Սուրբ Հոգու պարգևը թույլ է տալիս յուրաքանչյուրիս, եթե արժանի ապրենք, ունենալ Նրա մշտական ընկերակցությունը: Նա ուսուցանում, վկայում, կրթում, սրբագործում է մեզ և կարող է օգնել յուրաքանչյուրիս ուրախությամբ դիմանալ մինչև վերջ: Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է, որ Տիրոջ Հոգին կարող է խաղաղություն և ուրախություն պարգևել մեր հոգիներին, իսկ չարությունը, ատելությունը, հակառակությունը և չարիքը վերցնել մեր սրտերից (տես Manuscript History of Brigham Young, 1846–1847, comp. Elden J. Watson (1971), 529–30):
Սուրբ Հոգին, սովորաբար, խոսում է մեզ հետ ցածր մեղմ ձայնով, որը, հաճախ շշնջում է մեզ և լուռ հուշում տալիս (ՎևՈւ 8.2–3, ՎևՈւ 9.8–9, 1 Նեփի 17.45): Երբ մենք գտնվում ենք մի միջավայրում, որը լցված է աշխարհիկ բարձրաձայն շեղող երևույթներով և հակասական իրավիճակներով, Սուրբ Հոգու համար դժվար է ուսուցանել, կրթել և առաջնորդել մեզ: Նա կհեռանա մեզանից այնպիսի իրավիճակներում, որտեղ կա զայրույթ, վիճաբանություն, հակառակություն կամ դժգոհություն:
Այսօր շատ եկեղեցիներում ընդունելի է վիճաբանելը, ընդդիմանալը, հակառակելը կամ բարձր ձայնով կարծիքը պնդելը: Թեև այս ամենը կարող է հանդուրժվել այսօրվա մեր հասարակության մեջ, դա ընդունելի չէ ավետարանի մշակույթում և վանում է մեզանից Սուրբ Հոգին:
Հակառակությունը մեր հարաբերություններից, մեր տներից և եկեղեցական մեր ժողովներից հեռացնելը մեծագույն կարևորություն է ներկայացնում: Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «պատերազմը երկնքում արյուն թափելու պատերազմ չէր: Դա հակասող գաղափարների պատերազմ էր՝ հակառակության սկիզբ (տես 'The Canker of Contention', April 1989 General Conference, Elder Russell M. Nelson): Այն սկսվեց հպարտության և եսասիրության պատճառով: Այսօր հակառակությունը գալիս է այդ նույն աղբյուրներից:
Հակառակությունը վերացնելն այնքան կարևոր է, որ դա եղել է առաջին սկզբունքը, որ Փրկիչն ուսուցանել է Նեփիացիներին՝ մկրտության մասին նրանց ուսուցանելուց հետո: Նա ուսուցանել է, որ «նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ»: Նա ուսուցանել է նրանց չհակառակվել մեկը մյուսին: Դա նշանակում է, որ մենք չպետք է հակառակվենք, վիճենք, հակաճառենք կամ բարձր ձայնով բանավիճենք մյուսների հետ (տես 3 Նեփի 11.28-30):
Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25): Սուրբ Հոգին բերում է մեր կյանք լույս, հանգստություն, խաղաղություն, ներդաշնակություն և ուրախություն, մինչդեռ հակառակությունը բերում է խավար և թշվառություն և մեզ իր պես թշվառ դարձնելու Լյուցիֆերի ցանկությունը (տես 2 Նեփի 2.27):
Իր ծառայության ընթացքում Փրկիչն ուսուցանել է. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. Ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։ Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Հովհաննես ԺԳ.35)։ Մորմոն մարգարեն սովորեցրել է, որ յուրաքանչյուրս պետք է աղոթենք մեր սրտերի ողջ եռանդով, որպեսզի լցվենք գթությամբ և մյուսների հանդեպ սիրով (տես Մորոնի 7.48):
Սուրբ Հոգին կկրթի և կսրբագործի մեզ, եթե մենք արժանի ապրենք Իր մշտական ընկերակցությանը: Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն ընտրի լինելու այնպիսի վայրերում և իրավիճակներում, որտեղ կարող է բնակվել Հոգին: Իմ հույսն է, որ յուրաքանչյուրս աղոթի, որ մեր սրտերը լցվեն սիրով և համբերությամբ և մյուսների հանդեպ գթասրտությամբ: Ես աղոթում եմ, որ մենք խոսենք միայն բարի խոսքեր և սիրող լինենք մեկս մյուսի հանդեպ, ինչպես պատվիրել է Փրկիչը:
Սովորելով սիրել ավելի կատարյալ, ներել ավելի արագ և խուսափել հակառակությունից, մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ ավելի նման մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, և, այդպիսով, վերադառնալ և հավերժ ապրել մեր Երկնային Հոր հետ: