Հայտարարվել է երիտասարդների առաջընթացի և կարգման տարիքային փոփոխությունների մասին

երիտասարդներ

14 դեկտեմբերի, 2018թ․

2019 թվականին երեխաները և երիտասարդները կավարտեն Երեխաների Միությունը և մի դասարանից ու քվորումից
կտեղափոխվեն դեպի հաջորդը՝ ըստ տարիքային խմբի: Արժանավոր երիտասարդ տղամարդիկ իրավունք կունենան
կարգվել քահանայության պաշտոնում այն տարվա հունվարին, երբ նրանք կդառնան 12, 14 և 16 տարեկան:
Արժանավոր երիտասարդ տղամարդիկ իրավունք կունենան ձեռք բերել սահմանափակ օգտագործման տաճարային
երաշխավորագիր այն տարվա հունվարից, երբ նրանք կդառնան 12 տարեկան:
Առաջին Նախագահության դեկտեմբերի 14-ին, ուրբաթ օրը, արված հայտարարությամբ՝ փոխվում է
ժամանակացույցը առ այն, թե երեխաներն ու երիտասարդները երբ պետք է ավարտեն Երեխաների Միությունը,
տեղափոխվեն մի դասարանից կամ քվորումից դեպի հաջորդը և հաճախեն տաճար առաջին անգամ: Փոխվում է նաև
ժամանակացույցը առ այն, թե երիտասարդ տղամարդիկ երբ կարող են կարգվել քահանայության պաշտոնների: Այս
փոփոխությունները կիրականցվեն 2019թ. հունվարից:
Այս հայտարարությունները բխում են «մեր սիրելի երեխաներին և երիտասարդներին զորացնելու ցանկությունից,
որն իրականացվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ աճող հավատքով, Նրա ավետարանի խորը ըմբռնումով, Նրա
Եկեղեցու և անդամների հետ ավելի ամուր միաբանությամբ»,- ասվում է Առաջին Նախագահության նամակում:
2019թ. հունվարից սկսած, երեխաները կավարտեն Երեխաների Միությունը և կսկսեն մասնակցել Կիրակնօրյա
Դպրոցին և Մեղուների դասարանի կամ սարկավագների քվորումի ըստ իրենց տարիքային խմբի, ոչ իրենց
անհատական 12-րդ տարեդարձի օրը, ինչպես նախկինում էր:
Բացի այդ, երիտասարդ տղամարդիկ իրավունք կունենան կարգվել քահանայության պաշտոնի այն տարվա հունվարին,
երբ լրանալու է նրանց 12, 14 և 16 տարին, իսկ երիտասարդները իրավունք կունենան ձեռք բերել սահմանափակ
օգտագործման տաճարային երաշխավորագիր այն տարվա հունվարից, երբ լրանալու է նրանց 12 տարին՝ կախված
նրանց «անհատական արժանավորության, պատրաստվածության աստիճանից և անձնական հանգամանքներից»:
Համաձայն Եկեղեցու կողմից թողարկված նյութերի, քահանայության պաշտոններին երիտասարդ տղամարդկանց
կարգման տարիքը «վարդապետությամբ պարտադրված» չէ և, փաստացի, փոփոխվել է Եկեղեցու պատմության
ընթացքում: (Տես՝ Հաճախակի տրվող հարցեր:)
Ուրբաթ օրը իր ֆեյսբուքյան գրառման մեջ Նախագահ Նելսոնն ասել է. «Չնայած այս փոփոխությունը հանգեցնում է
մի քանի կարևոր հաշվարկային փոփոխությունների, ես խրախուսում եմ ձեզ նախ կենտրոնանալ հոգևոր օգուտների
վրա»:
«Մեր երեխաներն ու երիտասարդները այն լավագույնների թվում են, որոնց Տերը երբևէ ուղարկել է այս աշխարհ:
Նրանք ունեն ավելի խելացի և իմաստուն դառնալու կարողություն և ավելի մեծ ներգործություն են կատարում
աշխարհի վրա, քան որևէ սերունդ անցյալում: Մենք պետք է կատարենք մեր բաժինը, որպեսզի օգնենք նրանց
գիտակցել իրենց ներուժը»:
«Փրկիչը ղեկավարում է Իր Եկեղեցին»,- ասաց Քույր Բոննի Հ. Քորդոնը՝ Երիտասարդ Կանանց Գերագույն
Նախագահը: «Նա գիտեր, որ այս փոփոխությունը տեղի է ունենալու և ոգեշնչեց այդ գաղափարը 11 տարեկանների
խմբի համար, ովքեր պատրաստ են ծառայության այս նոր հանձնարարությունների և աճող հնարավորությունների
պայմաններում: Նա գիտե Իր որդիների և դուստրերի կարողությունները: Մենք լիովին վստահում ենք նրանց: Որքա՜ն
երախտապարտ ենք մենք այս հայտնության համար»:

Միասին առաջ ընթանալ
Ներկայումս, երբ երեխաները դառնում են 12 տարեկան, նրանք սկսում են մասնակցել Երիտասարդ Կանանց և
Երիտասարդ Տղամարդկանց կազմակերպություններին և Երեխաների Միություն են վերադառնում դասերի համար կամ
ունեն ընտրություն՝ մասնակցելու երիտասարդների Կիրակնօրյա Դպրոցի դասերին: 2019 թվականին կդադարեցվի
Երեխաների Միության «Քաջեր 11» դասարանը, և հունվարին բոլոր 11 տարեկան երեխաները միասին կմասնակցեն
Կիրակնօրյա Դպրոցի դասերին:
«Շատ ավելի հեշտ կլինի, երբ դասարանները միասին առաջ գնան, ոչ թե երեխաները հերթով հեռանան Երեխաների
Միությունից ամբողջ տարվա ընթացքում»,- ասաց Քույր Ջոյ Դ. Ջոնսը՝ Երեխաների Միության Գերագույն
Նախագահը:
Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահ Եղբայր Ստեֆեն Վ. Օուենը ասաց, որ երեխաների և
երիտասարդների խմբային առաջընթացի օգուտն այն է, որ «գոյություն ունի միասնության և ընկերության գործոնը:
Նրանք առաջ են ընթանում միասին: Այս փոփոխությունը օգնում է դարձի գործընթացին: Այն ստեղծում է
պատկանելիության զգացում»: Սակայն նա ասաց նաև, որ փոփոխությունը միայն ընկերության համար չէ, չնայած
քվորումներում այն կմեծացի եղբայրության զգացումը: «Մենք խոսում ենք դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը
դարձի մասին»,- ասաց նա: Երիտասարդները գումարտակի մի մասն են, ինչպես ուսուցանել է Նախագահ Նելսոնը.
ոչ ոք չպիտի իրեն միայնակ զգա: Մենք միասին ենք»:
Այս փոփոխությունը նշանակում է, որ սարկավագները և Մեղուները ստիպված չեն սպասել մինչև իրենց 12 տարին
լրանալը, որպեսզի մասնակցեն ճամբարներին: Եվ թեև ժամադրվելու տարիքը պետք է սկսվի ոչ շուտ, քան 16 տարին
լրանալը, Դափնիները և ուսուցիչները այլևս ստիպված չեն սպասելու մինչև 14 տարեկանը, որպեսզի մասնակցեն
պարերին, երիտասարդների համաժողովներին և ընդունեն սպասավորության հանձնարարություններ:
Եղբայր Օուենը ցանկանում է, որ երիտասարդ տղամարդիկ իմանան, թե սա ինչ հրաշալի փոփոխություն է լինելու:
«Դուք ունեք ընկերներ,- ասաց նա: - Դուք ստիպված չեք սպասել: Դուք առաջ եք ընթանում միասին: Այս
փոփոխությունը հավասարվում է նրան, ինչ տեղի է ունենում դպրոցում և ձեր կյանքում»:
Քույր Քորդոնն ասաց, որ տարիքային խմբերով առաջընթացի առավելությունն այն է, որ դասարանի
նախագահությունը կարող է ծառայել առանց ընդհատումների, ինչը տեղի էր ունենում, երբ նախագահության անդամն
իր ծննդյան օրը անցնում էր հաջորդ դասարան: Փոխարենը, նախագահությունները ժամանակ կունենան «ծանոթանալ
երիտասարդ կանանց և ծրագրեն միջոցառումներ, որոնք կօրհնեն նրանց և նրանց ընտանիքներին»: Այն նաև
օրհնություն կլինի ղեկավարների համար: «Սա ուրախալի է: Մենք մշտապես չենք կորցնի նախագահության
անդամներին: Մենք գիտենք, որ կունենանք երիտասարդ կանայք յուրաքանչյուր տարիքային խմբում՝ նույն երկու
տարիների համար: Մենք կունենանք շարունակականություն և միաբանություն»:
Տաճարային ծառայություն
«Ես հատկապես ոգևորված եմ, որ այս փոփոխությունների շնորհիվ կրտսեր տարիքի երեխաները հնարավորություն
կունենան ընդգրկվել տաճարային աշխատանքում»,- ասաց Քույր Ջոնսը: Նրանք սովորաբար հաշվում են օրերը,
մինչև դառնան 12 տարեկան, որպեսզի ստանան սահմանափակ օգտագործման երաշխավորագիր և արարողություններ
կատարեն տաճարում»:
Այս հայտարարությունը «մեր հրաշալի երիտասարդության հանդեպ վստահության մեկ այլ դրսևորում է», - ասաց
Քույր Քոդոնը: «Այս երիտասարդները մեծ աշխատանք ունեն կատարելու տաճարում, աշխատանք, որը կարող է
սկսվել, երբ նրանք մտնեն Երիտասարդ Կանանց և Երիտասարդ Տղամարդկանց կազմակերպություններ»:
«Ես հուսով եմ, որ մտահոգված ծնողները կհասկանան, թե իրականում որքան պատրաստված են իրենց երեխաները»,
- ասաց Քույր Ջոնսը: «Նրանք պատրաստ են: Սա թույլ կտա Երեխաների Միության մի ամբողջ դասարանի, որի

անդամները սովորել ու պատրաստվել են միասին, շարունակել իրենց աճն ու առաջընթացը Երիտասարդ Կանանց ու
Երիտասարդ Տղամարդկանց կազմակերպություններում»:
Այս հայտարարությունը թույլ է տալիս նաև կատարել որոշակի հարմարեցումներ անձնական հանգամանքներից
ելնելով, ուստի ծնողներն ու եպիսկոպոսները կխորհրդակցեն միասին և կորոշեն, թե որոնք են տվյալ երեխայի կամ
երիտասարդի հետաքրքրությունները, իսկ Եկեղեցու տարածաշրջանները կարող են անցումային տեղական ժամկետներ
օգտագործել՝ հունվար ամսվա փոխարեն: