
«Միջնորդ» բառը ծագում է լատիներենից և նշանակում է հաշտարար, բարեխոս:
Մեր մահկանացու կյանքում լինում են դեպքեր, օրինակ՝ բիզնեսում, տուն և մեքենա գնելիս կամ վարձելիս, և նաև հակասությունների ժամանակ, երբ մենք միջնորդի կարիք ենք ունենում:
Միջնորդության գործընթացում հաջողակ լինելու համար միջնորդը պետք է լինի չեզոք, արդար, անկողմնակալ և պետք է ապահովի, որ ներգրավված կողմերից ոչ մեկի իրավունքները չխախտվեն:
Որպես երջանկության ծրագրի մաս՝ Տերը մեզ համար երկրային կյանք է ապահովել: Մեր ծնունդը նախկինում կատարած մեր ընտրության արդյունքն է և շատ կարևոր քայլ է մեր հավերժական առաջընթացում:
Ժամանակով սահմանափակված մեր մահկանացու կյանքը կարճ է և ամեն անցնող օրվա հետ ավելի է կարճանում: Եվ այնուամենայնիվ, այն էական է մեր փրկության համար, քանի որ մեզ թույլ է տալիս կատարել ամենօրյա ընտրություններ, որոնք կա՛մ կարող են մեզ ավելի մոտեցնել մեր Երկնային Հորը, կա՛մ ավելի հեռացնել Նրանից:
Բենիամին թագավորից մենք սովորում ենք, որ «բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից (…), մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին» (Մոսիա 3.19): Միայն մեր ջանքերով, մեր մարմնական բնույթով և առանց օգնության մենք չենք կարող հասնել այս կյանքի նպատակին:

Մեզ անընդհատ ձգում են երկու հակադիր ուժեր, որոնցից մեկը հրապուրում է մեզ բարիք գործել, մյուսը հրապուրում է չարիք գործել: «Ուստի, Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն: Ուստի, մարդը չէր կարող գործել ինքնուրույն, մինչև որ չհրապուրվեր մեկի կամ մյուսի կողմից» (2 Նեփի 2.16):
Տերը հրաշալի գիտի այս մահկանացու կյանքի մարտահրավերները: Նա գիտի մեր թույլ և ուժեղ կողմերը, գիտի, որ ընտրության այս գործընթացում մենք սխալվելու ենք, և դրա համար էլ միջնորդ է տրամադրել մեզ։
«Որովհետեւ [միայն] (...) մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ» (Ա Տիմոթեոս 2.5): Այդ միջնորդը Հիսուս Քրիստոսն է, Նա Հոր հետ կապած մեր ուխտերի միջնորդն է: Նրա միջոցով է, որ մենք գալիս ենք մեր Երկնային Հոր մոտ:
Քրիստոսը «աւելի լաւ ուխտի միջնորդ է» (Եբրայեցիս 8.6): Այդ ուխտը թույլ է տալիս բավարարել արդարության պահանջները և ողորմածության պահանջները:
Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ, ով բարեխոսեց մեր մեղքերի համար, մենք հնարավորություն ունենք ապաշխարելու և կատարելու ուխտի բոլոր պահանջները: Նա հնարավոր դարձրեց այդ գործարքը:
Իր անսահման իմաստությամբ Մեր Տերը մեզ տվել է մեկ օր՝ բաժանված 24 ժամի. ամեն օրը նոր օր է, նոր հնարավորություն և վերածնունդ:
Ամեն օրվա վերջում ենք կարող ենք խորհել մեր գործողությունների շուրջ, խոնարհ աղոթքով կարող ենք Տիրոջը հանձնել մեր ամենօրյա ջանքերը, մեր մարտահրավերները, շնորհակալություն հայտնել և խնդրել նրա օգնությունը նոր օրվա համար: Ամեն օր վերածնունդ է, և մենք նոր հնարավորություն ունենք ընտրելու ճիշտը ու մի փոքր ավելի լավը լինելու, քան նախորդ օրը:
Ի՜նչ հրաշալի օրհնություն է իմանալ և զգալ, որ անկեղծ ապաշխարության միջոցով մենք կարող ենք ազատվել մեր մեղքերից:

Բացի մեր Վարդապետ Հիսուս Քրիստոսից՝ մեր հավերժական Գերագույն Միջնորդից, Տերը գիտի, որ որպես ծրագրի մաս, մեր կյանքում կլինեն պահեր, երբ մենք կարիք կունենանք այլ միջնորդների, ովքեր մեր կողքին կլինեն: Ուստի, Նա վերականգնեց Իր եկեղեցին այս վերջին օրերին՝ մարգարեների և առաքյալների հիմքի վրա, ովքեր կրում են քահանայության բոլոր բանալիները, ինչպես նաև տեղի ղեկավարների, որպեսզի օգնեն մեզ:
Նախ և առաջ, ես գիտեմ, որ մեր ամենամեծ միջնորդը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Ի՜նչ հրաշալի օրհնություն է իմանալ և զգալ, որ անկեղծ ապաշխարության միջոցով մենք կարող ենք ազատվել մեր մեղքերից:
Ես գիտեմ, որ նույնիսկ եթե ամեն ինչ ձախողվի մեր կյանքում, նույնիսկ եթե անարդար վարվեն մեզ հետ կամ հալածեն ու դատապարտեն մահվան, մեր միջնորդ Հիսուս Քրիստոսը չի ձախողի: Ես լիովին վստահում եմ նրան: Ես գիտեմ, որ նա կապահովի և կերաշխավորի, որ մեր բոլոր իրավունքները, օրհնություններն ու արտոնությունները վերջում պահպանվեն, և մենք հաղթենք: Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն։