
Երբ Հիսուսը մի անգամ բժշկեց մի կույրի, «թքեց գետնին, թքից կավ շինեց և այն քսեց կույրի աչքերին, ու նրան ասաց. «Գնա լվացվի՛ր Սիլովամի ավազանում։ … Նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, տեսնում էր»:[1]
Այս ժեստը միշտ գրավել է իմ ուշադրությունը։ Այլ ժամանակներում Նրա խոսքերը կամ Նրա պաշտպանիչ ձեռքի զարմանահրաշ հպումը բավական էին, որ հավատարիմները բժշկվեին: Բայց այս առիթով Նա հողից ու իր թքից կավ շինեց, ապա այս բուժիչ բալասանը քսեց խոնարհ ու հավատարիմ կույրի աչքերին, ով աչքերը լվանալուց հետո առաջին անգամ տեսավ իր մինչ այժմ մութ կյանքում։
Մենք կարող ենք ինչ-որ բան սովորել այս գթառատ իրադարձությունից: Նրա մասը (թուքը) և մերը՝ (հողը) միասին առաջացնում են բուժիչ ցեխ, որն օգնում է ուրիշներին ձեռք բերել իրենց կյանքի հոգևոր տեսողությունը, որը կփոխի նրանց դեպի լավը: Տիրոջ հետ միասին մենք այդ ցեխի մի մասն ենք՝ հնարավորություն տալով Նրա զավակներին տեսնել այնպես, ինչպես Տերն է տեսնում իրենց:

Պատմության մեջ Հիսուսը հարցրեց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։[2] Այս նոր մարդը, կյանքի նոր հնարավորություններով, պատասխանեց. ««Հավատում եմ, Տե՛ր», ու երկրպագեց նրան»:[3]
Մենք չգիտենք, բայց շատ հավանական է, որ այս մարդու կյանքը ամբողջովին փոխվեց, երբ նա ձեռք բերեց իր ֆիզիկական և նաև հոգևոր տեսողությունը, և նա իր կյանքը նվիրեց Տեր Հիսուս Քրիստոսին ընդօրինակելուն՝ ծառայելով իր մերձավորին:
Հիսուս Քրիստոսի խոնարհ աշակերտներին հատկանշական է ոչ թե իրենց համար պահել ստացած օրհնությունները, այլ դրանք կիսել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են լսել և ստանալ դրանք: Նրանք մարդիկ են, ովքեր ձգտում են բարիք գործել և կիսել Փրկչի սերը, որը նրանք ստանում են իրենց Վարդապետի ձեռքերից:
Մի անձրևոտ օր իմ սիրելի կինը՝ Էլիզան, մեր փոքրիկ դուստրը՝ Բեատրիսը, և ես մեր մեքենայով հասել էինք մայրուղի, երբ տեսանք մի փոքրիկ ու թուլացած տարեց կնոջ, որը քայլում էր ճանապարհի կողքով: Հորդառատ անձրևը ներծծվել էր նրա բարակ հագուստի միջով։ Մենք շատ արագ էինք ընթանում՝ կանգ առնելու համար, բայց մենք նայեցինք միմյանց և հնարավորինս արագ մեքենայով շրջադարձ արեցինք: Երբ վերադարձանք կնոջ մոտ, կանգնեցրինք մեքենան, և իմ անուշիկ կինը վազեց օգնելու խեղճ կնոջը, իսկ ես ոստիկանություն կանչեցի։ Մենք նրան տեղավորեցինք մեր մեքենայում, չորացրեցինք և փաթաթեցինք տաք ծածկոցով։ Մենք նրան պաշտպանություն և անվտանգություն խոստացանք: Մենք մնացինք նրա հետ, մինչև եկան հերթապահող ոստիկանները, և որոշ հարցումներ կատարելուց հետո աշխատակիցները նրան իրենց խնամքի տակ առան։ Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին այն ամենի համար, ինչ մենք արել էինք այս լավ կնոջ համար, որը տխուր դեմքով քայլում էր վտանգավոր վայրում։
Երբ շարունակեցինք մեր ճանապարհը, մենք երախտապարտ էինք Տիրոջը, որ թույլ տվեց մեզ լինել Իր ձեռքերը և այս միայնակ կնոջ հետ կիսել այն հոգատարությունն ու բարությունը, որը Նա ամեն օր շնորհում է մեզ:
Երբ մենք կատարում ենք մեր մասը, Տերն անում է Իր մասը: Նա ազնվազարմ է դարձնում մեզ և բարձրացնում հոգևոր աներևակայելի բարձունքների: Երբ մենք սրբազան ուխտեր ենք կապում մեր Երկնային Հոր հետ, Նա կապվում է մեզ մի հատուկ ձևով, որպեսզի մեզ հասանելիություն տա դեպի Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը: «Մեր Հայրը ցանկանում է ավելի խոր հարաբերություններ ունենալ Իր բոլոր որդիների և դուստրերի հետ, բայց դա մեր ընտրությունն է։ Երբ մենք որոշում ենք ավելի մոտենալ Նրան ուխտի հարաբերությունների միջոցով, դա թույլ է տալիս Նրան ավելի մոտենալ մեզ և ավելի շատ օրհնել մեզ»:[4]
Իմ խնդրանքն ու հրավերն է, որ մենք լինենք այն հողը, որը Նա օգտագործեց բժշկելու համար: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր հոգիների մեծ Բժշկողն է: Թող մեր մասը միշտ միացյալ լինի Նրա մասի հետ, որպեսզի մենք դառնանք մեկ Նրա հետ և «լինենք նրա նման»։[5]
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։
[1] Հովհաննես 9․6–7.
[2] Հովհաննես 9․35.
[3] Հովհաննես 9․38.
[4] «Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով», Ջ․ Անեթ Դեննիս, գերագույն համաժողով, ապրիլ 2024։
[5] Մորոնի 7:48.