Վեց շաբաթում ես ուսումնասիրեցի Փրկիչի մասին սուրբ գրության ավելի քան 2200 հատված: Թույլ տվեք կիսվել իմ փորձառությամբ:

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ՝ Ռասսել Մ. Նելսոն, 28 փետրվարի, 2017թ.

2017 թվականի հունվարին տեղի ունեցած Երիտասարդ չափահասների համաշխարհային հոգևոր հավաքի ընթացքում ես կոչ արեցի նրանց, ովքեր դիտում են, մեծացնել իրենց վկայությունը Փրկիչի մասին՝ ամեն շաբաթ ժամանակ հատկացնելով հետևյալին.

  • Հին Կտակարանից ուսումնասիրելու Հիսուսի բոլոր խոսքերն ու գործերը:

  • Նոր Կտակարանից ուսումնասիրելու Նրա օրենքները:

  • Մորմոնի Գրքից ուսումնասիրելու Նրա վարդապետությունը:

  • Վարդապետություն և Ուխտերից ուսումնասիրելու Նրա խոսքերը:

Ես խոստացա լսողներին, որ եթե նրանք իրենց ուժերի ներածին չափով շարունակ սովորեն Հիսուս Քրիստոսի մասին, Հիսուսի և Աստծո օրենքների հանդեպ նրանց սերը կաճի իրենց պատկերացրածից առավել:

Այս ելույթի ժամանակ ես չնշեցի այն, որ գիտեի, որ այդ խոստումն իրական էր, քանի որ ինքս առաջին անգամ էի ավարտին հասցնում այդ նույն հանձնարարությունը:

2016 թվականի դեկտեմբերի 1-ին ես վերցրեցի սուրբ գրությունների նոր խմբաքանակ և սկսեցի կատարել նույն հանձնարարությունը, որն ավելի ուշ՝ հունվարին պետք է հանձնարարեի երիտասարդ չափահասներին: Վեց շաբաթ անց, երբ ավարտեցի հանձնարարությունը, չորս սուրբ գրքերից նայել էի ավելի քան 2200 հղումներ և նշումներ էի կատարել:

Ինձ համար ցնցող էր այս հանձնարարության կատարումը:

Իմ հայտնաբերածից առավել խորաթափանց էր այն, որ Փրկիչը մեզ պատմում էր Իր մասին տարբեր ժամանակահատվածների ընթացքում՝ Հին Կտակարանում, Նոր Կտակարանում, Վերականգնման շրջանում և մեր օրերում: Բոլոր սուրբ գրքերում պատմությունը նույնն է և նույնն է՝ Պատմողը:

Իմ 92 տարիներից շատերը ես նվիրել եմ Փրկիչի մասին սովորելուն, սակայն հազվադեպ են եղել առիթները, երբ կարողացել եմ սովորել այնքան, որքան կարողացա՝ այս վեց շաբաթվա ուսումնասիրության ընթացքում: Ի դեպ, այս ուսումնասիրությունից ես այնքան շատ բան սովորեցի, որ մտադիր եմ կիսվել շատ մտքերով իմ գալիք ելույթների ժամանակ, որոնք այժմ պատրաստում եմ:

Այս հանձնարարությունը սկսելիս ես չէի սպասում, որ ուսումնասիրությունը կօգնի ինձ նոր վկայություն ստանալ Ջոզեֆ Սմիթի կատարած աշխատանքի աստվածայնության մասին, բայց այդպես եղավ: Ջոզեֆ Սմիթի կողմից գրի առնված հայտնությունները և Աստվածաշնչում գտնվող գաղափարները  զարմանալիորեն համահունչ են: Ինձ համար լուսավորող փորձառություն էր տեսնելը դա իմ ուսումնասիրության ժամանակ:

Ջոզեֆ Սմիթը հավանաբար ժամանակ չէր ունեցել Աստվածաշնչի հետ համեմատություններ և խաչաձև հղումներ կատարելու՝ Մորմոնի Գիրքն արագ տեմպերով թարգմանելու հետ մեկտեղ, բայց այդ ամենն առկա է:

Այսպիսով, ես հիմա ոչ միայն ավելի մեծ վկայություն ունեմ Տիրոջ և Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի մասին, այլ նաև իմ բացարձակ համոզվածության վերահաստատում, որ այդ համակարգը, որն ուներ Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գրքի թարգմանության համար, Աստծո պարգևն էր:

Ես պատկերացնում եմ, որ ձեզանից ոմանք հավանաբար մտածում են, թե հնարավոր է ժամանակ չունենան կատարելու այս հանձնարարությունը:

Ես գիտեմ, թե դուք ինչ եք զգում: Ես նույն բանն էի մտածում՝ որ ոչ մի կերպ ժամանակ չեմ ունենա այս ամենն անելու համար: Ես կարիք ունեի հիշեցնելու ինքս ինձ, որ այսպիսի մտածելակերպը հավատք խթանող մտածելակերպ չէ: Հավատք խթանող մտածելակերպը կթելադրեր հետևյալը. «Ես գիտեմ, որ ժամանակ չունեմ սրա համար, բայց ես կփորձեմ այն գտնել: Եվ ես կկատարեմ դա իմ ունեցած ժամանակում»:

Յուրաքանչյուրս, ընդունելով այս առաջադրանքը, կավարտենք այն մեզ հարմար ժամկետում: Ինձ համար ուրախության մեծ առիթ էր՝ ավարտել այս ամենն ընդամենը վեց շաբաթում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ունեցած հագեցած այս ուսումնասիրությունը թույլ տվեց ինձ գնահատել Հին Կտակարանում, Մորմոնի Գրքում, Նոր Կտակարանում ու Վարդապետություն և Ուխտերում պարունակվող ուսմունքների փոխլրացնող բնույթը:

Նրանց, ովքեր կարծում են, որ ժամանակ չեն ունենա, կասեմ հետևյալը. եթե դուք զոհաբերեք, մեծապես կպարգևատրվեք և շատ, շատ երախտապարտ կլինեք տեսահորիզոնի փոփոխության, գիտելիքի աճի և դեպի ավետարանը ձեր դարձի զգալի խորության համար: Ես գիտեմ, որ սա ճշմարիտ է, քանի որ տեսել եմ նույն պարգևներն իմ կյանքում:

Ինչպես ասացի հոգևոր հավաքի ժամանակ, մի գալիք օր դուք կներկայանաք Փրկիչի առաջ: Նրա սուրբ ներկայությամբ դուք ճնշված կլինեք մինչև իսկ արտասվելու աստիճան: Ձեզ դժվար կլինի բառեր գտնել Նրան շնորհակալություն հայտնելու՝ ձեր մեղքերի համար վճարելու, ուրիշների հանդեպ ձեր անգթությունը ներելու, այս կյանքում ձեր ստացած վնասվածքներն ու անարդարությունները բուժելու համար:

Դուք շնորհակալություն կհայտնեք Նրան անհնարինն անելիս ձեզ ուժ տալու, ձեր թուլություններն ուժեղ կողմերի վերածելու և հնարավոր դարձնելու համար այն, որ դուք հավերժ ապրեք Նրա և ձեր ընտանիքի հետ: Նրա ինքնությունը, Նրա Քավությունը և Նրա հատկանիշները հարազատ ու իրական կդառնան ձեզ համար:

Բայց դուք չպետք է սպասեք մինչ այդ օրը: Այսօր ընտրեք լինել Նրա ճշմարիտ հետևորդներից մեկը: Եղեք մեկն, ով իսկապես սիրում է Նրան, ով իսկապես ուզում է ծառայել և առաջնորդել, ինչպես Նա արեց: Ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք ուսումնասիրեք Նրա խոսքերը, Նրան նմանվելու ձեր ունակությունը կզորանա: Ես գիտեմ, որ սա ճիշտ է:

Դիտեք կամ կարդացեք Նախագահ Նելսոնի ելույթը համաշխարհային հոգևոր հավաքի ընթացքում: