Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Ներում

Ներումը ամենամեծ պարգևներից մեկն է, որը տվել է մեզ մեր Երկնային Հայրը: Հիսուս Քրիստոսի քավող աշխատանքի միջոցով մենք կարող ենք ստանալ ներման ուրախ հրաշքը՝ զգալով սրտի հզոր փոփոխություն, դառնալով «սուրբ …, ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի», զգալով խաղաղություն և վստահություն, ստանալով մխիթարություն և ուժ՝ ուրախությամբ շարունակելու ուխտի ճանապարհը:

Elder Samuel Koivisto
Երեց Սամուել Կոյվիստո, Ֆինլանդիա Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջանի յոթանասունական

Երբ Փրկիչը ապրում էր երկրի վրա, Նա սիրում էր մարդկանց՝ ծառայելով նրանց: Նա կիսվում էր իմաստությամբ և գիտելիքներով՝ ուսուցանելով նրանց Երկնային Հոր երջանկության ծրագրի մասին: Նա հրավիրում էր բոլորին գալ Իր մոտ. «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»: (1) Այս նույն հրավերը դեռ ուժի մեջ է, և այն ուղղված է մեզանից յուրաքանչյուրին, որպեսզի մենք կարողանանք ճանաչել Նրան և մի փոքր ավելի նմանվել Նրան:

Հիսուս Քրիստոսը ներման կատարյալ օրինակ է մեզ համար: Նա ուսուցանեց իր աշակերտներին, թե նրանք քանի անգամ պետք է ներեն իրենց եղբորը, եթե եղբայրը շարունակի սխալներ գործել. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»: (2) Սա ենթադրում է շարունակական ներում: Քրիստոսը սովորեցրեց մեզ աղոթել մեր Երկնային Հորը. «Եվ ներիր մեզ մեր մեղքերը, որովհետև մենք էլ ներում ենք ամենքին, որ մեղավոր են մեր հանդեպ»: (3) Փրկչի ներելու ունակության վերջնական օրինակը Նրա խնդրանքն էր Աստծուն, երբ Նա խաչվեց, ապա Նա ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»: (4)

«Ներելը աստվածային հատկանիշ է: Դա ներում կամ արդարացում է ինչ-որ մեկին, երբ նրան մեղադրում են որևէ հանցանքի կամ արարքի համար: Սուրբ գրությունները հիշատակում են ներումը երկու ձևով. Տերը պատվիրում է մեզ ապաշխարել մեր մեղքերից և փնտրել Իր ներումը: Նա նաև պատվիրում է ներել մեզ վիրավորողներին և վնասողներին»։ (5) Քրիստոսն ուսուցանել է. «Ներե՛ք և ներված կլինեք»: (6) «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»: (7)

Մենք եկել ենք այս աշխարհ՝ ստանալու ֆիզիկական մարմին, որը մեզ հնարավորություն է տալիս սովորել, աճել և զարգանալ: Մենք ունենում ենք հակադրություններ, նաև ունենք ընտրության ազատություն, որը համապատասխանում է Երկնային Հոր ծրագրին: Նույնիսկ, երբ ձգտում ենք անել ամեն բան մեր ուժերի ներածին չափով, մենք բոլորս սխալվում ենք, մեղք ենք գործում և սխալ ընտրություններ կատարում: Հիսուս Քրիստոսի քավության միջոցով մենք կարող ենք ներում ստանալ մեր մեղքերի համար՝ անկեղծ և ամբողջական ապաշխարության միջոցով, որը ներառում է՝ կոտրված սիրտ, փշրված հոգի և Աստծո ուզած տրտմությունը:

«Ներումը պահանջում է ապաշխարել մեր մեղքերից և միևնույն ժամանակ մեծացնել ու ամրապնդել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Երբ մենք ապաշխարում ենք և գալիս ենք Նրա մոտ, մենք ներման ճանապարհին ենք»։

Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է. «Մենք, այնուամենայնիվ, պետք է հիշենք, որ ներման աստվածային պարգևին երբեք չենք կարող արժանանալ. այն կարելի է միայն ստանալ: Այո, պատվիրաններին պետք է հնազանդվել, և կատարել արարողությունները՝  ներում ստանալու համար, բայց անձնական ջանքերը, որքան էլ մեծ լինեն, կորցնում են կարևորությունը՝ համեմատած փրկագնման արժեքի հետ: Իրականում համեմատություն չկա։ «Ներումը պարգև է, և միակը, ով կարող է տալ պարգևը, աշխարհի Քավիչն ու Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը: Նա պատրաստակամորեն առաջարկում է Իր անգին պարգևը բոլոր նրանց, ովքեր դիմում են Իրեն՝ այն ստանալու համար»: (9)

Ընտանիքի հռչակագիրը հիշեցնում է մեզ, որ երջանիկ կյանքի կարևոր սկզբունքներից մեկը ներումն է, անկախ նրանից, թե քանի մարդ է պատկանում մեր ընտանիքին. «Հաջողակ ամուսնությունները և ընտանիքները հաստատվում և պահպանվում են հավատքի, աղոթքի, ապաշխարության, ներման, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջարար ժամանցի սկզբունքների հիման վրա»: (10)

Նախագահ Նելսոնը մեզ մի խնդրանք է ներկայացրել. «Իմ կոչն է այսօր, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վերջ տալ հակամարտություններին, որոնք մոլեգնում են ձեր սրտում, ձեր տանը և ձեր կյանքում: …Ես կրկնում եմ իմ կոչը՝ վերջ տալ ձեր կյանքում առկա հակամարտություններին: Գործադրե՛ք խոնարհություն, քաջություն և ուժ, որոնք պահանջվում են՝ և՛ ներելու, և՛ ներում փնտրելու համար: Փրկիչը խոստացել է, որ «եթե [մենք] ներեք մարդկանց իրենց զանցանքները, [մեր] Երկնային Հայրն էլ մեզ կների»։ (11) «Ահա, ով որ աապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք»: (12)

Նույն կերպ մենք պետք է ներենք և մոռանանք մեր գործած սխալները: Ներումը ամենամեծ պարգևներից մեկն է, որը տվել է մեզ մեր Երկնային Հայրը: Հիսուս Քրիստոսի քավող աշխատանքի միջոցով մենք կարող ենք ստանալ ներման ուրախ հրաշքը՝ զգալով սրտի հզոր փոփոխություն (13), դառնալով «սուրբ …, ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի» (14), զգալով խաղաղություն և վստահություն, ստանալով մխիթարություն և ուժ՝ ուրախությամբ շարունակելու ուխտի ճանապարհը:

Այս պատճառով է, որ մենք «խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»: (15)

 

  1. Մատթեոս 11.28
  2. Տես Մատթեոս 18.21-22
  3. Ղուկաս 11.4 (տես նաև հատվածներ 1–3)
  4. Ղուկաս 23.34
  5. Ավետարանական թեմա. Ներում
  6. Ղուկաս 6.37
  7. Վարդապետություն և Ուխտեր 64.10
  8. Տես Նիլ Լ. Անդերսեն, « The Divine Gift of Forgiveness, », 146
  9. Նիլ Լ. Անդերսեն, «Ներման պարգևը», Լիահոնա, փետրվարի 2021, 11
  10. Ընտանիք. Հայտարարություն աշխարհին
  11. Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 97, 100
  12. Վարդապետություն և Ուխտեր 58.42
  13. Տես Մոսիա 5.2
  14. Մոսիա 3.19:
  15. 2 Նեփի 25.26: