Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Տիրոջ անսահման հասանելիությունը

Ես հրավիրում եմ ձեզ փաստագրել Տիրոջ ձեռքը ձեր կյանքում՝ սկսելով հետահայաց հիշողության ճանապարհով՝ որքանով կարող եք:

Տիրոջ անսահման հասանելիությունը
Երեց Մարկ Գ. Ստյուարտ, Միացյալ Թագավորություն
Երեց Մարկ Գ. Ստյուարտ, Միացյալ Թագավորություն Տարածաշրջանային Յոթանասունական, Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջան

Դեպի Հիսուս Քրիստոսը իմ անձնական ճամփորդության նշանակալից պահը կարելի է վերագրել նախագահ Հենրի Բ Այրինգի կողմից տրված հրավերին (1):

Նա ասել է. «Ես օրհնում եմ ձեզ, որ եթե ամեն օր աղոթքով խնդրեք ցույց տալ, թե որտեղ է Աստծո ձեռքը միջամտել ձեր կյանքին այդ օրը, դուք կտեսնեք դա, դա կհայտնվի ձեզ, դուք կտեսնեք, որ Նա առաջնորդում, ուղղորդում և բարձրացնում է ձեզ, և որ Նա ճանաչում է ձեզ»:

Այդ հրավերը՝ «ամեն օր գիտակցաբար փաստագրելու Տիրոջ ձեռքը մեր կյանքում», արձագանք գտավ իմ հոգում:

p3

Ես ընդունեցի հրավերը և գնեցի մի նոր երկնագույն նոթատետր, որը կդառնար թանկարժեք անձնական գրառումների պահոց և որտեղ կգրանցվեին պահերը, երբ ես տեսնում էի Տիրոջ ձեռքն իմ կյանքում: Ես չգիտեի, թե որքան կարևոր է լինելու այդ փոքրիկ երկնագույն նոթատետրը Հիսուս Քրիստոսին փնտրելու իմ շարունակական ճամփորդության ընթացքում:

Եվ ես սկսեցի հիշել այն ժամանակները, երբ ճանաչել եմ Տիրոջ ձեռքն իմ կյանքում: Երբ տասնմեկ տարեկան էի, ես վթարի ենթարկվեցի, որի հետևանքով ծակվեց իմ փայծաղը։ Ինձ տեղափոխեցին հիվանդանոց և, վիրահատությունից առաջ առանց ուտելիքի և ջրի մնալը ինձ հավերժություն էր թվում: Հատկապես հիշում եմ, որ վաղ առավոտյան ես պառկած էի մի մեծ սենյակում, և ինձ խոցելի ու միայնակ էի զգում: Ես լուռ աղոթում էի օգնության համար, որպեսզի թուլացնեմ անհանգստության և անհարմարության զգացումը: Կարճ ժամանակ անց մի բուժքույր եկավ և առաջարկեց ինձ բամբակյա վիրակապով փաթաթված սառույցի մի կտոր՝ ծծելու համար: Սփոփանքի ու թարմության զգացումը շքեղ խնջույքի տպավորություն թողեց ինձ վրա: Ամենակարևորը, սակայն այն էր, որ ես ճանաչեցի և ընդունեցի Տիրոջ ձեռքը:

p4

Սաղմոսների սուրբ գրությունը կատարվեց այդ հիվանդանոցի մահճակալի վրա: Այդ գիշեր «իմ ձայնով աղաղակեցի Տիրոջը, և նա պատասխանեց ինձ իր սուրբ լեռից» (2): Թեև սա կարող է աննշան թվալ, բայց հարցնելու և հավատք գործադրելու իմ փորձը պատասխան ստացավ: Եվ ես ոչ միայն ֆիզիկական թեթևացում էի զգում, այլև զգում էի, որ ՆԱ ճանաչում է ինձ:

Առանց փոխանցելու իմ բոլոր փորձառությունները, որոնք ես փաստագրել եմ իմ երկնագույն նոթատետրում, ի հայտ է եկել մի հետևողական օրինաչափություն: Երբ ես խնդրում եմ, հավատում եմ, որ կստանամ, (3) և ճանաչում եմ Նրան, իմ հարաբերությունները Նրա հետ ամրապնդվում են: Այս օրինաչափությունը առաջնորդել է և շարունակում է առաջնորդել ինձ հիվանդության, փորձությունների, հուսահատության և ցավի ժամանակ:

p5

2022 թվականի ԵԶՀ թեման (4) հրաշալիորեն նկարագրում է այդ օրինաչափությունը: Ես և կինս՝ Ալիսան, հնարավորություն ունեցանք մասնակցելու 2022 թվականի ԵԶՀ-ի Մանչեսթրի (Շոտլանդիա) նիստին: Մենք ականատես եղանք, որ այս օրինաչափությունը դրսևորվեց շատ մասնակիցների կյանքում: Մի երիտասարդ կին բազմաթիվ դժվար հարցեր էր բերել ԵԶՀ-ին, առանց ակնկալիքի, որ կստանա դրանց բոլորի պատասխանները: Նա ուրախության արցունքներով պատմում էր, որ Քրիստոսի վրա կենտրոնացած այս իրադարձության ժամանակ գտել էր իր բոլոր հարցերի պատասխանները: Նա գիտեր, որ Նա ճանաչում է իրեն: Այդ երիտասարդ կինը վերջերս կանչվել է ծառայելու Նրան Ֆրանկֆուրտ Գերմանիա միսիայում:

Պետրոս առաքյալն ասել է. «Միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի» (5):

p5

Ես հրավիրում եմ ձեզ փաստագրել Տիրոջ ձեռքը ձեր կյանքում՝ սկսելով հետահայաց հիշողության ճանապարհով՝ որքանով կարող եք: Շարունակեք ամեն օր ճանաչել, ընդունել և ստանալ բժշկության վարդապետի, առավոտյան պայծառ աստղի հասանելիությունը, Նա, որ ամեն ինչում է, ամեն ինչից վեր է՝ ամեն ինչի միջով և ամեն ինչի շուրջը (6):

Ես սիրում եմ Նրան, ես պաշտում եմ Նրան, ես կախված եմ Նրանից, որովհետև կարող եմ հիշել բազմաթիվ անգամներ, երբ ես անձնական հաստատում եմ ունեցել, որ Նա ճանաչում ու սիրում է ինձ:

Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն


Հղումներ.

1. «Կայուն, վերընթաց ընթացք», Այրինգ, ԲՅՀ Այդահո հոգևոր հավաք, սեպտեմբեր 2001թ.

2. Սաղմոս 34.4

3. Մատթեոս 21.22

4. Առակաց 3.5-6

5. Ա Պետրոս 3.15

6. Կողոսացիներին 1.17