Ինչո՞ւ եմ ես դեռևս այստեղ

մի կին որ խոսում է տղամարդու հետ

“Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ . . . Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես, և մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը” ( Հովհաննես 6.68–69):

Վերջերս ես կրոնի մասին մի հոդված կարդացի՝ 2000-ականների երիտասարդության ներկայացուցչի կողմից գրված: Տեսնելով, թե որքան շատ երիտասարդ մարդիկ են լքում եկեղեցին, նա հարց է տալիս ինքն իրեն. «Ինչո՞ւ եմ ես դեռևս այստեղ»: Դա ինձ մտածելու առիթ տվեց, և ես էլ հարցրի ինքս ինձ. «Ինչո՞ւ եմ ես դեռևս այստեղ»:

Այստեղ՝ որպես հավատացյալ: Այստեղ՝ որպես քրիստոնյա: Այստեղ՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Դա ժողովրդականություն վայելող ընտրություն չէ, ոչ էլ հարմար է, բայց ես դեռևս այստեղ եմ: Ինչո՞ւ: 

Ինչո՞ւ եմ ես դեռևս այստեղ, երբ մայրերն, ում հանդիպում եմ զբոսայգում, մերժում են իմ եկեղեցի գալու հրավերը՝ ասելով. «Օհ, ոչ, մենք հավատացյալ չենք»: Դրանից հետո իրավիճակը մի փոքր անհարմար է դառնում: Իսկապես այդքան սարսափելի՞ է ցանկանալ ուրիշի հետ կիսվել հավատով:

Ինչո՞ւ եմ ես դեռևս այստեղ, երբ իմ վաղեմի նամակագրական ընկերը հարցնում է ինձ, թե ինչ կրոնական դիրքորոշում ունեմ միասեռականության վերաբերյալ: Վախենում եմ, որ տարբեր կարծիքների պատճառով մեր ընկերությունը կարող է ավարտվել:

Ինչո՞ւ եմ ես դեռևս այստեղ, երբ ժամանակին հիացմունք առաջացնող և ընդօրինակման արժանի մարդիկ այլևս այստեղ չեն: Եվ կարծես թե երջանիկ են: Նրանք հետևում են ընդհանուր ուղղություններին: Եվ նրանց այլևս չեն հուզում պարկեշտության խիստ չափանիշները, սննդակարգային վարքականոնները կամ սեռական սահմանափակումները:

Ինչո՞ւ եմ ես դեռևս այստեղ, երբ տեղական քրիստոնյա գրախանութները վաճառում են իմ հավատը սասանող գրականություն: Մի աշխարհում, որը շատ քիչ աջակցություն է ցուցաբերում կրոնական համոզմունքների նկատմամբ, ավելի հեշտ չէ՞ր լինի ուղղակի ապրել սեփական խղճով:

Ես մտածում էի սրա մասին ամիսներ շարունակ և կամաց-կամաց Սուրբ Հոգին սկսեց պատասխանել հարցերիս: Ինչո՞ւ եմ այստեղ:

Ես այստեղ եմ, որովհետև՝ Սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, և ես ցանկանում եմ լինել այնտեղ, ուր Նա է՝ Իր անունը, Իր ուղերձը, Իր բարությունը:

Եսային գրել է, որ «շարժվելու են լեռները, և փոփոխվելու են բլուրները», սակայն Իր բարությունը չի լքի մեզ (տես Եսայիա 54.10): Մենք կարի՜ք ունենք այդ բարության: Քանզի քանի դեռ ես մեղավոր եմ և դատապարտման ու անարգանքի ենթակա, Նա ստիպում է ինձ բարի լինել իմ և ուրիշների հանդեպ:

Ես այստեղ եմ, որովհետև՝

Ապաշխարանքը հեշտ կամ հարմար բան չէ, սակայն ինձ համար այն ամենացանկալի հրավերն է:

Ինքնօգնության գրքերում կամ համացանցերում ես այն չեմ գտնում այնքան հաճախ, որքան Աստծո հետ շփվելիս: Ես միշտ կարող եմ վստահ լինել, որ Սուրբ Հոգին և մեր Եկեղեցու առաջնորդները կհորդորեն ինձ՝ իմ լավագույն տարբերակը դառնալ:

Ես այստեղ եմ, որովհետև՝ 

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին չունի հաստիքային հոգևորականություն կամ խորհրդի կողմից կառավարվող համայնք, ինչը նշանակում է, որ ես պետք եմ այստեղ. Բոլո՛րս ենք պետք: Կապ չունի՝ դասավանդում եմ ես կիրակնօրյա դպրոցում կամ նոր հոգևորական պաշտոն եմ ստանձնել, ես շնորհակալ եմ մերձավորիս սեփական անձիս պես սիրելու հնարավորության համար (տես Մատթեոս 22.36–40):

Ես այստեղ եմ, որովհետև՝

Ես զգացել եմ, թե ինչպես է Աստվածաշնչի անձնվեր ուսումնասիրումը մեղմացնում իմ սոցիալական տագնապը, ամուսնական վիշտը և մայրական վախը: Ես չեմ կարող ասել, որ Մորմոնի Գիրքը կամ Աստվածաշունչը ամենահեշտ գրքերն են, որ երբևէ կարդացել եմ, բայց դրանք միակ գրքերն են, որոնք երբեք չեմ դադարի կարդալ: Գրքերի մեծ մասը վերաբերում է երկրային առօրյա կյանքին, այնինչ Աստվածաշունչը հավերժ է և աստվածային: Կուզեի, որ այսպիսի բաներ ավելի շատ լինեին իմ կյանքում:

Ես այստեղ եմ, որովհետև՝

Ջոզեֆ Սմիթի փորձը ինձ թույլ է տալիս կարևոր հարցեր տալ: Կասկածներիս պատասխանել աղոթքով:

Հավատալ աստվածային մեծ նախախնամությանը:

Ես այստեղ եմ, որովհետև՝

Արժանի քահանայությունը ստեղծում է մեծահոգի մարդկանց, բարի ամուսիններին և գորովալից ծնողներին: Ես անչափ երախտապարտ եմ՝ որպես կին և մայր: Ես պատարագ չեմ մատուցում, ոչ էլ համայնքի առաջնորդ եմ, սակայն ես կրում եմ քահանայության և հրեշտակների սպասավորման բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 107.20): Ես հավատում եմ, որ քահանայության իշխանությունը ոգեշնչում է ինձ հարցեր տալ, սգալ նրանց հետ, ովքեր սգում են և պայքարել ուրիշների բարեկեցության համար: Մարգարեի պատգամով ես փորձում եմ «առատորեն քաղել Փրկիչի ուժը, որպեսզի և՛ ընտանիքիս օգնեմ սիրել, և՛ ուրիշներին» (Ռասսել Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019 թ., 77):

Ես այստեղ եմ, որովհետև՝

Ես ունեմ մարգարե և 12 առաքյալներ: Եվ ի տարբերություն նշանավոր դեմքերի և ազդեցիկ բլոգերների մեծամասնությանը, նրանց նպատակն է այնպիսի ազդեցություն թողնել ինձ վրա, որ ավելի շատ նմանվեմ Փրկիչիս (տես Գործք 10.43): Նրանց բառերը ոգեշնչում են իմ առօրյա ընթացքը:

Ես այստեղ եմ, որովհետև՝

Իմ ընտանիքն է այստեղ: Իմ երեխաները, իմ ծնողները, իմ եղբայրներն ու քույրերը, իմ տատիկներն ու պապիկները և իմ նախնիները: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իմ ժառանգությունն է:

Այստեղ ես ինձ զգում եմ, ինչպես տանը:

(Ոչ բոլորը կարող են իրենց ծնողների հավատին հավակնել: Բուռն ծափահարություններ ձեզ, հավատի ուխտավորներ):

Ես այստեղ եմ, որովհետև՝

Իմ հավատը Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների հանդեպ բարելավել է իմ կյանքը: Այն մեծ ներդրում է կատարել իմ կրթության, երեխաների, ամուսնության, մերձավորի հանդեպ սիրո մեջ: Միակ պատճառը, որ այսօր ես հաշտ եմ իմ կյանքի հետ, իմ նվիրվածությունն է Փրկիչին, Նրա Ավետարանին և Նրա Եկեղեցուն:

Այսպիսով՝ ինչո՞ւ եմ այստեղ:

Պատասխանը չափածո ձևով եկավ Պետրոսից: Պետրոս 6-ում մենք կարդում ենք, որ մյուս աշակերտները լքում էին իրենց հավատը, ուստի, Հիսուսը հարցրեց Պետրոսին. «Դո՞ւք էլ եք ուզում գնալ»։

 

Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ . . . Մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը» (Հովհաննես 6.67–69):

Ավելի հստակ ձևակերպեմ՝ ես վստահ եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին: Ես հավատում եմ, որ սա Նրա Եկեղեցին է: Եվ ես ուրախ եմ այստեղ լինել:

Այնպես որ անկախ իմ հասակակիցների կրոնական նախապատվություններից, դուք ինձ հաստատ կտեսնեք եկեղեցում: Այս և մյուս շաբաթ: Եվ այսուհետ ամեն շաբաթ:

Ես կմնամ այստեղ: Այստեղ՝ հավատի հետ: Այստեղ՝ Քրիստոսի հետ: Այստեղ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ:

Հիմնաբառեր. քավություն, ուսուցում, հավատ, ընտանիք, Աուրբ Հոգի, ոգեշնչում, սեր, աղոթք, Հանգստության օր, Աստվածաշնչի ուսումնասիրում, տաճար,երկրպագություն: