Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ 

Մեկ լինենք Քրիստոսում

parents with 3 kids reading and laughing together
Elder Pokhylko
Երեց Կիրիլո Պոխիլկո, Ուկրաինա  Տարածքային Յոթանասունական, Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջանի Նախագահության օգնական

Գեղեցիկ եկեղեցական օրհներգը, որը կոչվում է «Քանի որ ինձ շատ է տրվել» (“Because I have been given much”) (1), ուսուցանում է մեզ բոլորիս, որ Տերը ցանկանում է, որ մենք լինենք մեկ և օգնենք միմյանց այն ամենով, ինչով օրհնվել ենք մեր սիրառատ Երկնային Հոր կողմից: Երբ այդպես ենք վարվում, ավելի լավ ենք պահում տաճարային ուխտերը, որոնք կապել ենք Նրա հետ: Պողոս առաքյալն ուսուցանել է. «Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց» (2): Ի՜նչ օրհնություն է կարողանալ աջակցել միմյանց և մեկ լինել Քրիստոսում: Միասին մենք կարող ենք շատ ավելին անել, քան, երբ մենակ ենք:  

Քրիստոսում մեկ լինելը նշանակում է Եկեղեցում միասին ուսումնասիրել նրա խոսքերը: Մենք բոլորս տարբեր ենք՝ տարբեր շնորհներով, հմտություններով, կյանքի փորձով և անցյալով: Այդ տարբերությունների մեջ մենք կարող ենք ուժ գտնել, երբ կենտրոնանանք Փրկչի և Նրա ուսմունքների վրա, մինչ միասին սովորում ենք սուրբ գրություններից: Սուրբ Հոգին անհատապես կաշխատի մեզ հետ, երբ միասին երկրպագելով Տիրոջը, մենք բաց լինենք սովորելու և մեր հոգևոր փորձառությունը հարստացնելու համար:  

Քրիստոսում մեկ լինելը նշանակում է կիսվել մեր վկայություններով և միասին ուսումնասիրել սուրբ գրությունները տանը՝ մեր ընտանիքներում: Երեխաները լիովին իրավունք ունեն լսելու իրենց ծնողների վկայությունները, որոնք հաճախ կիսվում են իրենց հետ՝ ոչ պաշտոնական և ընկերական միջավայրերում: Զավակները պետք է իմանան, որ իրենց ծնողները գիտեն, որ Փրկիչն ապրում է, և Նա է ղեկավարում Իր եկեղեցին: Ամուսինները արժանի են հաճախ լսել միմյանց վկայությունները, ամրապնդել միմյանց հավատքը: Նեփիից մենք սովորում ենք. «Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (3):    

Քրիստոսում մեկ լինելը նշանակում է միմյանց համար անել այն, ինչ արել է Փրկիչը: Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին օգնում ենք ինչ-որ բան անել, որպեսզի ավելի մոտ լինի Փրկչին, մենք, միևնույն ժամանակ, ավելի ենք մոտենում Նրան: Ծառայության մեր բոլոր ջանքերը գործադրելիս, երբ գնում և օգնում որևէ մեկին, կամ երբ տանը անհատապես և ընտանիքով աղոթում ենք Երկնային Հորը ինչ-որ մեկի անունից, մենք կօրհնվենք Հոգով, կմոտենանք Փրկչին և ավելի մոտ կլինենք միմյանց՝ որպես նրա որդիներ և դուստրեր: Նեփին մեզ մեծ դաս ուսուցանեց այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել միմյանց, երբ միասին չենք, սակայն մտահոգված ենք միմյանց հոգևոր և ֆիզիկական բարօրությամբ: Նա ասել է հետևյալը. «Քանզի ես անընդհատ աղոթում եմ նրանց համար ցերեկով, և իմ աչքերը թացացնում են իմ բարձը գիշերով՝ նրանց համար. և ես կանչում եմ առ իմ Աստված հավատքով, և ես գիտեմ, որ նա կլսի իմ աղաղակը» (4): Երկնային Հայրը սիրում է նրանց, ովքեր օգնում են Իր զավակներին և կօրհնի նրանց ինչ-որ մեկի մասին լավ հոգ տանելու ավելի շատ հնարավորություններով:  

Մենք մեկ կմնանք Քրիստոսում, երբ կիրակի օրը գանք եկեղեցի և ճաշակենք հաղորդությունը, երբ կիսվենք մեր վկայությամբ Փրկչի և Նրա վերականգնված ավետարանի մասին, և երբ գանք տաճար՝ մասնակցելու տաճարային արարողություններին և ծառայելու միմյանց: Մենք մեկ կլինենք Քրիստոսում, երբ միմյանց մասին «ունենանք սելեստիալ մտածողություն»՝ փորձելով տեսնել լավագույնը յուրաքանչյուրի մեջ և իմանալով, որ Տերը կարող է օգնել ցանկացածին գալ Իր մոտ և փոխվել, եթե մարդը պատրաստ է զգալ այդ հզոր փոփոխությունը:  


  1. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու Օրհներգեր #219, “Because I have been given much” 

  1. Բ Կորնթացիներին 1.3-4 

  1. 2 Նեփի 25.26 

  1. 2 Նեփի 33.3