
Դասը սկսեք հետևյալ հարցով.
- Կարո՞ղ եք նկարագրել որևէ կատարյալ ընտանիք:
Ուշադիր լսեք բոլոր պատասխանները: Ապա կարդացեք Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը.
«Վերականգնված ավետարանի միջոցով մենք իմանում ենք, որ գոյություն ունի կատարյալ ընտանիք: Դա այն ընտանիքն է, որը կազմված է Մելքիսեդեկյան Քահանայության արդար կրողից և արդար կնոջից, ով կնքված է նրա հետ, և երեխաներից, ովքեր ծնվել են ուխտի մեջ կամ կնքված են նրանց հետ» («Կարևոր բաներն առաջին տեղում», Ռիչարդ Գ. Սքոթ, 2001թ. ապրիլի գերագույն համաժողով):
Հարցրեք.
- Ինչպե՞ս եք հասկանում «կնքվել» բառը:
- Կարո՞ղ եք կնքման որևէ օրինակ բերել ձեր ամենօրյա կյանքից: (Օրինակները մտածեք նախքան դասի սկսվելը, ինչպես օրինակ՝ ծրարի կնքումը:)
Ասացեք ձեր ընտանիքին, որ Փրկիչը նկարագրեց կնքման զորությունը, երբ Նա խոսեց Իր առաքյալ Պետրոսի հետ: Կարդացեք և քննարկեք Մատթեոսի 16.19 հատվածը:
- Ինչո՞ւ եք կարծում, որ այն ընտանիքը, որը կնքված է կամ կապված այսպիսի զորությամբ, կարող է կատարյալ համարվել:
Հիշեցրեք ձեր ընտանիքին, որ ցանկացած սիրային պատմության իդեալական ավարտն այն է, որ «նրանք ապրեցին ուրախ ու երջանիկ կյանքով»: Իդեալական պատմությունը չի ավարտվում այսպիսի արտահայտությամբ. «Եվ նրանք երջանիկ ապրեցին, մինչև նրանցից մեկը մահացավ»: Նույնիսկ հետևյալ ավարտը՝ «և նրանք մահացան մեկ օրում» այնքան էլ իդեալական չի թվում:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Երբևէ եղե՞լ է մի տղամարդ, ով իսկապես սիրել է մի կնոջ, կամ մի կին, ով իսկապես սիրել է մի տղամարդու,որը չի՞ աղոթել, որ իրենց կապը շարունակվի մահից հետո: Երբևէ իրենց զավակին կորցրած ծնողներն արդյո՞ք չեն փափագել հավաստիացում ստանալ, որ իրենց սիրելին նորից իրենց հետ կլինի գալիք աշխարհում: Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը, ով հավատում է հավերժական կյանքին, կասկածել, որ երկնքի Աստվածը կպարգևատրի իր որդիներին ու դուստրերին կյանքի այդ թանկարժեք պարգևով՝ սիրով, որն իր իմաստալից արտահայտությունն է գտնում ընտանեկան հարաբերություններում: Ոչ, պատճառը պահանջում է, որ ընտանեկան հարաբերությունները շարունակվեն մահից հետո: Մարդկային սիրտը փափագում է այն, իսկ երկնքի Աստվածը բացահայտել է ուղին, որի օգնությամբ այն կարող է պահպանվել: Տիրոջ տան սուրբ արարողությունները այն հնարավոր է դարձնում» («Ինչո՞ւ այս տաճարները», Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տաճարներ [1988], 4):
- Ձեր կարծիքով, տաճարում միասին կնքվելն ինչպե՞ս կարող է ազդել ընտանիքի ամենօրյա մտքերի ու գործողությունների վրա:
- Ըստ ձեզ՝ ընտանիքն ի՞նչ օրհնություններ կստանա տաճարային կնքումից հետո:
- Արդյո՞ք տաճարային կնքումը երաշխավորում է, որ ընտանիքը երջանիկ կապրի մինչև իր օրերի վերջը և միասին կլինի հավերժության մեջ:
Նշեք, որ տաճարային կնքման խոստումները ստանալու համար մենք պետք է պահենք մեր ուխտերը: Կարող եք կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հայտարարությունը. «Եթե մարդը խախտում է ուխտը, լինի դա մկրտություն, կարգում, ամուսնություն կամ մեկ այլ բան, Հոգին հեռացնում է հաստատման կնիքը և օրհնությունները չեն ստացվում» (Փրկության վարդապետություններ, 1.45):
Որևէ մեկը թող կարդա ՎևՈւ 130.1–2 հատվածները: Հարցրեք.
- Եթե «այդ նույն շփումը, որը գոյություն ունի մեր միջև այստեղ, գործի մեր միջև այնտեղ», կցանկանայի՞ք ինչ-որ բան փոխել ձեր ընտանիքում:
Նախագահ Հենրի Բ. Այրինգն այս հատվածների մասին ասել է հետևյալը. «Այս սուրբ գրությունը ներշնչում է այն միտքը, որ մենք կարող ենք մեր ընտանեկան հարաբերություններում վստահաբար ձգտել երկնային չափանիշների: Մենք կարող ենք բավականաչափ մտահոգվել մեր ընտանիքի անդամների` ապրողների և մահացածների համար, անելով հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջարկենք նրանց քահանայության արարողությունները, որոնք կմիավորեն մեզ երկնքում…
Մենք մեր ընտանիքներին պարտական ենք այնպիսի հարաբերություններ, որոնք մենք կարող ենք տանել Աստծո ներկայություն: Մենք պետք է փորձենք չվիրավորել և չվիրավորվել: Մենք կարող ենք որոշել ներել ի սկզբանե և ամբողջովին: Մենք կարող ենք փորձել փնտրել երջանկություն ավելի շատ ուրիշների, քան մեզ համար: Մենք կարող ենք լինել սիրալիր մեր խոսքում: Երբ մենք փորձենք անել այս բոլոր բաները, մենք կհրավիրենք Սուրբ Հոգին մեր ընտանիքներ և մեր կյանք»:
(«Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել», Հենրի Բ. Այրինգ, Լիահոնա, հունիս 2015):
Եթե ձեր ընտանիքի անդամները դեռ չեն կնքվել, հրավիրեք նրանց քննարկել այն քայլերը, որոնք նրանք կարող են կատարել այդ արարողության կատարման ուղղությամբ:
Եթե դուք արդեն կնքված եք տաճարում, խնդրեք ձեր ընտանիքին քննարկել, թե դուք ինչպես կարող եք պահպանել ձեր հավերժական ընտանիքի տեսիլքը և աշխատել լավացնել ձեր հարաբերությունները միմյանց հետ:
Տաճարի և ձեր ընտանիքի նկարը դրեք աչքի ընկնող տեղում, որ ձեզ հիշեցնեն ձեր սիրո և այն խոստումների մասին, որոնք Տերն է ձեզ տվել:
Լրացուցիչ առաջարկներ
Կարդացեք կամ դիտեք հետևյալ ելույթներից մեկը.
- «Տաճարի հավերժության հայելիները. Վկայություն ընտանիքի մասին» , Գերի Վ. Գոնգ, 2010 հոկտեմբերի գերագույն համաժողով
- «Կարևոր բաներն առաջին տեղում», Ռիչարդ Գ. Սքոթ, 2001 ապրիլի գերագույն համաժողով
Հյուրասիրություն. Կիտրոնով խորանարդիկներ
Խառնեք 2 բաժակ ալյուրը, 1 բաժակ շաքարավազը և 1 բաժակ հալած կարագը և խառնուրդը տափակացրեք 22 x 33 սմ յուղապատ ամանի մեջ: Թխեք 175°ջերմաստիճանում 15 րոպե:
Հարեք 4 ձու մինչև սպիտակի: Խառնեք 2 բաժակ շաքարավազը, 2 թեյի գդալ կերակրի սոդան և ¼ բաժակ ալյուրը: Այս խառնուրդը լցրեք ձվերի վրա: Ավելացրեք ¾ բաժակ կիտրոնի հյութ: Լցրեք թխված չորակի վրա և դրեք ջեռոցը: Թխեք 30 րոպե: Վրան ցանեք շաքարի փոշի: Տեղադրեք սառնարանում 1–2 ժամ մինչև քարանա:
