Ինչպես կիսվել ավետարանով ընկերների և ընտանիքի հետ

Բոլորս գիտենք, որ կարևոր է կիսվել ավետարանով մերձավորի հետ։ Հիշենք, որ Վարդապետություն և Ուխտերում Տերը մեզ ասում է․ «Ահա, ես ուղարկել էի ձեզ՝ վկայելու և զգուշացնելու մարդկանց, և ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին» (ՎևՈւ 88․81)։ Այդ հասարակ բառերը մեզ խրախուսում են փոխանցել ուրիշներին անգին գիտելիքը, որը մենք արդեն իսկ ունենք և ըստ որի աշխատում ենք կառուցել մեր կյանքը։ Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ մենք անենք դա։ Տերը տալիս է այս պատասխանը․ «Եվ արդ, ահա, ես ասում եմ քեզ, որ այն, ինչն ամենաարժեքավորը կլինի քեզ համար, այս ժողովրդին ապաշխարություն հայտարարելն է, որ կարողանաս հոգիներ բերել ինձ մոտ, որ կարողանաս նրանց հետ հանգստանալ իմ Հոր արքայությունում» (ՎևՈւ 15․6)։

Ըմբռնելով մեզ հանձնարարված գործի ողջ նշանակությունը և հասկանալով մեր պատասխանատվությունը, մենք երբեմն կարող ենք վախ ունենալ, որը բացասականորեն է ազդում ընկերների, բարեկամների և աշխատանքային գործընկերների հետ ավետարանով կիսվելու մեր ցանկության վրա։ Մենք սկսում ենք մտածել, որ իմանալով մեր հավատի մասին, նրանք կարող են փոխել մեր մասին իրենց կարծիքը։ Ի՞նչը կարող է օգնել մեզ հաղթահարել այդ վախը և սովորել քարոզել ազատորեն ու սիրով։

Պատասխան փնտրելիս պետք է հիշել, որ մենք ստեղծված ենք Քրիստոսում, որպեսզի բարին գործենք (տես Եփեսացիս 2․10)։ Դա գրեթե ամենակարևորն է, ինչը պետք է ոգեշնչի մեզ և դրթի միսիոներական աշխատանքի։ Այդպես վարվելով, մենք մարդկանց ավելի լավ կյանքի հույս ենք պարգևում, ցույց ենք տալիս ճանապարհը և հայտնում ծրագրի մասին, որին հետևելով նրանք կարող են վերադառնալ իրենց Երկնային Ծնողների մոտ և երջանիկ ապրել Նրանց հետ։

Մեր հոգևոր գիտելիքը մեծ հարստություն է հանդիսանում, սակայն երբեմն մենք սովորական ենք դա համարում։ Բայց եկեք հիշեք, թե որքան բարդ ու անորոշ է կյանքը առանց այդ գիտելիքի, ինչի ապացույցը մեր սեփական փորձն է։ Աստված ցանկանում է ամբողջ մարդկության անմահությունը և հավերժական կյանքը։ Իսկ այդ նպատակին Նա կարող է հասնել միայն մերձավորի հանդեպ մեր իրական սիրո միջոցով։ Դա հասկանալը, նաև գիտելիքն այն մասին, թե ովքեր ենք մենք և ինչու ենք եկել Երկիր, օգնում են մեզ ըմբռնել միսիոներական աշխատանքի ահռելի նշանակությունը։ Աստծո այդ մեծ գործին մասնակից լինելը մեզ ոգեշնչում է բացել մեր շուրթերը՝ հաղթահարելով վախը և հուզմունքը, և զրույց սկսել անծանոթի հետ հավատի մասին։

Մեկ այլ գործոն, որն ազդում է միսիոներական աշխատանքի վրա, դա հետևողականությունն է։ Անձնական փորձից ես գիտեմ, որ չի կարելի որևէ մեկին մեկ անգամ պատմել ավետարանի մասին և սպասել դրական արդյունքների։ Իհարկե, երբեմն պատահում է, որ մենք ցանում ենք արդեն պարարտ հողի վրա, և մեկ զրույցը բավական է, որ անձը զգա Հոգին։ Ինչևէ, միսիոներական աշխատանքը նշանակում է ձգտել ամեն օր լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը, որպեսզի օրինակ ծառայենք մեզ շրջապատողների համար։ Այդժամ, զգալով մեր բարությունը և անկեղծ հոգատարությունը, տեսնելով մեր երջանկությունը, որը ձեռք ենք բերում կյանքում ի շնորհիվ ավետարանի, նրանք քայլ կկատարեն դեպի Աստվածային ճշմարտությունը։

Մեր անձնական հոգևոր կատարելագործումը սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով, պատվիրանները անպայմանականորեն պահելու ձգտումը և հոգևոր մաքրության ձևավորումը պետք է հետևողական գործընթաց դառնան մեր կյանքում, քանի որ միայն այդ դեպքում մեր խոսքերը կհամապատասխանեն մեր գործերին։ Չի կարելի կանգ առնել այդ ճանապարհին, քանզի ի շնորհիվ այդ ուղու մենք հնարավորություն ենք ստանում մեր կողքին ունենալու մեր Օգնականին՝ Սուրբ Հոգին։ Նա միշտ կհուշի, թե ում հետ հանդիպենք և ինչ խոսենք։ Երբ ես որևէ մեկի հետ շփվում եմ ավետարանի շուրջ, միշտ ապավինում եմ Սուրբ Հոգուն և ստանում եմ Նրա օգնությունը, իսկ մարդիկ, ովքեր նախկինում չեն իմացել Նրա մասին, հաստատում են, որ զգում են Նրա ներկայությունը։

Ինձ բախտ է վիճակվել հանդիպելու նրանց, ովքեր ծաղրել են ինձ և իմ հավատը։ Դա շատ տհաճ է, անգամ՝ ցավալի։ Բայց գալիս էր ժամանակը, և այդ մարդիկ տեսնում էին, թե ինչպես են ավետարանական սկզբունքները, որոնց մենք հետևում ենք, օգնում ինձ և իմ ընտանիքի անդամներին  դառնալ ավելի լավ մարդիկ, դրական ազդեցություն թողնելով մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Հիշում եմ, թե ինչպես որոշ ժամանակ անց, այդ մարդկանցից ոմանք շնորհակալություն էին հայտնում ինձ նրա համար, որ կիսվել եմ իրենց հետ իմ հոգևոր փորձով, որը ցույց է տվել, թե ինչպես կարելի է փոխել իրենց կյանքը դեպի լավը։ Ծաղրանքներ այլևս չէին հնչում, նրանց վերաբերմունքի մեջ արտահայտվում էր հարգանք իմ հավատի և իմ կրոնին իմ նվիրվածության հանդեպ։ Ուրախալի է այն, որ իրենց հարցերին պատասխաններ փնտրող մարդիկ երբեմն օգնության են դիմում ինձ, իմանալով, որ ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ։

Եղբայրներ և քույրեր, գնացեք առաջ, չվախենալով դատապարտվելուց, ասացեք, թե ինչին ենք մենք հավատում, և թող մարդիկ իմանան, որ մենք բոլորս զավակներն ենք  մեր Երկնային Հոր, ով սիրում է Իր երեխաներին և ցանկանում, որ նրանք իմանան Տիրոջ կողմից կատարած Քավության մասին։