Սուրբ գրություններում շատ քիչ սրբազան հատվածներ կան, որտեղ հնչում է Հայր Աստծո ձայնը։ Այնպես որ, երբ Նա ասում է ինչ-որ բան, մենք պետք է ուշադիր լսենք։ Մի քանի անգամ Նա անձամբ ներկայացրել է Իր Սիրելի Որդի՝ Հիսուս Քրիստոսին, հատուկ կոչ անելով՝ «Լսիր՛ր Նրան»։
Դուք երբևէ մտածե՞լ եք՝ «Ինչո՞ւ»։ Ինչո՞ւ է մեր Երկնային Հայրը այդքան հետևողական, երբ աղերսում է մեզ լսել Իր Սիրելի Որդի՝ Հիսուս Քրիստոսին։
Հիսուսը Ինքն է պատասխանել այդ հարցին։ Նա ասել է․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»։
Մեր Հայրը սիրում է մեզ և փափագում է, որ բոլորս վերադառնանք Իր սուրբ ներկայությունը։ Նա աղերսում է, որ մենք լսենք Հիսուս Քրիստոսի ձայնը, ում Հայրը օծել և կարգել է որպես մեր Միջնորդ, Փրկիչ և Քավիչ։
Այս տարի, որը հատուկ է մեզ համար և որում մենք նշում ենք Առաջին Տեսիլքի 200-ամյակը, ես հրավիրում եմ ձեզ խորապես և հաճախակի խորհել այս առանցքային հարցի շուրջ․ Ինչպե՞ս եք դուք լսում Նրան։
Ես նաև հրավիրում եմ ձեզ ջանքեր գործադրել՝ Նրա ձայնը ավելի լավ և ավելի հաճախակի լսելու։
Այս տարվա ընթացքում մենք հատուկ կկենտրոնանանք Սուրբ Պուրակում տեղի ունեցած այս պատմական
իրադարձության վրա։
Ես հրավիրում եմ ձեզ լինել նախաձեռնող և փնտրել ուղիներ՝ կիսվելու Տեր Հիսուս Քրիստոսի մասին ձեր զգացումներով ընտանիքի և ընկերների հետ, այդ թվում՝ հրավիրել ձեր ընկերներին միանալ ձեզ և երկրպագել Նրան Սուրբ Զատիկի կիրակի օրը։
Որպես Տիրոջ հատուկ վկա, ես օրհնում եմ ձեր ջանքերը՝ ուղղված Նրա ուխտի ուղու վրա կանգնելուն ու մնալուն, և ձեր ողջ սրտով, մտքով ու հոգով ջանալուն՝ Լսել Նրան։