Միջոցառում

Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք բացել իրենց Աստվածաշնչում Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլուխը: Ասացեք նրանց, որ երբ Հիսուսը կերակրեց 5000 մարդու, հաջորդ օրը մարդկանց մի մեծ ամբոխ եկավ Նրան փնտրելու: Խնդրեք նրանց կարդալ Հովհաննեսի 6.26-27 հատվածները: Հարցրեք.
· Ի՞նչ էր պատահել այս մարդկանց: Մի՞թե լավ չէր, որ նրանք ցանկանում էին գտնել Քրիստոսին:
Բացատրեք, որ Հիսուսը գիտեր, որ նրանք չէին եկել Իրեն լսելու հավատքից դրդրված, այլ ավելի շուտ հետաքրքրված էին անվճար սնունդով: Նա ուսուցանեց նրանց, որ նրանք չպիտի փնտրեն աշխարհիկ բաները, որոնք ժամանակավոր են: Շատ ավելի կարևոր է, որ նրանք հավերժական կյանք փնտրեն (տես Հովհաննես 6. 40):
Միասին կարդացեք Հովհաննես 6.35 հատվածը: Հարցրեք ձեր ընտանիքին.
· Ո՞րն է տարբերությունը հաղորդության հացի ու ջրի և այն հացի ու ջրի միջև, որ մենք ուտում և խմում ենք առօրյա կյանքում:
· Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց , որ նրանք, ովքեր կգան Իր մոտ, երբեք չեն քաղցի ու չեն ծարավի:
Բացատրեք. հացը սնուցում է մեզ և կյանք տալիս մեր ֆիզիկական մարմիններին: Երբ Քրիստոսը քավեց մեր մեղքերը, Նա միջոցներ ապահովեց, որոնք հոգևոր առումով կաջակցեն մեզ հավերժության մեջ: Հիսուս Քրիստոսը կյանքի Հացն է, իսկ հաղորդության հացը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը:
Հարցրեք ձեր ընտանիքին.
· Ներկայիս մեր օրերում մենք ո՞ւր ենք գնում, երբ փնտրում ենք Քրիստոսին:
Ընդունեք բոլոր պատասխանները: Նշեք, որ Քրիստոսին փնտրելու ուղիներից մեկը եկեղեցու ժողովներին հաճախելն է: Հարցրեք.
· Եթե Քրիստոսը գար մեր եկեղեցու ժողովին, արդյո՞ք կպարզեր, որ մենք կատարում ենք նույն սխալները, որոնք Նա նկատեց Հովհաննեսի 6.26-27 հատվածներում նշված ժողովրդի մեջ:
· Արդյո՞ք դուք միշտ գալիս եք հաղորդության ժողովներին, քանի որ հավերժական կյանք եք փնտրում:
Կարդացեք հետևյալ մեջբերումը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի «Հաղորդության ժողովը և հաղորդությունը» ելույթից, որը նա տվել է 2008 թվականի գերագույն համաժողովի ժամանակ:
«Ես զգում եմ, որ աճող սերնդից ոմանք և անգամ մեծահասակներից շատերը դեռևս չեն ըմբռնել այս ժողովի նշանակությունը և անհատական պատկառանքի և երկրպագության կարևորությունը ժողովի ընթացքում,… ես անհրաժեշտ եմ զգում ուսուցանել… նրանց, ովքեր դեռևս չեն ըմբռնել և չեն կիրառում այս կարևոր սկզբունքները և դեռևս չեն վայելում Նրա առաջնորդող Հոգին միշտ իրենց հետ ունենալու խոստացված հոգևոր օրհնությունները» (Դալլին Հ. Օուքս, «Հաղորդության ժողովը և հաղորդությունը», Լիահոնա, նոյ. 2008):
Առաջարկեք ձեր ընտանիքի անդամներին միասին դիտել Երեց Օուքսի «Հաղորդության ժողովը և հաղորդությունը» ելույթը կամ կարդալ այն ու քննարկել, թե ձեզանից յուրաքանչյուրը ինչ նկատեց, որ կարող է իր կամ ընտանիքի համար հատկապես կարևոր լինել:
Դուք կարող եք նաև խնդրել ձեր ընտանիքի անդամներին կարդալ կամ աչքի անցկացնել Յոթանասունից Պիտեր Ֆ. Մըրսի «Հաղորդության ժողովը կարող է օգնել մեզ սուրբ դառնալ» ելույթը 2016թ. հոկտեմբերի համաժողովից, և կարող եք ուղղել հետևյալ հարցերը.
· Երեց Մըրսն իր ելույթում ո՞ր հինգ եղանակներն է առաջարկել, «որոնք կմեծացնեն սուրբ հաղորդության արարողությանը կանոնավոր մասնակցելու ազդեցությունը և զորությունը»:
· Ո՞ր հինգ հարցերը կարող ենք ուղղել մեզ, «երբ մենք խորհում ենք հաղորդության մեր փորձառության մասին»:
Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել նրանով, թե ինչն է օգնում նրանց ավելի շատ օգուտ քաղել հաղորդության ժողովից և ինչը նրանք կցանկականային ավելի լավ կատարել: Կիսվեք ձեր փորձառությամբ և զգացմունքներով:
Հյուրասիրություն. Բանանով տորթ
-
· ¾ բաժակ կարագ
· 2⅛ բաժակ սպիտակ շաքարավազ
· 3 ձու
· 2 թեյի գդալ վանիլին
· 3 բաժակ ալյուր
· 1½ թեյի գդալ կերակրի սոդա
· ¼ թեյի գդալ աղ
· 1½ բաժակ թան
· 2 թեյի գդալ լիմոնի հյութ
· 1½ բաժակ տրորած բանան
Ջեռոցը նախօրոք տաքացրեք 135°C. Յուղապատեք 22 x 33–սմ ամանը: Խառնեք տրորած բանանը և լիմոնի հյութը ու դրեք մի կողմ:
Մեկ այլ ամանի մեջ հարեք կարագը և շաքարավազը մինչև փափկի և փրփրի: Հարելով ավելացրեք ձուն, ապա վանիլինը: Հետո ավելացրեք ալյուրը, ապա թանը, իսկ հետո բանանը: Լցրեք յուղապատ ամանի մեջ:
Թխեք նախօրոք տաքացված ջեռոցում 1 ժամ կամ մինչև ատամմաքրիչը չոր դուրս գա թխվածքի կենտրոնից: Հանեք ջեռոցից և անմիջապես տեղադրեք սառցախցիկում 45 րոպե: Սա թխվածքը կդարձնի շատ խոնավ:
