Գաղափարներ ավագ երեխաների դասի համար
Թեմա. Ընտրությունները կատարել նախօրոք
Երգ. “Dare to do right” (Children’s Songbook, p. 158)
Միջոցառում
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանձնարարեք մի իրավիճակ, որտեղ պիտի կատարվի ավետարանական մի կարևոր ընտրություն: Կարող եք թղթի վրա նկարագրել յուրաքանչուր իրավիճակը: Իրավիճակը հարմարեցրեք ձեր ընտանիքի կարիքներին: Խնդրեք նրանց որոշել, թե ինչ կանեին յուրաքանչյուր իրավիճակում: Կարող եք խնդրել նրանց ցուցադրել իրավիճակը և այն եղանակը, որով կարձագանքեն դրան: Ահա մի քանի հնարավոր առաջարկներ:
- Ձեր ընկերը խնդրում է ձեզ իր հետ ծխախոտ ծխել:
- Դուք գտնում եք այն փողը, որը գիտեք, որ ինչ-որ մեկը կորցրել է:
- Մայրիկը խնդրել է ձեզ խաղալ փոքրիկ քույրիկի հետ, բայց դուք նախընտրում եք ընթերցանությունը:
- Դուք բավարար գումար չունեք գնելու ձեր շատ ցանկալի իրը և միաժամանակ վճարելու ձեր լրիվ տասանորդը:
Երբ բոլորը քննարկեն, թե իրենք ինչպես կվարվեին, նշեք, որ, եթե նրանք ճիշտ ընտրություն կատարեն հիմա, իրենց համար ավելի հեշտ կլինի ճիշտ որոշում կայացնել, երբ կյանքում հանդիպեն նման իրավիճակի: Առաջարկեք նրանց առանձնացնել մի քանի կարևոր իրավիճակներ, որոնց իրենք երբևէ կհանդիպեն, ինչպես օրինակ` ամուսնանալ տաճարում, ազնիվ լինել, պահպանել մաքրաբարոյության օրենքը և հիմա վճռել, թե ինչպիսին կլինի իրենց որոշումը:
Կարդացեք հետևյալ մեջբերումը Երիտասարդ Կանանց նախկին Նախագահ Էլեյն Ս. Դալտոնի ելույթից. «Երբ ես երիտասարդ աղջիկ էի, իմացա, որ որոշ որոշումներ պիտի կայացվեն միայն մեկ անգամ: Մի փոքրիկ տախտակի վրա ես գրեցի այն բաների ցուցակը, որոնք ես միշտ պիտի անեմ և այն բաների ցուցակը, որոնք չպիտի անեմ: Այն ներառում էր հետևյալը` հնազանդություն Իմաստության Խոսքին, ամենօրյա աղոթք, տասանորդի վճարում և մշտապես եկեղեցի հաճախելու պարտավորություն: Ես կայացրի այդ որոշումները մի անգամ, իսկ հետո վճռական պահին ես ճշգրիտ գիտեի`ինչ անել, քանի որ ես որոշել էի նախօրոք: Երբ ավագ դպրոցում իմ ընկերներն ասացին ինձ. «Մի քիչ խմիր, չի վնասի», ես ծիծաղեցի և ասացի. «Ես որոշել եմ չանել այդ, երբ 12 տարեկան էի»: Որոշումները նախօրոք կայացնելը կօգնի ձեզ լինել առաքինության պահապաններ: Հուսով եմ, ձեզանից յուրաքանչյուրը կկազմի այն բաների ցուցակը, որոնք դուք միշտ կանեք և այն բաների ցուցակը, որոնք դուք երբեք չեք անի: Ուրեմն ապրեք ձեր ցուցակի համաձայն»: (Էլեյն Ս, Դալտոն, «Առաքինության պահապաններ», Լիահոնա, մայիս, 2011, 123:)
- Ձեր լավ ընտրություններն ինչպիսի՞ ազդեցություն ունեն ձեր և ուրիշների կյանքի վրա:
- Փոքր որոշումներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ հասնելու ձեր ավելի մեծ նպատակներին:
- Ինչպե՞ս են մեզ օգնում նախօրոք կայացրած որոշումները:
Կարող եք կարդալ Յոթանասունի Նախագահությունից Երեց Բեն Բ. Բենքսի հետևյալ օրինակը. «Եթե դուք հայհոյելու սովորություն ունեք, որքան շատ եք օգտագործում այն, այնքան դժվար է փոխվել և դադարել օգտագործել այն: Ավելի լավ է հիմա ընտրել մեկ այլ ճանապարհ, մեկը, որը տանում է դեպի մտքերի, խոսքերի և գործողությունների մաքրություն, որպեսզի կարողանաք վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը: Պատկերացրեք, թե որքան դժվար կլինի միսիայում, երբ վատ խոսքերը հայտնվեն ձեր մտքում այն ժամանակ, երբ դուք Սուրբ Հոգու մշտական ընկերակցության կարիքն ունեք: Եթե խնդիրներ ունեք հայհոյանքի օգտագործման հետ, ուրեմն հիմա է փոխվելու ժամանակը»: (Երեց Բեն Բ, Բենքս, «Այս ճանապարհը կոչվում է կյանք», 2002-ի ապրիլյան Գերագույն Համաժողով):
Խրախուսեք ձեր ընտանիքի անդամներին իրենց օրագրում գրի առնել իրենց այն նպատակների ցուցակները, որոնք ցանկանում են իրականացնել հիմա և ապագայում և անդրադառնալ այդ ցուցակին, երբ որևէ ընտրություն ունեն կատարելու:
Հյուրասիրություն. Դեղձով կարկանդակ
1 տուփ (800 գր) դեղձի պահածո (կտրտել, եթե նախօրոք կտրտած չէ)
դարչին
1 բաժակ ալյուր
1¼ թեյի գդալ փխրեցուցիչ
¼ թեյի գդալ աղ
1 բաժակ սպիտակ շաքարավազ
1 ձու
¼ բաժակ փափկացրած կարագ
Նախօրոք ջեռոցը տաքացրեք 175°C. Քամեք դեղձը և վրան ցանեք դարչին: Տեղադրեք դեղձը թխվածքի 22 սանտիմետրանոց քառակուսի ամանի մեջ: (Կրկնապատկեք բաղադրատոմսը 22 X 33 սմ ամանի համար:)
Հարեք ձուն, շաքարավազը և ալյուրը մինչև դառնա համասեռ զանգված: Վրան շարեք դեղձը: Ապա հալած կարագը շաղ տվեք ալյուրի խառնուրդի վրա: Եփեք մոտ 45 րոպե կամ մինչև դառնա բաց շագանակագույն: Մատուցեք հարած սերուցքի կամ պաղպաղակի հետ: