Գաղափարներ դասի համար
Թեմա. Ծառայել մարդկանց
Օրհներգ. “Have I Done Any Good?” (Hymns, #223)
Միջոցառում
Տեսանյութ. «Բարիք գործելու հնարավորություն»
- Ի՞նչ է տապանագիրը: (Դա ամփոփ շարադրանք է մահացածի կյանքի մասին: Տապանագիրը ներկայացնում է, թե ինչ է արել մարդը կամ ինչպիսին էր նա կենդանության օրոք:)
Կարդացեք հետևյալ երկու մարդկանց կյանքին վերաբերող տապանագրերը.
«Այստեղ հանգչում է մի ագահ մարդ, ով ապրում էր ինքն իր համար
Եվ մտածում էր միայն ոսկի [փող ու հարստություն] դիզելու մասին:
Իսկ հիմա ուր է նա, որտեղ է թափառում,
Չգիտե ոչ-ոք և չի ուզում իմանալ»:
«Գեներալ Չարլզ Ջորջ Գորդոնի սուրբ հիշատակին, ով միշտ և ամենուր իր ուժն էր տալիս թույլերին, իր ունեցվածքն` աղքատներին, իր կարեկցանքը` տառապյալներին և իր սիրտը` Աստծուն»:
Հարցրեք.
- Ի՞նչ մեծ տարբերություն կար այս երկու մարդկանց ապրելակերպի միջև:
Ցուցադրեք «Հիսուսը լվանում է Առաքյալների ոտքերը» նկարը: Խնդրեք որևէ մեկին կարդալ Հովհաննեսի 13.14–15 հատվածները: Բացատրեք, որ Քրիստոսի ողջ կյանքը ծառայության կատարյալ օրինակ էր: Նա օրինակով ուսուցանեց Իր աշակերտներին ծառայության սկզբունքը: Հարցրեք.
- Ըստ ձեզ, Փրկիչն ինչո՞ւ էր ցանկանում, որ Իր աշակերտները ծառայեն ուրիշներին:
Կարդացեք Եկեղեցու նախկին Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի հետևյալ միտքը.
«Ուղղակի մտածեք: Միակ պատճառը, որ աշխարհը որևէ բան գիտի Հիսուսի Առաքյալների մասին, այն բանի շնորհիվ է, որ, հանդիպելով Փրկիչին, Առաքյալները նրան դարձրին իրենց կյանքի առաջնորդը: Եթե այդպես չվարվեին, ոչ-ոք չէր իմանա, որ այդ մարդիկ երբևէ ապրել են: Նրանք կապրեին, կմահանային ու կմոռացվեին, ինչպես հազարավոր մարդիկ այն ժամանակ ապրել ու մահացել են, և ոչ-ոք չգիտե կամ նրանց չի հուզում այդ մարդկանց կյանքը, ճիշտ այնպես, ինչպես հազարավոր մարդիկ ապրում են այսօր: … Յուրաքանչյուր օրվա վերջում այսպիսի մարդիկ ավարտում են իրենց ճանապարհը այնքան անպտուղ, որքան սկսել էին. նրանք ոչ մի ծառ չեն տնկում, որ ստվեր ապահովեն ուրիշների համար, վարդի թփեր չեն տնկում աշխարհն ավելի բուրումնավետ ու պայծառ դարձնելու համար, ովքեր ոչ մի բարի գործ, ոչ մի վեհանձն ծառայություն չեն կատարում, պարզապես անբերրի հող են, ամայի ճանապարհ` փուշ ու տատասկով պատված:
Այդպես չէ աշակերտների դեպքում, ովքեր ընտրեցին Հիսուսին` որպես իրենց առաջնորդ: Նրանց կյանքը նման է վարդերի պարտեզների, որոնցից աշխարհը հավիտյան կարող է գեղեցիկ ծաղիկներ քաղել:
Ամենաարժանի կոչումը կյանքում… այն է, երբ մարդը կարող է լավագույնս ծառայել իր բարեկամին … Ամենաազնիվ նպատակը կյանքում այն է` ձգտել ապրել այնպես, որ ուրիշների կյանքը ավելի լավ ու ավելի երջանիկ դառնա» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Դեյվիդ Օ. ՄակՔեյ, գլուխ 19, «Ծառայության աստվածային բնույթը»):
Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին անվանել մի քանի եղանակներ, որոնցով մենք կարող ենք ծառայել մարդկանց:
Տվեք հետևյալ հարցերը.
- Ինչպե՞ս եք զգում, երբ ծառայում եք մարդկանց:
- Ինչպե՞ս եք զգում, երբ ուրիշներն են օգնում ձեզ:
- Ինչպե՞ս եք ծառայում Աստծուն, երբ ծառայում եք մարդկանց: (Տես Մոսիա 2.17)
Պարտավորեցրեք յուրաքանչյուրին ուղիներ փնտրել, որոնցով կարող են այս շաբաթ ծառայել մարդկանց:
Լրացուցիչ առաջարկներ.
Օգտագործելով եգիպտացորենի հատիկները, ցույց տվեք, թե որքան կոշտ կարող ենք լինել մենք, երբ չենք ծառայում ուրիշներին, բայց երբ «պայթում ենք», դառնում ենք փափուկ ու հաճելի: