Քավության պարգևը

Քավության պարգևը

Ուղերձ Յոթանասունի Քվորումի անդամի կողմից

Նախագահ Ռանդալ Ք. Բենեթ, ԱԵՏ 1-ին խորհրդական

Քավության պարգևը

Հիսուս Քրիստոսի քավությունը ոչ միայն ամենանշանակալից  ու կարևոր գործողությունն է պատմության մեջ, այլ հրաշալի պարգև  մեր սիրող Երկնային Հոր և Նրա Միածին Որդու կողմից: Նախագահ Գորդոն Բ. Հինկլին սովորեցրել է. «Երբ ամեն ինչ արդեն ասվել և արվել է, երբ ամբողջ պատմությունն ուսումնասիրվել է, երբ հետազոտվել են մարդկային մտքի անծայր խորքերը, ոչինչ չկա այդքան հրաշալի, այդքան վսեմ, այդքան մեծ, որքան այս շնորհն է» (Նախագահ Գորդոն Բ. Հինքլի, Առաջին Նախագահության Սուրբ  Ծննդյան հավաք, դեկտեմբերի 4, 1994թ.):

Երեց Բրյուս ՄակՔոնկին գրել է. «Փրկության ողջ ծրագրում չկա ոչինչ, որ իր կարևորությամբ կարող է ինչ-որ կերպ համեմատվել բոլոր իրադարձություններից գերազանցող` մեր Տիրոջ քավող զոհաբերության հետ: Դա ամենակարևոր, այն եզակի երևույթն է, որ երբևէ տեղի է ունեցել արարման ամբողջ պատմության մեջ, դա հիմնաքարն է, որի վրա են հիմնված ավետարանն ու մնացած բոլոր բաները» (Երեց Բրյուս ՄակՔոնկի, Մորմոնական վարդապետություն, 60):

Մեր Փրկչի քավող զոհաբերությունը սիրա հոժար ու կամավոր զոհաբերություն էր, դրդված Նրա կատարյալ, մաքուր ու անվերապահ սիրուց Իր Հոր և մեզանից յուրաքանչյուրի հանդեպ: Մեր Երկնային Հոր պատրաստակամությունը` թույլ տալու, որ Իր Անդրանիկ Որդին տանջվի, արյունահոսի ու մահանա մեզ համար, ինչպես նաև մեր Քավչի հոժարակամ քավող զոհաբերությունը ամբողջ պատմության մեջ սիրո ամենամեծ դրսևորումներն են:

Նրա Քավության շնորհիվ մենք բոլորս անվերապահորեն կստանանք հարության ու անմահության պարգևը` հավերժ ապրելու փառավորված, հարություն առած մարմիններով: Հիսուս Քրիստոսի Ավետարանին հավատարիմ ապրելով և մեր սեփական կյանքում ապաշխարության հրաշալի պարգևը կիրառելով մենք հնարավորություն կունենանք կրկին ապրելու մեր Երկնային Հոր հետ որպես հավերժական ընտանիքներ:

Մենք` յուրաքանչյուրս, մեր երախտագիտությունն ենք ցույց տալիս մեր Երկնային Հորը և մեր Փրկչին, երբ պատրաստակամորեն ծառայում ենք մեր եղբայրներին ու քույրերին: Ինչպես ուսուցանել է Երեց Ռասսել Մ. Նելսոնը. «Ահա թե ինչու ենք մենք արձագանքում Տիրոջ կողմից տրվող կոչումներին: Երբ հասկանում ենք Նրա հոժարակամ Քավությունը, զոհաբերելու մեր զգացումը ստվերածածկ է լինում Նրան ծառայելու մեզ տրվող արտոնությունից ծնվող երախտագիտության մեծ զգացումով» (Երեց Ռասսել Մ. Նելսոն, Գերագույն Համաժողով, հոկտեմբեր 1996թ.):

Վարդապետին հարցրեցին. «Ո՞ր պատվիրանքն է մեծ օրենքումը»: Հիսուսը պատասխանեց. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը: Սա է առաջին և մեծ պատվիրանքը»: Ապա Նա ավելացրեց. «Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթէոս ԻԲ.36-39):

Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու, ինչպես նաև մեր եղբայրների ու քույրերի հանդեպ մեր սերը, դրդում է մեզանից յուրաքանչյուրին պատրաստակամ, ուրախությամբ ու սիրով դառնալ փրկության ծրագրի մասնակիցն ու աջակիցը: Մեր սերը Աստծո և մեր մերձավորների հանդեպ ջերմեռանդ ներգրավվածություն կառաջացնի մեր մեջ, որ օգնենք մեր մերձավորներին վայելելու Հիսուս Քրիստոսի Ավետարանի օրհնությունները:

Մեզանից յուրաքանչյուրը մեծ ուրախություն կզգա պատրաստակամորեն ծառայելով Աստծուն և Նրա զավակներին: Առաջին Նախագահությունը խոստացել է. «Տերը կհատուցի և առատորեն կօրհնի ձեզ, եթե խոնարհաբար և ջերմեռանդորեն ծառայեք Նրան: Ավելի մեծ երջանկություն է սպասում ձեզ, քան դուք երբևէ ունեցել եք, երբ ջանքեր թափեք Նրա զավակների շարքերում» (Առաջին Նախագահության Ուղերձ, Քարոզեք Իմ Ավետարանը):

Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, Սուրբ Մեսիան: Նա մեր Փրկիչն ու Քավիչն է: Նա իրոք Ճանապարհն է, Ճշմարտությունը, Կյանքը և Աշխարհի Լույսը:  Ի դեպ, Նա միակ ճանապարհն է «և չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում» (2 Նեփի 31.21):

Եկեք միշտ երախտապարտ լինենք մեր Երկնային Հորն ու մեր Փրկչին Նրա քավության համար, նրանց մաքուր, կատարյալ, անվերապահ և անսահման սիրո համար: Եկեք յուրաքանչյուրս ցույց տանք մեր սերը մեր Երկնային Հոր և մեր Փրկչի հանդեպ, սիրելով և ջերմեռանդորեն ծառայելով մեկս մյուսին: