
Եթե պայմանները թույլ են տալիս, այս միջոցառման համար կազմակերպեք ընտանեկան զբոսախնջույք լճի կամ գետի ափին: Եթե այդպիսի հնարավորություն չունեք, լոգարանը կամ որևէ թաս լցրեք ջրով և հավաքեք մի քանի փոքր քար:
Ձեր երեխաներին ցույց տվեք, թե ինչ է պատահում, երբ քար ենք նետում լճի մեջ: Պատմեք նրանց ջրի ծփանքի մասին, որը սկսվում է մի փոքրիկ ճողփյունով և արագ տարածվում ջրի ամբողջ մակերեսով: Այս ծփանքը հնարավոր չէ կանգնեցնել, եթե այն արդեն սկսվել է:
Ասացեք ձեր ընտանիքին, որ նույն բանը կարող է պատահել մեր կյանքում: Երբեմն որոշ մարդիկ բամբասում են ուրիշ մարդկանց մասին: Օգնեք երեխաներին կրկնել և հիշել «բամբասանք» բառը:
Ձեր ընտանիքին բացատրեք, որ երբ մենք բամբասում ենք, մենք քննարկում ենք ուրիշի թուլություններն ու խնդիրները, երբ այդ մարդը ներկա չէ; Ուրիշների մասին խոսելը սովորական է, բայց մենք պիտի համոզված լինենք, որ մենք չենք ասում որևէ վատ բան, և մեր խոսքերը վնաս չեն տա նրանց:
Ծփանքի ազդեցությունը համեմատեք բամբասանքի հետ: Բացատրեք, որ երբ մենք որևէ վատ բան ենք ասում, հնարավոր չէ մեր բառերը ետ վերցնել: Մենք որևէ բան կասենք ինչ-որ մեկին, նա կասի ուրիշներին, և մեր խոսքերի «ալիքները» արագ կտարածվեն, և եթե դրանք բարի խոսքեր չեն, կարող են վնասել այն մարդուն, ում մասին խոսել ենք:
Նկատեք, որ ծփանքի նույն ազդեցությունը գործում է, երբ ուրիշների մասին դրական ենք արտահայտվում: Մենք պիտի միշտ հիշենք, որ պիտի լավ բաներ տարածենք և վերջ դնենք այն մտքերին, որոնք չարժե կրկնել: Երբ մենք սովորենք խուսափել բամբասանքից, մարդիկ մեզ ավելի շատ կհարգեն և կվստահեն: Մենք կարող ենք բարձրացնել և զորացնել մեր շուրջը գտնվող մարդկանց այն ամենով, ինչ ասում ենք նրանց մասին:
Առաջարկեք, որ ձեր ընտանիքի անդամները հերթով քարեր նետեն ջրի մեջ: Ամեն անգամ նետելիս, նրանք պիտի որևէ լավ բան ասեն իրենց ճանաչած մեկ այլ մարդու մասին:
Կարող եք նաև ձեր երեխաներին կարդալ կամ պատմել մի պատմություն, որը պատահեց Ամի անունով մի աղջկա հետ:
«Իմ ծննդյան յոթերորդ տարեդարձի օրը ես խնջույք կազմակերպեցի իմ տանը: Մինչ մենք թխվածք և պաղպաղակ էինք ուտում, իմ դպրոցական ընկերներից մի քանիսը սկսեցին ծաղրել մեր դասարանցի մի տղայի: Դա շատ տխրեցրեց ինձ: Ես նրանց ասացի, որ նրանք նման բաներ չպիտի ասեն, քանի որ դա վիրավորում է մարդկանց զգացմունքները: Նրանք ասացին, որ կարևոր չէ, քանի որ նա այնտեղ չէր և չէր լսում դա: Ես պատասխանեցի. «Դե, ես եմ այստեղ, իսկ դա վիրավորում է իմ զգացմունքները»:
- Դրանից հետո իմ ընկերները սկսեցին խոսել մեկ ուրիշ բանի մասին: Ես ներքուստ լավ զգացի և գիտեի, որ ճիշտ էի վարվել: Ես գիտեմ, որ Հիսուսը սիրում է Երկրի վրա գտնվող յուրաքանչյուր մարդու և հոգ է տանում նրա մասին: Ես փորձում եմ Նրան նմանվել`մյուսներին բարությամբ ու հարգանքով վերաբերվելով» (“Friend”, August 2002, “Trying to Be Like Jesus Christ”, Amy Millett):
Քննարկեք պատմությունը ձեր ընտանիքի հետ:
Կոչ արեք ընտանիքի անդամներին միայն լավը փնտրել ուրիշների մեջ:
Հյուրասիրություն. խնձորով տորթ
1 բաժակ կարագ
2 բաժակ շաքարավազ
4 ձու
2 բաժակ ալյուր
1½ թեյի գդալ կերակրի սոդա
1 թեյի գդալ աղ
2 թեյի գդալ դարչին (կամ միչ ավել)
4 բաժակ կլպած, կտրտած խնձոր
1 բաժակ ընկույզ (չափը` ընտրությամբ)
1 բաժակ չամիչ (չափը` ընտրությամբ)
22 x 33 սմ թխվածքի ամանը յուղապատեք և վրան ալյուր ցանեք: Նախօրոք ջեռոցը տաքացրեք 175°C: Հարեք կարագն ու շաքարը: Ավելացրեք մեկական ձու և հարեք, մինչև փրփրի: Առանձին ամանի մեջ միասին խառնեք բոլոր չոր բաղադրիչները: Ավելացրեք այն կարագի խառնուրդին: Ձեռքերով զգուշորեն ավելացրեք խնձորը, չամիչը և ընկույզը: Լցրեք պատրաստի ամանի մեջ: Թխեք 1-1.5 ժամ, ատամմաքրիչով ստուգելով 50 րոպե անց:
