Տարածաշրջանի ղեկավարների ժողով 

Գթություն՝ Քրիստոսի մաքուր սերը 

Մեր աշխարհը, կարծես, ավելի ու ավելի հակված է կենտրոնանալու ինքն իր վրա, արագ է դատում և նույնքան արագ է հանդիմանում ու հարձակվում այլ կարծիք ունեցողների վրա։

Elder Martin J. Turvey
Երեց Մարտին Ջ. Թուրվի, Միացյալ Թագավորություն Տարածքային Յոթանասունական, Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջան

Եսային, մարգարեանալով Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաքելության մասին, ասել է՝ «ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին. հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու»։1 

Ալման, փախչելով Նոյ թագավորի քահանաներից, շարունակեց գաղտնի քարոզել ավետարանը։ Նրանք, ովքեր հավատացին, նրա հետ գնացին դեպի Մորմոնի ջրերը, որտեղ շատերը մկրտվելու ցանկություն հայտնեցին։ Այնուհետև Ալման բացատրեց, թե իրականում ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը, …… կրել մեկը մյուսի բեռները, որ դրանք թեթև լինեն, …… սգալ նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության։2 

Նմանատիպ ուղերձները ցույց են տալիս, որ մեր մահկանացու փորձառությունը դժվարություններ և վիշտ կբերի մեզանից յուրաքանչյուրին, և որ մենք սրբազան պարտականություն ունենք հոգ տանելու միմյանց մասին այդ ժամանակներում։  

Շատ տարիներ առաջ մեր չորս տարեկան որդին լուրջ վթարի ենթարկվեց տնից հեռու։ Երբ նա բավականաչափ լավացավ՝ տեղի հիվանդանոց տեղափոխվելու համար, մենք մեր դռան մոտ նամակ գտանք մեր ծխի սիրելի քրոջից, որտեղ նշված էր, թե ով և որ օրը ուտելիք կբերի, ով մեր մյուս երեխաներին կտանի դպրոց և դպրոցից կբերի, ով կանի մեր լվացքը և այլն: Մի քանի օր անց կինս նույնպես տեղափոխվեց հիվանդանոց՝ ծննդաբերելու մեր կրտսեր որդուն: Երբ նա հիվանդանոցի մի ծայրում էր, մեր որդին՝ մյուս ծայրում, և ևս չորս երեխաներ խնամքի կարիք ունեին, այս քրոջ՝ մեր կարիքները կանխատեսելու և օգնության ձեռք մեկնելու քայլը մեծ երախտագիտությամբ ընդունվեց այդ վեց դժվար շաբաթների ընթացքում։ 

Բայց ի՞նչ կասեք այն ժամանակների մասին, երբ մեզ խնդրում են սիրել և հոգ տանել նրանց մասին, ում չենք ճանաչում, ովքեր տարբերվում են մեզանից, ովքեր մեր չափանիշներով չեն ապրում։ Ի՞նչ կասեք նրանց մասին, ում թերևս, արժանի չենք համարում տրամադրելու մեր օգնությունը։ Այդ իրավիճակների համար նախագահ Մ. Ռասսել Բալլարդը հիշեցրել է մեզ. «Մենք պետք է կարեկցանքով ընդունենք Աստծո զավակներին և վերացնենք ամեն նախապաշարմունք, ներառյալ՝ ռասայական խտրականությունը, սեռական խտրականությունը և ազգայնականությունը»։3 

Women supporting a friend who is going through a hard time

Վերջերս սոցիալական ցանցերում գրառում էի կարդում աշխարհի մեկ այլ մասում բնակվող մի տեղացի քաղաքական գործիչի մասին, որը վաղաժամ մահացել էր քաղցկեղից։ Որոշ մեկնաբանություններում անկեղծ ափսոսանք էր արտահայտվում, սակայն մյուսները, ովքեր ակնհայտորեն համաձայն չէին նրա վարած քաղաքականության հետ, մեկնաբանություններում գրում էին ոչ այնքան համակրելի խոսքեր։ Հետո մեկը գրեց հետևյալը, ինչը ես խորիմաստ համարեցի։ «Մարդկանց հանդեպ մեր կարեկցանքի պատճառը նրանց էությունը չէ։ Մենք կարեկցանք ունենք մարդկանց հանդեպ՝ ելնելով մեր էությունից։ Եթե ​​դուք չունեք կարեկցանք, դա խոսում է ձեր էության մասին, այլ ոչ թե նրանց»։ Իսկապես իմաստուն խորհուրդ։ 

Մեր աշխարհը, կարծես, ավելի ու ավելի հակված է կենտրոնանալու ինքն իր վրա, արագ է դատում և նույնքան արագ է հանդիմանում ու հարձակվում այլ կարծիք ունեցողների վրա։ Սակայն, երբ Փրկչին հարցրին, թե որն է ամենակարևոր պատվիրանը, Նա պատասխանեց. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։ Ուշադրություն դարձրեք, որ չնայած Նա դա անվանեց երկրորդ պատվիրան, Նա նաև ասաց, որ այն «նման է առաջինին»։4  Յոթանասունից երեց Ուիլյամ Ռ. Բրեդֆորդը մի անգամ ասել է. «Մարդկանց սխալ ընտրություններ կատարելու դրդող բոլոր ազդեցություններից եսասիրությունն, անկասկած, ամենից զորեղն է։ Որտեղ եսասիրություն կա, այնտեղ Տիրոջ Հոգին բացակայում է»:5 

Նրանց համար, ովքեր իսկապես ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսին, իրենց շուրջը նայելը և կարիքավորների մասին հոգ տանելը, թերևս, ամենահիմնարար բնութագիրն է, որը մենք պետք է զարգացնենք՝ ճշմարիտ աշակերտներ լինելու համար։ Աստծո բոլոր զավակների հանդեպ կարեկցանք կամ գթասրտություն զարգացնելը՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս կամ ինչին են հավատում, մեզ թույլ կտա վստահ կանգնել Աստծո առաջ։6 

Թող մենք բոլորս ձգտենք զարգացնել այս հատկանիշները՝ հոգ տանել կարիքավորների մասին և միշտ լինել գթասիրտ, խոնարհ ու բարի՝ Աստծո բոլոր զավակների հանդեպ։ 

 

  1. Եսայի 61․1-2 

  1. Մոսիա 18․8-9 

  1. Մ․ Ռասսել Բալլարդ, «Գաղթը շարունակվում է», գերագույն համաժողով, հոկտեմբեր 2017 

  1. Մատթեոս 22․37-39 

  1. Elder William R. Bradford BYU Speeches 3rd June 2003 

  1. Վարդապետություն և Ուխտեր 121․45