Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Խաղաղություն զգալ փոթորիկների մեջ

Storms
Elder Poznanski
Երեց Ֆրանկ Պոզնանսկի, Ֆրանսիա Տարածքային Յոթանասունական, Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջան

Մի քանի տարի առաջ գիշերը մեծ փոթորիկ բարձրացավ, և ուգին քամին փչում էր մեր տան վրա։ Ընդամենը մի քանի րոպեից և կայծակի մի քանի հարվածներից հետո մեր փոքրիկ Մանոնը մեզ հետ անկողին մտավ։ Կինս՝ Վերոնիկը, ցանկանալով հանգստացնել մեր դստերը, նրան տարավ պատուհանի մոտ և ասաց. «Մի՛ վախեցիր, տես, թե ինչ գեղեցիկ են երկնքի լույսերը»: Բայց հենց այդ պահին կայծակի շանթը սարսափելի ճեղքվածք առաջացրեց երկնքում։ Վերոնիկը վախից հետ քաշվեց, իսկ Մանոնն ավելի սարսափեց։

Երբ այդ գիշեր դիտում էի բնության տարրերի զորությունը, ես մտածում էի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ բոլոր բաների Արարիչի մասին: Ես նաև մտածում էի մեր Երկնային Հոր մասին, ով տվեց Իր Միածին Որդուն՝ մեզ փրկելու համար: Նրանք կատարեցին տիեզերքի ամենակարևոր գործողությունը՝ մեզ համար բացելով հավիտենական կյանքի ճանապարհը:

Այնուհետև ես մտածեցի Մովսեսի մասին, որին պատել էր վախը, երբ Փրկիչը խնդրեց նրան ազատել Իսրայելը: Տերն ասաց նրան․

«Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։ Իսկ հիմա գնա՛. ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»։ [i]

Տիրոջ ձայնը հավանաբար որոտի նման անցավ Մովսեսի ողջ մարմնով։ Մովսեսի նման մենք պարտավոր ենք հավաքել Իսրայելը խաղաղության երկրում՝ Սիոնի ցցերի մեջ: Մենք պետք է առաջ շարժվենք հավատքով՝ անկախ այն բանից, թե ինչպիսին է արտահայտվելու մեր կարողությունը: Արդյո՞ք մենք ունակ ենք զգում անելու այն, ինչ Տերն է ցանկանում: Կարո՞ղ ենք արդյոք զգալ մեր պատասխանատվությունը Իսրայելի հավաքման գործում։ Իհարկե, դա սկսվում է մեզանից, մեր կողակցից և մեր զավակներից:

Մինչ կինս ու դուստրս շատ վախեցած էին փոթորկից, ես մտածեցի. «Հուսով եմ, որ հիմա անձրև է գալիս, քանի որ շատ շոգ է եղել»: Տարբեր հեռանկարները հանգեցնում են տարբեր գործողությունների: Որտե՞ղ ենք մենք կանգնած, երբ կյանքը մեզ չի տանում ամենահեշտ ճանապարհով կամ այն ​​ճանապարհով, որով մենք ուզում էինք գնալ: Երբ փոթորիկը գնալով ավելի կատաղի էր դառնում, ես մտածում էի նաև Ջոզեֆ Սմիթի մասին, որը հաճախ ծանրաբեռնված էր այն բոլոր պարտականություններով, որոնք իրեն էին տրվել այդքան երիտասարդ տարիքում: Նա հաճախ ծնկի էր գալիս՝ աղաչելու մեր Երկնային Հորը: Թերևս ամենահուզիչ պահերից մեկը տեղի ունեցավ Լիբերթիի բանտում, երբ նա լքված էր զգում Տիրոջ կողմից: Տերն ասաց նրան.

«Եվ եթե քեզ գցեն հորը կամ մարդասպանների ձեռքը, և մահվան դատավճիռն անցնի վրայովդ. եթե քեզ գցեն ջրանդունդը. եթե բարձրացող ալիքը դավ նյութի քո դեմ. եթե կատաղի քամիները դառնան քո թշնամին. եթե երկինքները մթնեն, և բոլոր տարրերը համախմբվեն՝ ճանապարհը խոչընդոտելու. և այդ ամենից բացի, եթե դժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդի՛ս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար: Մարդու որդին իջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա: … հետևաբար, մի վախեցիր նրանից, ինչ կարող է անել մարդը, քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»: [ii]

Այս խոսքերը հավանաբար որոտի հարվածի նման զգացվեցին նրա հիվանդ ու հոգնած մարմնում։ Բայց քանի որ դրանք եկել էին մեր Փրկչից, նրան ուժ և հույս տվեցին, որ անհրաժեշտ էին առաջ շարժվելու համար՝ չնայած իր դժվարություններին: Արդյո՞ք մենք բավականաչափ ծնկի ենք գալիս, որպեսզի ստանանք Նրա ուժն ու հույսը:

Տերը հաճախ օգտագործում է Սուրբ Հոգու մեղմ, հանդարտ ձայնը՝ մեզ հետ խոսելու, մխիթարելու, զգուշացնելու, առաջնորդելու և հանգստացնելու համար: Նա դա անում է կասկածի պահերին, բայց նաև շփոթության, հուսահատության կամ նեղության ժամանակ: Որպեսզի վստահ լինենք, որ միշտ լսում ենք այս մեղմ ձայնը, մենք պետք է սովորենք լսել այն, ավելի ճիշտ՝ զգալ այն հանգիստ պահերին: Այնուհետև, որքան էլ մեղմ լինի այն, կայծակի շանթի նման կթափանցի մեր սրտերն ու մտքերը:

Այս ամենը ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:


[i] Ելք 4․10–12

[ii] ՎևՈւ 122․7–9