Վարշավա, Լեհաստան

Երեց Ուխդորֆն Լեհաստանում գտնվող ուկրաինացի փախստականներին ասում է, որ Աստված նրանց հետ է

Նա ասում է, որ այդ փախստականներն աշխարհի համար օրինակ են բարության, վճռականության և լույսի

Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից, Լեհաստանում Քրիստոսակենտրոն հույսի ուղերձ է հղում ուկրաինացի փախստականներին կիրակի օրը՝ 10 ապրիլի 2022 թ-ին։

Առաքյալը, որը երկու անգամ փախստական է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ամբողջ օրվա ընթացքում Եկեղեցու անդամների հետ կիսվել է Քրիստոսի լույսով և հույսով: Հատուկ փախստականների համար Վարշավայում կազմակերպված հոգևոր հավաքի ժամանակ նա կարդաց Նոր Կտակարանի մի հատված, որն ուղղակիորեն խոսում է փախստականների ծանր վիճակի մասին: Օրինակ, Հռովմեացիս 8-րդ գլխում Պողոս Առաքյալը հարցնում է․ «Ո՞վ կբաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր»: Իսկ հետո պատասխանում է, որ ոչինչ չի կարող «մեզ բաժանել Աստծո սերիցը՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»:

Երեց Ուխդորֆն ասաց ուկրաինացի փախստականներին, որ այս սուրբ գրությունը «նույնքան ճշմարիտ և արդիական է, որքան 2000 տարի առաջ: Եվ դա ճշմարիտ է եղել դրանից հետո մինչ մեր օրերը։… Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը խաղաղություն կտա ձեր սրտում, որպեսզի կարողանաք անվնաս հաղթահարել այս ամենն այնպես, որ կարողանաք ժպտալ ձեր երեխաներին: Իսկ երբ ամուսինդ, հայրդ, ընկերդ քեզ հետ չեն, կարող ես մտածել ու աղոթել նրանց համար։ Եվ երբ նորից միավորվեք, կասեք. «Ես գիտեի, որ դա տեղի կունենա, որովհետև հավատում եմ, որ լավ բաներ նորից տեղի կունենան բոլորիս կյանքում»: Եվ ձեր համար լավ բաներ տեղի կունենան։

Ծնունդով գերմանացին նաև մատնանշեց այն պատմությունը, որ Հիսուսը հանդարտեցնում էր փոթորիկը և ծովը իր անհանգստացած աշակերտների խնդրանքով (տես Մարկոս 4):

«Մի փոթորիկ հանկարծ առաջացավ, ինչպես հիմա ձեր փոթորիկը», - ասաց Երեց Ուխդորֆը: «[Ի՞նչ ասաց Հիսուսը] Իր Առաքյալներին [փոթորիկը հանդարտեցնելուց հետո]: Ի՞նչպէս հաւատք չունիք»: Բայց դժվար է այն ժամանակ, երբ նավը խորտակվում է: Բայց դա այն է, ինչ Նա ասաց։ Եվ Նա հանդարտեցրեց ծովը: Այսպիսով, նրանք դաս սովորեցին, որ պետք է հավատան և հավատք ունենան»։

Այնուհետև Երեց Ուխդորֆը փախստականների իրավիճակը համեմատեց Հիսուսի մահից և հարությունից հետո Տիբերիայի ծովում գտնվող աշակերտների վիճակի հետ (տես Հովհաննես 21): Առաքյալները հուսահատված էին։ Նրանց Մեսիան մահացել էր: Նրանք չգիտեին ինչ անել:

«Ամեն ինչ ավարտված էր։ Ամենավատ սպասելիքները կատարվեցին։ Ես չեմ կարող պատկերացնել, թե նրանք ինչ էին զգում, ինչպես ես չեմ պատկերացնում, թե ինչ եք դուք զգում [որպես փախստականներ այսօր]», - ասաց Երեց Ուխդորֆը: «Նրանք շատ անհանգստացած էին լճի վրա, երբ փորձում էին ձուկ որսալ, ինչում իրենց կարծիքով հմտացած էին, սակայն ոչինչ չկարողացան բռնել: Հնարավոր է դուք նույն կերպ եք զգում հիմա։ Դուք չեք կարողանում անել այն, ինչ սովորաբար անում եք»։

Եվ ինչպես Հիսուսն ասաց այդ Առաքյալներին, որ ձուկ գտնելու համար իրենց ցանցը նետեն նավի մյուս կողմում, այնպես էլ այս փախստականները կարող են լույս փնտրել ոչ սովորական ձևերով:

«Բաց եղեք հարմարվելու համար», - ասաց Երեց Ուխդորֆը: «Իմացեք, որ Փրկիչը սիրում է ձեզ: Նա գիտի ձեր զոհաբերության մասին: Նա պատրաստ է գրկել ձեզ Իր ձեռքերով՝ Իր սիրով»։

Առաքյալն ասաց փախստականներին, որ նրանք «բարության, ազատագրման ու ազատության ճանապարհը բռնելու վճռականության և ճիշտը պաշտպանելու օրինակ են, ինչպես նաև լույս են շատ ազգերի համար»: Շատերը, ասաց նա, կնայեն ձեզ և կասեն. «Եթե նրանք կարող են դա անել, մենք նույնպես կարող ենք դա անել»: Նա խրախուսեց նրանց չթերագնահատել իրենց օրինակը: «Իմացեք, որ Աստված ձեզ հետ է», - ասաց նա: «Նա կօրհնի ձեզ։ Եվ վերջում Նա ամեն ինչ կուղղի, ինչպես միշտ է անում: Միգուցե ոչ մեր ժամանակացույցով: Բայց, անշուշտ, Իր ժամանակացույցով»:

Երեց Ուխդորֆը հորդորեց փախստականներին զայրույթը հաղթել սիրով, ատելությանը պատասխանել բարությամբ, իսկ սուտը հաղթահարել ճշմարտությամբ:

«Առաջ շարժվեք կյանքում, վստահեք Աստծուն և հավատացեք Նրան», - ասաց նա: «Ես օրհնում եմ ձեզ, որ տեսնեք, թե ինչպես է Տիրոջ ձեռքը առաջնորդում ձեզ այս կյանքում»:

Երեց Ուխդորֆի կինը՝ Հարիեթը, նույնպես խոսեց փախստականների հետ: Նա ասաց. «Ես գիտեմ, որ Երկնային Հայրը տեղյակ է ձեր մասին: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը սիրում է ձեզ՝ ձեզանից յուրաքանչյուրին: Նա իսկապես սիրում է ձեզ… դուք մենակ չեք»:

Փախստականներից մեկը՝ Մարինա Բովտը, ասաց, որ Երեց Ուխդորֆի այցը «մեծ աջակցություն էր ուկրաինացի ժողովրդին»: Առաքյալի ներկայությունն օգնեց նրան տեսնել, որ Եկեղեցին հասկանում է ոչ միայն իր ժողովրդի կարիքները, այլև նրանց զգացմունքները:

Մարինան նաև ասաց, որ Երեց Ուխդորֆի խոսքերը բանալի են, որոնք կօգնի նրանց դիմանալ գալիք դժվարին օրերին:

«Գիտե՞ք, շատ դժվար է սիրել բոլորին, հասկանալ բոլորին, երբ մեր ժողովուրդը տառապում է», - ասաց նա: «Ես հասկանում եմ, որ միակ ճանապարհը Քրիստոսի մի մասնիկը լինելն է»:

Լեհաստանում գտնվող Սրբերն Ուկրաինայից ժամանած փախստականներին օգնում են սննդի, ջրի, դեղորայքի, ապաստանի և այլ կարիքների հարցում:

Վարշավայում ապրող Մարչին Կուլինիչը ֆեյսբուքյան էջ է բացել, որտեղ այժմ փախստականներին աջակցում է 9000 մարդ: Մինչ օրս նրա խումբը բավականաչափ պաշար է հավաքել Լվով և Կիև վեց բեռնափոխադրում իրականացնելու համար: Նա ասել է, որ Աստծո ձեռքը կարելի է տեսնել այս խավարի ժամանակներում, քանի որ մարդկանց միջև մեծանում է վստահության լույսը:

«Պատերազմի ժամանակ մարդիկ պետք է ավելի շատ վստահեն միմյանց: … Ինձ պետք էր մի քանի ուրիշ մարդկանց վստահել»,- ասաց նա: «Իսկ, երբեմն, շատերն ինձ վստահեցին իրենց և իրենց սիրելիների կյանքը, երբ ես փախստականներ էի բերում այստեղ՝ Լեհաստան: Ես ուղեկցում էի այլ մարդկանց կանանց և երեխաներին»:

Մարչինն ասաց, որ կարևոր է հիշել, որ փախստականներին օգնելը մարաթոնյան վազք է, ոչ թե արագավազք է:

«Պատերազմի ժամանակ փախստականներին օգնելը և պատերազմի ժամանակ վերակառուցումը երկարաժամկետ ջանքեր են», - ասաց նա: «Շատերն են ցանկանում կենտրոնանալ կամավոր աշխատանքի և ներդրումների վրա և դա հիանալի է: Բայց սա մի բան է, որը կտևի տարիներ, և մենք իսկապես պետք է պատրաստ լինենք հեռավար վազքի»:

Մեկ այլ կամավոր՝ Ագնեշկա Մազուրովսկան Վարշավայից, ասել է, որ ուրախ է օգնել և լսել:

«Ես հասկանում եմ, որ օգնել նշանակում է սիրել մարդկանց: Եվ ես սիրում եմ բոլոր մարդկանց ամբողջ աշխարհում», - ասել է նա: «Եվ երբ տեսնում եմ միայնակ մոր իր երեխաների հետ, կամ տեսնում եմ հղի կնոջ իմ առջև, ես զգում եմ, որ շատ եմ սիրում նրանց և պետք է աջակցեմ նրանց: Սա է իմ պարտականությունն է։ Ես հավատում եմ Քրիստոսին, ուստի փորձում եմ ապրել Նրա նման․ ես այսպես եմ վարվում»: