Միջոցառում

Ձեր ընտանիքի համար կարդացեք Յոթանասունի Երկրորդ Քվորումից Երեց Սպենսեր Ջ. Քոնդիի հետևյալ պատմությունը.
«Ես ու կինս սունկ շատ ենք սիրում, և մի քանի տարի առաջ ավստրիական մի սուպերմարկետում գնումներ կատարելիս, մենք զարմացանք, երբ տեսանք, որ սունկի երկու նույն չափի տուփերը ունեն տարբեր գնապիտակներ և գների միջև մեծ տարբերություն կար: Երբ խանութի աշխատողին հարցրեցինք, թե որն է տարբերությունը 13 և 20 շիլինգանոց տուփերի միջև, նա ժպտալով պատասխանեց. «Երաշխավորված է, որ 20 շիլինգ արժեցող սունկը թունավոր չէ»: «Եթե դուք լինեիք մեր փոխարեն, ո՞րը կընտրեիք»:
Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին.
· Ինչպե՞ս կպատասխանեիք Երեց Քոնդիի հարցին:
· Ինչո՞ւ:
Ձեր ընտանիքին ցույց տվեք այս դասին կցված պաստառը և հարցրեք, թե նրանք ինչպես են հասկանում այնտեղ ներկայացված գաղափարը: Բացատրեք, որ այս պաստառը կոչվում է «Մի՛ հասիր եզրագծին»: Պաստառում նաև ասվում է. «Արդարակեցության սահմանը նաև մեղքի եզրագիծն է: Մի մատնիր քեզ ողբերգական անկման»:
Որևէ մեկին խնդրեք կարդալ ՎևՈւ 1.31 հատվածը: Քննարկեք, թե այս սուրբ գրության պատգամն ինչպես կարելի է կիրառել երկու իրավիճակներում՝ սունկ ընտրելիս և լրատվամիջոց ընտրելիս: Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին.
· Ձեր կարծիքով, սունկն ինչպե՞ս կարելի է համեմատել լրատվամիջոցի հետ:
Կարդացեք հետևյալ բացատրությունը, որը Երեց Քոնդին տվել է իր «Սունկ, երաժշտություն, ֆիլմեր և ամսագրեր» ուղերձում.
«Երաժշտությունը, ֆիլմերը և ամսագրերը շատ ընդհանուր բաներ ունեն սունկի հետ: Օրինակ՝ դրանք բազում տարատեսակներ ունեն: Ինչպես սունկի որոշ տեսակներ ուտելի, ցանկալի ու սննդարար են, այնպես էլ երաժշտության որոշ տեսակներ, ֆիլմեր և ամսագրեր սնուցում են ապահովում հոգուն, քանի որ դրանք կատարելագործում են, ուրախացնում են և բարձր տրամադրություն ստեղծում: Եվ ինչպես կան տարբեր տեսակի թունավոր սնկեր, կան նաև տարբեր տեսակի երաժշտություն, ֆիլմեր և ամսագրեր, որոնք թունավորում են տղամարդկանց ու կանանց հոգիները»:
Հարցրեք ձեր ընտանիքին.
· Ինչպիսի՞ թունավոր սնկեր գիտեք:
· Ո՞ր թունավոր սնկերն են ամենավտանգավորը:
Բացատրեք, որ ինչպես Երեց Քոնդին է ասել, որոշ սնկեր խիստ վտանգավոր չեն, «քանի որ նրանց ազդեցությունն այնքան վանող և անցանկալի է, որ մենք անմիջապես մերժում ենք դրանք»:
· Խնդրեք ձեր ընտանիքին որոշ օրինակներ բերել լրատվամիջոցներից, որոնք կարելի է համեմատել այդպիսի ակնհայտ թունավոր սնկերի հետ:
Ապա շարունակեք կարդալ Երեց Քոնդիի հոդվածը. «Բայց գոյություն ունեն երաժշտության, ֆիլմերի և ամսագրերի այլ տեսակներ, որոնք գործում են ինչպես «ոչնչացնող հրեշտակ» սունկը. Այսինքն՝ սկզբում մենք գաղափար չունենք, որ այն, ինչ մենք դիտում ենք, լսում կամ կարդում ենք, դանդաղ և վստահորեն թունավորում է մեր հոգիները»: Երեց Քոնդին բացատրում է, որ քանի որ «ճանճասպան» սունկը «ունի ուտելի սնկի համ և անմիջապես չի ազդում, զոհը շարունակում է ուտել: Հետո, վեցից տասներկու ժամ անց, երբ այն մարսվում է, և թույնը մուտք է գործում արյան շրջանառություն, զոհն ունենում է սարսափելի սրտխառնոց, ջղաձգություն և անհագ ծարավ: Ի վերջո, այն քայքայում է զոհի լյարդը: Չկա որևէ հակաթույն, իսկ մահացու ելքը 90 տոկոս է:
Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին մի քանի օրինակներ բերել լրատվամիջոցներից, որոնք կարելի է համեմատել «ճանճասպանի» հետ:
Ասացեք ձեր ընտանիքին, որ Երեց Քոնդին որոշ առաջարկներ է կատարել ճիշտ լրատվամիջոց ընտրելու վերաբերյալ: Նա ասել է. «Ինչպես սունկ հավաքողներն են ցուցակ կազմել ուտելի և թունավոր սնկերի գույնի, չափերի և ձևի վերաբերյալ, մեր սիրելի պաշտպան Երկնային Հայրը տվել է մեզ մի քանի ցանկ, ըստ որոնց կարող ենք որոշել՝ արդյոք այն բաները, որոնք մենք դիտում ենք, լսում կամ կարդում ենք, թունավոր են, թե օգտակար:
Կարդացեք և քննարկեք Երեց Քոնդիի կողմից որպես ուղեցույց առաջարկված սուրբ գրությունները.
1. Հավատո հանգանակ 1.13. Պարզապես հարցրեք ինքդ ձեզ՝ «Արդյո՞ք սա առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի»: Եթե այդպես է, ձգտեք այդ բաներին:
2. Վարդապետություն և Ուխտեր 45.32. «Բայց իմ աշակերտները պիտի կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի»:
3. Մատթեոսի 6.33. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք» (Նա չի առաջարկում, որ մենք պարզապես ավետարանը պահենք «լավագույն տասնյակի» մեջ: Նա քնքշորեն խրախուսում է մեզ ավետարանը դարձնել գլխավոր առաջնահերթությունը մեր կյանքում:)
4. Մորոնի 10.32. «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում և հրաժարվեք ամեն անաստվածությունից»:
5. Ա Թեսաղոնիկեցիս 5.21–22. «Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք։ Ամեն կերպ չար բանից հեռու կացէք»։
Հաստատեք որոշ ընտանեկան չափանիշներ և ուղենիշներ, որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին ընտրել միայն որակյալ լրատվամիջոցներ: Նախատեսեք նաև որոշ ուրախ փոխարինողներ, երբ այսպիսի ժամանցը մատչելի չէ:
Վերանայեք նոր հեռուստատեսային ծրագրեր: Հետո քննարկեք ձեր գտածները և որոշեք, թե ինչը պատշաճ կլինի կամ չի լինի ընտանիքի կողմից դիտվելու համար:
Երբեմն մի երեկո հատկացրեք և թույլ տվեք ընտանիքի անդամներին վերանայել իրենց նախընտրած գրքերն ու ֆիլմերը, կիսվելով դրանց մասին գաղափարներով: Պահեք լավագույն ֆիլմերի ու գրքերի ցանկ, որոնք ձեզանից յուրաքանչյուրը բացահայտել է, որպեսզի ընտանիքի մյուս անդամները ևս տեղյակ լինեն դրանց մասին:
Հյուրասիրություն. Բրաունի
¾ բաժակ հալված կարագ
1 ½ բաժակ շաքարավազ
1 ½ թեյի գդալ վանիլին
3 ձու
¾ բաժակ ալյուր
½ բաժակ կակաո
½ թեյի գդալ փխրեցուցիչ
½ թեյի գդալ աղ
1 բաժակ շոկոլադի կտորներ
1 բաժակ կտրտած ընկույզ
Խառնեք բոլոր բաղադրիչները: Թխեք 22 x 33 սմ տրամագծով յուղապատ ամանի մեջ 200° C 20–25 րոպե:
