Երբ տպավորություն եք ստանում, գործեք համաձայն ստացած տպավորության, որքան էլ որ անսովոր է այն թվում կամ որքան էլ անհամապատասխան եք զգում այն հետևելուց:
Ավելի քան 50 տարի առաջ ես խորհրդական էի ծառայում Չիկագոյի Հարավային Ցցի նախագահությունում:
Երեկոյան հաղորդության ելույթ ունենալու հրավեր էի ստացել Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքի մեր արևմտյան հեռավոր միավորներից մեկում: Դա իմ տնից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա էր:
Սովորաբար, երբ ելույթ ունենալու հրավերներ էի ստանում, տպավորություն էի ստանում այն մասին, թե ինչի մասին պետք է խոսեմ:
Ավրորայում ելույթ ունենալու իմ հրավերի ժամանակ ես ոչ մի տպավորություն չստացա:
Ես գնում էի և մեքենան վարելիս մտածում, թե «ինչի՞ մասին պետք է խոսեմ»։
Ավրորա գնալու ճանապարհի կեսին միայն ես ստացա այդ տպավորությունը։ Ես հավատարիմ մնացի ստացած տպավորությանը և խոսեցի Չիկագոյի քրեական դատարաններում իմ տեսած բաների մասին։
Ես խոսեցի այն երիտասարդների մասին, ովքեր դատարանի առջև էին կանգնել տարբեր տեսակի գողությունների, այդ թվում նաև խանութի գողության համար, և ես խոսեցի այն մասին, թե որքան վտանգավոր է այդ տեսակի հանցագործությունը և ոստիկանների օգնությամբ որքան արդյունավետ են աշխատում պահակները երիտասարդ իրավախախտներին ձերբակալելիս, ու թե ինչ է պատահել նրանց հետ, երբ նրանք մեղավոր են ճանաչվել նման հանցագործությունների մեջ:
Երբ ավարտեցի ելույթս, մի մայր մոտեցավ ինձ և արցունքոտ աչքերով շնորհակալություն հայտնեց ինձ ելույթի համար: Նա ասաց ինձ, որ իր երիտասարդ որդին կատարել էր խանութի գողություն:
Այդ մայրն ասաց. «Երբ իմացա, որ դուք պատրաստվում եք ելույթ ունենալ այս երեկո, և իմացա ձեր աշխատանքի մասին, ես աղոթեցի Տիրոջը, որ դուք խոսեք այն թեմայի մասին, որը կօգնի իմ որդուն: Դուք խոսեցիք այդ մասին», - ասաց նա: «Որդիս լսում էր ձեզ այնպես, ինչպես երբեք չի լսել մեզ, և ես շնորհակալ եմ ձեզ, որ ականջ դրեցիք Տիրոջ Հոգուն և հետևեցիք Նրան»:
Երբ տպավորություն եք ստանում, գործեք համաձայն ստացած տպավորության, որքան էլ որ անսովոր է այն թվում կամ որքան էլ անհամապատասխան եք զգում այն հետևելուց: Գործեք ըստ դրա։ Կա մի պատճառ: Գուցե չգիտեք պատճառը, բայց դուք և ինչ-որ մեկը կօրհնվեք, եթե լսեք Նրան: