Մտքումս ես հաճախ կրկնում և անհատականացնում եմ Նեփիի խոսքերը, որոնք գրված են Մորմոնի Գրքի սկզբում։ «Ես՝ [Ջեյմսս], ծնված լինելով լավ ծնողներից»։[1] Դրանք ինձ հիշեցնում են այն օրհնությունների մասին, որոնք ես վայելում եմ իմ բացառիկ ծնողների՝ Ջեյմս Ուիլսոն և Ջուդիթ Էվելին ՄակՔոնկիների շնորհիվ։
Վերջերս մտածելով իմ ստացած ծնողական օրհնությունների մասին, ակամայից մտովի արտասանում եմ Նեփիի հաջորդ չորս բառերը։ Այդ բառերն են․ «հետևաբար, ինչ-որ չափով սովորեցվել էի»։[2]
Ինչո՞ւ էր Նեփին իրեն օրհնված զգում «լավ» ծնողներ ունենալու համար։ Քանի որ Լեքին և Սարիան նրան սովորեցրել էին այսպիսի կարևոր բաները՝ որտեղից է նա եկել, ինչպես պետք է հաղթահարի կյանքի դժվարությունները և Աստծո իմաստության ու սիրո մասին։[3] Նեփիի երախտագիտության զգացումը ծնողների ուսուցանած բաների համար նրան ոգեշնչեցին «գր[ել] [իր] գործերի հիշատակարանն [իր] օրերում»։[4] Եվ այս ամենը Մորմոնի Գրքի հենց առաջին հատվածում է։
Իմ կյանքի ընթացքում ինձ նույնպես սովորեցրել են իմ ծնողները։ Երբ ես դարձա տասներկու տարեկան, նրանք ինձ տվեցին նոր սուրբ գրություններ և մի քանի գրքեր, որոնք վերաբերում էին Վերականգնման վարդապետություններին և պատմությանը։ Ես սկսեցի կարդալ և, ծնողներիս թեթև հրավերով ու խրախուսանքով, ամեն կիրակի կեսօրին նստում էի նրանցից մեկի կամ երկուսի հետ՝ քննարկելու և յուրացնելու այն ամենը, ինչի մասին մտածում ու խորհում էի։ Նեփիի նման, ես նույնպես սովորեցի, թե որտեղից եմ եկել, ինչպես լավագույնս կարող եմ հաղթահարել կյանքի դժվարությունները և սովորեցի Աստծո իմաստության ու սիրո մասին։ Ես նաև սովորեցի Եկեղեցու պատմության մասին, թե ինչպես այն կարող է հարստացնել իմ կյանքի փորձը և ամրապնդել իմ վկայությունը որպես երիտասարդ անդամ։ Ինչ-որ կերպ, մեր յուրաքանչյուր քննարկման ժամանակ մենք ինչ-որ բան էինք գտնում Հիսուսի մասին։
Երբեմն այդ կիրակնօրյա շփումները ավետարանի ուսումնասիրությունից վերածվում էր ընկերների, աշխատանքի, փոխհարաբերությունների կամ դպրոցի մասին զրույցի։ Ծնողներս ավելի շատ լսում էին։ Լավ ուսուցիչները հաճախ այդպես են անում։ Բայց այդ ընթացքում ես սովորում էի։
Թերևս ստացած տեղեկատվությունից ավելի կարևոր էր այն եղանակը, թե ինչպես էին ծնողներս օգնում ինձ հասկանալ և յուրացնել սովորածս։ Հետ նայելով այդ փորձառությանը ես տեսնում եմ, թե ինչպես է այն կրկնվում իմ սեփական երեխաների կյանքում։ Այդ կիրակնօրյա ուսումնասիրության ամենաարժեքավոր մասն այն էր, որ ես սովորում էի հասկանալ։ Այդ հմտությունը ինձ և իմ քույր-եղբայրներին փոխանցելով՝ ծնողներս պատվեցին Վարդապետություն և Ուխտերի 68․25 բաժնում տրված Տիրոջ հրավերն այն մասին, որ ծնողները սովորեցնեն իրենց երեխաներին «հասկանալ վարդապետությունը», այլ ոչ թե պարզապես հաղորդեն այն։ (Շեշտադրումն ավելացվել է): Հիմա ես հասկանում եմ, որ հասկանալը այլ բան է, քան զուտ տեղեկատվություն ստանալը: Հասկանալ նշանակում է դառնալ ավելի իմաստուն։ Իմաստությունը մի բան է, ինչը Աստված ցանկանում է Իր յուրաքանչյուր զավակի համար։
Որպես Տիրոջ նախագահող առաքյալ և քահանայապետ, աշխարհին ուղղված իր առաջին ուղերձում Նախագահ Օուքսը հաստատեց ընտանիքը՝ անկախ անդամների կազմից, որպես ուսուցման եզակի և ամենաազդեցիկ միջավայր։[5] Նա օգտագործեց այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ սովորեցնել, կրթել, օրինակ ծառայել, միասին, ժամանակ, ցույց տալ, խոստանալ, օրինակ, սեր, համբերություն և միավորվել՝ նկարագրելու այն բազմաթիվ տարբեր եղանակները, որոնցով ծնողը կարող է սովորեցնել, իսկ երեխան՝ սովորել։[6] Նա բացատրել է․ «Վերջին Օրերի Սրբերը միևնույն է Աստծո կողմից տրված պարտականություն ունեն՝ ուսուցանելու իրենց երեխաներին պատրաստվել հավերժական ընտանիք կազմելուն (տես Վարդապետություն և Ուխտեր 68․25)»։[7] Նա հաստատել է Տիրոջ հրավերը, որ ծնողները օգնեն իրենց երեխաներին սովորել հասկանալ։
Քանի որ մեր էլ. փոստը, հեռախոսները, համակարգիչները և կյանքը լցնող տեղեկատվության հեղեղը շարունակում է աճել, ես շնորհակալ եմ մարգարեական հիշեցման համար՝ օգնելու նրանց, ում սիրում եմ, աճել հասկացողությամբ և իմաստությամբ։
[1] 1 Նեփի 1․1
[2] Id.
[3] See e.g. Id. (Նկատենք, որ Նեփին սովորեցվել էր «[իր] հոր բոլոր գիտելիքներից» (որտեղից էր ինքը եկել), «չարչարանքների» մասին (ինչպես հաղթահարել կյանքի դժվարությունները) և «Աստծո բարության և խորհուրդների» (Աստծո իմաստության և սիրո ) մասին):
[4] Id.
[5] Նախագահ Դալլին Հ. Օուքս, Հիսուս Քրիստոսի ընտանիքակենտրոն Ավետարանը, Լիահոնա (հոկտ․ 2025 թ․):
[6] Id.
[7] Id. at at v. 11.