Մի փակեք ձեր սրտերը

Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Անորոշությունների այս ժամանակաշրջանում COVID-19-ի պատճառով ես և Հարիեթը շատ ենք կարոտում մարդկանց հետ անհատական հանդիպումներին ամբողջ աշխարհում: Այս ամառ մենք հանդիպումներ էինք ծրագրել Արևելյան Եվրոպայի Տարածաշրջանի Վերջին Օրերի Սրբերի հետ, բայց մեր ուղևորությունը հետաձգվեց: Քանի որ մեզանից շատերը ստիպված են հարմարվել տարբեր հանգամանքներին, ուստի ես ցանկանում են ձեզ հետ կիսվել մի շարք փորձառություններով, որոնք օգնում են մեզ այս դժվարին ժամանակներում:

Սոցիալական հեռավորությունն ընդդեմ ֆիզիկական հեռավորության

Համավարակի սկզբից ի վեր մենք հաճախ ենք լսում «սոցիալական հեռավորություն» եզրույթը, որը նշանակում է, որ մենք պետք է որոշակի հեռավորություն պահպանենք մեր և ուրիշների միջև: Անձամբ ես այս երևույթին անդրադառնալիս գերադասում եմ «ֆիզիկական հեռավորություն» եզրույթը «սոցիալական հեռավորություն» եզրույթից:

Ես և Հարիեթը վստահ ենք, որ ֆիզիկական հեռավորությունը օգնում է պաշտպանել ինքներս մեզ և ուրիշներին համավարակի վտանգներից, և մենք փորձում ենք հնարավորինս լավ կատարել այդ պահանջը:

 

Այս ընթացքում մենք սովորեցինք, թե մեր բարօրության համար որչափ կարևոր ու կենսական է սոցիալապես մոտ մնալ մեր ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մեր եղբայրներին ու քույրերին:

 

Բարեբախտաբար այսօր մեզ հասանելի են շատ հրաշալի գործիքներ և միջոցներ, որոնցից մի քանիսն աշխատում են տեխնոլոգիաների միջոցով՝ կրճատելով սոցիալական, հուզական և հոգևոր հեռավորությունը: Ես և Հարիթեը այս գործիքները համարում ենք երկնքից ժամանակին տրված պարգևներ: Այս միջոցների օգնությամբ մենք կարող ենք շատ մոտ զգալ մեր ընկերներին և ընտանիքի անդամներին: Տեխնոլոգիական գործիքների շնորհիվ մենք բավականին հաճախ կարող ենք տեսնել մեր երեխաներին, թոռներին, ծոռներին և մասնակցություն ունենալ նրանց առօրյա կյանքում: Այս եղանակով մենք տոնում ենք ծննդյան տոները, հիանում ենք նոր ներկայացումներով ու խաղերով, քնելիս կարդում պատմություններ կամ զբոսնելիս միանում տեսազանգին: Միշտ էլ ոգևորիչ է լսել հաղորդության ընդունման նրանց փորձառությունների մասին կամ խորհել Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ուսմունքների շուրջ:

 

Նախ և առաջ մենք անչափ երախտապարտ ենք աղոթքի պարգևի և զորության համար: Աղոթքի միջոցով մենք կարող ենք հոգևորապես և սոցիալապես մոտ լինել Երկնային Հորը, Նրա Որդի Հիսուս Քրիստոսին և մեր ընտանիքներին ու ընկերներին՝ անկախ մեր գտնվելու վայրից ու հանգամանքներից:

Ավելի շուտ կենտրոնացեք այն բանի վրա, ինչը կարող եք անել, քան նրա վրա, ինչը չեք կարող անել

 

Վերջին 20 տարիների ընթացքում ես և Հարիեթը շատ լավ ենք հասկացել, թե ինչ է նշանակում ֆիզիկապես հեռու լինել սիրելի մարդկանցից: Երբ իմ կոչման բերումով մենք Գերմանիայից տեղափոխվեցինք Սոլթ Լեյք Սիթի, ակնկալում էինք, որ կապրեինք այստեղ միայն մի քանի տարի: Առաջին 10 տարում մենք նույնիսկ պահեցինք մեր տունը Գերմանիայում, հուսալով, որ մի օր կվերադառնանք մեր ընտանիքի և ընկերների մոտ: Բայց, ինչպես գիտեք, մենք դեռ այստեղ ենք և կմնանք այստեղ:

Ավետարանը, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին և Տերը օգնեցին մեզ սովորել, որ ֆիզիկական հեռավորությունը (նույնիսկ 8000 կմ) չի նշանակում, որ մենք պետք է սոցիալապես հեռու լինենք միմյանցից: Մենք սովորեցինք ավելի շուտ վայելել ու կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը կարող ենք անել, տեսնել ու զգալ, քան թե կենտրոնանալ նրա վրա, ինչը կարող ենք բաց թողնել:

Մի փակեք ձեր սրտերը

Ավելի հաճախակի սոցիալական շփումը մեր ընկերների և ընտանիքների հետ օգնում է մեզ ավելի շատ կիսվել մեր ներքին խոհերով ու հույսերով: Ինչ-որ կերպ այս դժվար ժամանակներներն օգնեցին մեզ ավելի բաց լինել մեր հոգու զգացմունքների առումով: Մենք ավելի հստակ գիտակցեցինք, թե որքան կարևոր է չթաքցնել կամ չքողարկել մեր սրտերի զգացմունքները նրանցից, ում շատ ենք սիրում:

 

Այս հատուկ ժամանակներում ես և Հարիեթեը փորձում ենք հետևել մեր սեփական խորհրդին. Փակեք ձեր դեմքը, բայց մի փակեք ձեր սիրտը:

 

Երբ կարդում եմ ձեր մեկնաբանությունները Facebook-ի, Instagram-ի և Twitter-ի իմ էջերում, ես զգում եմ այն վիշտն ու բեռը, որոնց հետ ձեզանից շատերը ստիպված են ապրել: Ես նաև զգում եմ ձեր ուրախությունն ու խանդավառությունը, երբ դուք կենտրոնանում եք այն լավ գործերի վրա, որոնք կարող եք անել կյանքում: Զարմանում եմ՝ տեսնելով, թե դուք ինչպես եք օգնում ու ոգևորում միմյանց խոսքերով ու գործերով: Դուք հրաշք եք և օրհնություն այս աշխարհի համար, երբ սիրում ու ծառայում եք Աստծուն ու Նրա զավակներին՝ մեր եղբայրներին ու քույրերին:

 

Ուրախ և տխուր ժամանակների համար Երկնային Հայրը մեզ խոստում և օրհնություն է տվել. «Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստուածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ. Նաև քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը» (Եսայիա 41.10):

 

Ես և Հարիեթը սիրում ենք ձեզ: Մենք երախտապարտ ենք ձեզանից յուրաքանչյուրի համար: Թող Աստված օրհնի և պահպանի ձեզ այս հատուկ ժամանակներում և ընդմիշտ: