը զգացին այն սերը, որն Աստված տածում է Իր բոլոր զավակների հանդեպ: Այդ սերը խթան հանդիսացավ, որ օգնեմ համաժողովի ընթացքում, և հուսով եմ, որ բոլոր մասնակիցները նույնն են զգացել, երբ ժամանակ են անցկացրել միասին և ինչ-որ լավ բան արել ուրիշների համար», - եզրափակում է Տաբիթան։

«Այս համաժողովը մի փոքր տարբերվում էր նրանից, ինչ մենք սովորաբար անում ենք, քանի որ այն ոչ միայն զվարճանալու, շփվելու կամ հոգեպես աճելու մասին էր, այլ նաև նրա, թե մեր ժամանակի, ունակության և տաղանդների առումով ինչ կարող էինք զոհաբերել ուրիշներին ծառայելով», - ասում է Դենը։ «Հատուկ օլիմպիական խաղերի ժամանակ մենք ծառայում ենք մեր հասարակության մարդկանց, ովքեր հատուկ աջակցության կարիք ունեն: Որոշ ոլորտներում նրանք ունեն թերություններ, ինչը պահանջում է ավելի բարձր մակարդակի պարտավորություն, քան սովորաբար մենք ստանձնում ենք նման համաժողովների ժամանակ»,- շարունակում է նա: «Հուսով եմ, որ բոլոր մասնակիցները զգացին ծառայության այդ առանձնահատուկ ոգին և կիսվեցին դրանով աշխարհի մյուս մարդկանց հետ: Սա կարող է դառնալ շատ ավելի մեծ բան, քան միայն համաժողովի լավ հիշողությունը․ այն կարող է դառնալ մի շարժում, որը սահմանների տարբեր կողմերում կմիավորի մեզ՝ մեր շրջապատի բոլոր մարդկանց հետ», - եզրափակում է Դենը։

Եկեղեցին Եվրոպայում տրամադրել է կացարան, սնունդ և սոցիալական միջոցառումներ համաժողովի բոլոր մասնակիցների համար, որոնց թվում էին 18-ից 35 տարեկան եկեղեցու անդամներ և ընկերներ: Հատուկ օլիմպիական խաղերի կազմակերպությունը տրամադրել է հասարակական և միջքաղաքային տրանսպորտ, սարքավորումներ կամավորների համար, ուսուցում և հանձնարարություններ ավելի քան 21 կամավորական դերերի համար: Կամավորները կարող էին կամավորագրվել կա՛մ հինգ օր կա՛մ խաղերի ամբողջ ժամանակահատվածի համար:

«Հիսուս Քրիստոսի Եկեղեցու նման մեծ խմբերի հետ համագործակցությունը հաճելի փորձառություն է և՛ խմբերի և՛ մեզ համար», - ասում է Օլիվեր Բյուտելը՝ Հատուկ Օլիմպիական խաղերի կամավորների ղեկավարը: «Խմբերը միշտ մնում են միասին և օգտակար են, քանի որ հուսալի են և վստահելի: Նրանք մեծ դեր ունեն կամավորական աշխատանքի մեջ»,- շարունակում է Բյուտելը: «Մենք հուսով ենք, որ Եկեղեցու օգնության շնորհիվ կբարձրանա հասարակության մեջ ընդգրկվելու իրազեկությունը՝ ոչ միայն բուն թեմայի կարևորության պատճառով, այլև այսպիսի բազմասպորտային միջոցառման մեծության և անհրաժեշտության պատճառով»:

Եկեղեցու ծառայությունների համաժողովին գրանցվելու համար բոլոր մասնակիցները նախ պետք է Հատուկ օլիմպիական խաղերում գրանցվեին որպես կամավորներ: Բեռլինի ութ պաշտոնական օլիմպիական վայրերում ամբողջ օրվա ընթացքում տեղի են ունեցել կամավորների հերթափոխեր: Երեկոները եկեղեցին կազմակերպում էր հասարակական միջոցառումներ, ներառյալ պարեր, երեկույթներ լողափին, բացօթյա կինոթատրոն, կարաոկե, սեմինարներ, ինչպես նաև երկրպագության մեծ ժողովներ կիրակի օրերին։

«Այս ամենը շատ օգտակար է, որից իմ տրամադրությունը բարձրանում է», - ասում է Սամուալ Տեսսան՝ մի երիտասարդ կամավոր Ֆրանսիայից: «Ընդհանուր առմամբ, մեր շուրջը այնքան դրական է: Մենք պարզապես հոգ ենք տանում միմյանց մասին և վե՛րջ», - շարունակում է Տեսսան:

Հատուկ օլիմպիական խաղերի կազմակերպության հետ համագործակցությունը ձեռք է բերվել Բեռլինում ծառայող ավագ միսիոներական զույգի պարզ իրազեկման շնորհիվ: Հիսուս Քրիստոսի Եկեղեցում տարբեր տարիքային խմբերի անդամները կարող են լրիվ դրույքով կամավորագրվել տարբեր հաստիքներում՝ բնակության վայրում կամ արտերկրում:

«Իմ մասնագիտությամբ աշխատել եմ որպես հատուկ կարիքներ ունեցող երեխաների մարզասրահի ուսուցիչ», - ասում է Ռոբերտ Սվիֆթը՝ մի ավագ միսիոներ Լաս Վեգասից: «Ես ցանկանում էի նման մի բան անել Բեռլինում իմ միսիայի ժամանակ և առցանց կարդացի, որ Հատուկ օլիմպիական խաղերը փնտրում են կամավորների: Մենք նրանց ասացինք, որ ունենք շատ չափահաս երիտասարդներ, ովքեր կցանկանային ծառայել համայնքին և որպես կամավոր աշխատել խաղերի ընթացքում», - շարունակում է Սվիֆթը:

Շուտով չափահաս երիտասարդները Եվրոպայում և ամբողջ աշխարհում իմացան այդ մասին և տարբեր երկրներից և մշակույթներից ցանկություն հայտնեցին հանդիպել միասին և օգնել ուրիշներին այս նշանակալից նախաձեռնության միջոցով: Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունը որոշեց հովանավորել հատուկ օլիմպիական խաղերին աջակցող այս ծառայությունների եզակի համաժողովը՝ չափահաս երիտասարդներին հնարավորություն տալով ցույց տալ իրենց սերը Աստծո հանդեպ՝ օգնելով ուրիշներին և զարգացնելով միասնության և պատկանելության զգացումը:

«Առաջին անգամն է, որ տեսնում եմ երիտասարդների նման մեծ խումբ, որն անում է ինչ-որ բան այդքան լավ, այդքան հաճելի և այդքան ջանասեր, ոչ միայն որպես եկեղեցի, այլ բաց աշխարհի համար՝ համայնքի հետ միասին և համայնքի համար», - ասում է երեց Դե Ֆեոն՝ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի Տարածաշրջանի նախագահը: «Սա մի բան է, որ մենք պետք է ավելի ու ավելի շատ անենք ապագայում», - շարունակում է նա։ «Երբ մենք ծառայում ենք համայնքում, մենք օգնում ենք Հիսուս Քրիստոսի նման, և, հետևաբար, մենք զգում ենք, որ կարող ենք ավելի նմանվել Նրան և մեր էությունը փոխվում է»:

Երբ նրան հարցնում են Եվրոպայի այլ տարածքներին օգնելու իր հույսերի մասին, երեց Դե Ֆեոն ասում է. «Կարծում եմ, որ մենք պետք է տարածենք ուրիշներին օգնելու կարիքն ու զգացումը, որպեսզի ավելի շատ բորբոքենք այդ դրական զգացմունքները ուրիշների մեջ: Դա կդառնա հոգևոր ազդակ և շատերը ցանկություն կհայտնեն օգնել ուրիշներին: Երբ մենք համախմբվենք և շարունակենք բարիք գործել, մենք կարող ենք մեծ գործեր իրագործել», - եզրափակում է երեց Դե Ֆեոն:

Հատուկ օլիմպիական համաշխարհային խաղերը աշխարհի ամենամեծ ներառական մարզական միջոցառումն է, որտեղ սահմանափակ հնարավորություններ ունեցող 7,000 մարզիկներ մրցում են 26 մարզաձևերում։ Այս տարի ավելի քան 12000 կամավորներ ամբողջ աշխարհից աջակցել են խաղերին: