Երբ ձեր զավակը այլ ճանապարհ է ընտրում

Մեր Եկեղեցում մի ասացվածք է օգտագործվում. «Այլ բնագավառում ձեռք բերված ոչ մի հաջողություն արժեք չունի, եթե դուք ձախողվել եք որպես ծնող»: Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի կողմից հաճախակի մեջբերվող այս խոսքերը հիշեցնում են մեզ, որ աշխատանքը, որը մենք կատարում ենք մեր ընտանիքներում, կենսականորեն կարևոր նշանակություն ունի: Սակայն երկար տարիներ այս պնդումն ինձ ստիպել է անհանգստանալ և հետաքրքրվել, թե ինչպիսին եմ ես որպես ծնող:

Երբ իմ երկու դուստրերը որոշեցին հեռանալ Եկեղեցուց, ես հիշեցի այս ասացվածքը և հասկացա, որ քանի որ ինձ չէր հաջողվել Եկեղեցում ակտիվ պահել իմ ողջ ընտանիքը, ուրեմն ես ինչ-որ տեղ ձախողվել եմ որպես ծնող:

Երբ ես զրուցում էի ուրիշ ծնողների հետ, ում զավակներն իրենց կամքով լքել էին Եկեղեցին, ես բացահայտեցի, որ ձախողման զգացումը խորթ չէ նաև մյուս ծնողներին: Բայց ծնողները չպիտի կրեն այս բեռը:

Ես սիրում եմ Հարոլդ Բ. Լիի հետևյալ խոսքերը. «Որևէ ընտանիք անհաջողության չի մատնվի, եթե չդադարի պայքարելուց»: Ինձ համար սա նշանակում է, որ զավակների վրա ներդրված մեր ջանքերն ու ժամանակը արժեքավոր են և կարող են հանգեցնել հաջողության:  Մեր նպատակն է շարունակել կատարել այս քայլերը և սիրել մեր զավակներին՝ անկախ ամեն ինչից: Կարևոր է նաև գիտակցել, որ ընտանիքի հաջողությունը չափվում է բազմաթիվ չափորոշիչներով: Հավատում է ձեր զավակը Եկեղեցուն, թե ոչ, դա նրա կյանքի ուղու մի կողմն է միայն, և չպիտի լինի այն միակ գործոնը, որը մենք պիտի հաշվի առնենք, երբ չափում ենք մեր հաջողությունը որպես ծնող: Երբեմն ասելն ավելի հեշտ է, քան կատարելը: Բայց հնարավոր է ազատվել մեղքի ու մեղադրանքի այդ բեռի մի մասից, երբ ձեր երեխաներն են ընտրում գնալ այնպիսի ճանապարհով, որը տարբերվում է ձեր ուսուցանածից:

Ահա վեց դաս, որոնք ես սովորել եմ, և որոնք օգնել են ինձ խուսանավել այլ  ճանապարհ ընտրած զավակ ունենալու դժվարին, երբեմն էլ ցավոտ ճանապարհին:

Ծանր է լսել, երբ ձեր զավակն ասում է, որ չի ցանկանում ապրել այն կենսաձևով, որը դուք եք իրեն սովորեցրել: Հնարավոր է, հեշտ է պատասխանել. «Ոչ, դու իրականում այդպես չես կարծում» կամ «Շատ վատ է, բայց դա է իմ ճիշտ եղանակը»: Սակայն այդպիսի արձագանքը կարող է վնասակար, և նույնիսկ կործանարար լինել: Լսեք ձեր զավակին և փորձեք հասկանալ, թե ինչու է նա այդպես մտածում: Պարզեք պատճառները, որոնք կանգնած են նրա կարծիքի ետևում և շարունակեք հետաքրքրվել, թե մտորումներն ուր են տանում նրանց: Միշտ սեր ցուցաբերեք և հիշեք, որ մի փոքր ըմբռնումով մոտենալը հեռուն կտանի: Իսկ եթե նրանք չեն ցանկանում խոսել, ոչինչ:

Երբ զավակը դեռ ապրում է ծնողների հետ, վերջիններս հնարավորինս ջանում են սովորեցնել նրանց, թե ինչպես լավ մարդ լինել, ապրել ավետարանով, և ավետարանի սկզբունքները որքան օգտակար կարող են լինել նրանց կյանքում: Բայց, ի վերջո, երեխաներն են որոշում օգտագործել իրենց ազատ կամքը՝ ընտրելու այն, ինչին իրենք հավատում են: Երբ մեր զավակներն ապրում էին մեզ հետ, մենք հասկանում էինք, որ չենք կարող նրանց համոզմունքներ թելադրել, սակայն ցանկանում էինք համոզված լինել, որ  նրանք սովորել էին Աստծո մասին: Եղավ մի պահ, երբ իմ դուստրն այլևս չէր ցանկանում Եկեղեցի գնալ, բայց մենք զգում էինք, որ նրա համար կրոնական կրթություն ձեռք բերելը դեռևս նույնքան կարևոր է, որքան դպրոցում աշխարհիկ կրթություն ստանալը: Որոշ ժամանակ աղոթքով քննարկելուց հետո մենք նրան առաջարկեցինք մեկ այլ եկեղեցի գտնել, եթե չէր ցանկանում հաճախել մեր Եկեղեցին:  Ի վերջո, նա որոշեց, որ ավելի հեշտ է շարունակել հաճախել մեր Եկեղեցի: Իհարկե, ընտանիքներն իրենք պիտի որոշեն, թե որ եղանակը կաշխատի իրենց դեպքում:  Դուք կարող եք ստեղծագործական լինել ձեր ընտանիքի համար կանոններ սահմանելիս, բայց հիշեք, որ յուրաքանչյուր մարդ ունի ազատ կամք և համոզմունքները չեն կարող պարտադրվել:

Նույնիսկ երբ  մեզ դուր չեն գալիս մեր զավակների ընտրությունները, մենք կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք նրանց և ցանկանում ենք միշտ կապի մեջ լինել նրանց հետ: Այդպես վարվելու մի քանի եղանակներից են հետևյալ քայլերը՝ լսել նրանց, ճանաչել երեխաների զգացմունքները և փորձել հասկանալ նրանց տեսակետը: Հատկապես, երբ երեխաները դառնում են չափահաս, գալիս է մի ժամանակ, երբ կարևոր է լիովին ընդունել, որ դրանք ձեր զավակների ընտրություններն են հիմա, նույնիսկ, երբ դուք համաձայն չեք նրանց հետ: Սկզբունքորեն դուք կարող եք հուսալ, որ ինչ-որ բան կփոխվի, բայց կարող եք նաև ընդունել իրերի դրությունն այդ պահին: Հիմա ժամանակն է կենտրոնանալու հարաբերությունների այլ կողմերի վրա, որոնց բնույթը գոհացնում է ձեզ և որոնք չեն վերաբերում եկեղեցու ընտրությանը:

Մեկ այլ օգտակար ռազմավարություն է հիշելը, որ դուք մենակ չեք: Ես գնահատում էի այն հանգամանքը, որ կարող էի դիմել մարդկանց, ովքեր անցել էին նույն մաքառումների միջով և կարող էին ինձ հեռանկար ու կարեկցանք առաջարկել: Աղոթքը նույնպես օգնում էր ինձ ավելի քիչ մենակ զգալ: Ես աղոթում էի և ասում. «Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ հասկանալ, թե այսօր ես ինչ պիտի սովորեմ: Ինչպիսի՞ խոսակցություն  պիտի ունենամ այս պահին, որը կօգնի ինձ ավելի լավ հասկանալ իմ զավակին և կօգնի ինձ համապատասխանել նրա կարիքներին»: Իմ դեպքում աղոթքների պատասխանը հաճախ զրույցներն ու շփումներն էին մարդկանց հետ: Շատ զրույցներ կայանում էին ճիշտ ժամանակին՝ ուժեղացնելով ինձ, և տալիս էին օգտակար գաղափարներ ու աջակցություն: Աստված ցանկանում է օգնել մեզ, եթե մենք խնդրենք Նրան:

Երբ իմ դուստրը առաջին անգամ հեռացավ Եկեղեցուց, ես մտածեցի. «Որտե՞ղ եմ ես սխալվել: Ինչպե՞ս կարող էի թույլ տալ, որ այսքան հեռու գնար: ԱՅԺՄ ես ի՞նչ կարող եմ անել իրավիճակը շտկելու համար»: Եվ ես շարունակ անհանգստանում էի, որ մարդիկ կմտածեն, թե մեր ընտանիքն ինչ-որ տեղ անկատար է: Երբ ես չափազանց հուսահատված էի, համարեցի, որ օգտակար կլինի կարդալ մի կնոջ մասին, ով գտնվում էր նմանատիպ իրավիճակում: Նա պատմում էր, որ կանոնավոր տաճար հաճախելով և եռանդուն աղոթելով ուժ էր ստանում:  10 տարի շարունակ ամեն շաբաթ տաճար հաճախելուց հետո նա տեսավ, որ իր զավակները դեռ չէին վերադարձել Եկեղեցի, բայց պարզեց, որ ինքն էր փոխվել: Նա հասկացավ, որ իր սիրտը փափկել էր, որ ինքն ավելի լավ էր կարողանում հասկանալ իր զավակների բարությունը և ավելի լավ էր կարողանում տեսնել Տիրոջ գորովագութ ողորմություններն իր կյանքում: Նա սկսեց ավելի լավ ընկալել ուրիշ մարդկանց պատմություններն ու նրանց մաքառումները: Օգտակար է հիշել, որ Աստված միշտ չէ, որ պատասխանում է մեր աղոթքներին՝ փոխելով ուրիշներին, այլ երբեմն մենք ենք փոխվում, երբ դիմում ենք Տիրոջը:

Հեռանկարը պահպանելու լավագույն ուղիներից մեկն է՝ հիշելը, որ մենք չգիտենք, թե մեր ընտանիքի կյանքի պատմության որ փուլում ենք գտնվում: Ո՞վ գիտե, թե ինչ կլինի պատմության հաջորդ գլխում: Ո՞վ գիտե, թե երբ մեր զավակները կվերադառնան Եկեղեցի կամ արդյո՞ք կվերադառնան: Ցանկացած վերջաբան, որը նույնիսկ դեռ չենք կարող պատկերացնել, կարող է տեղի ունենալ: Առողջ հեռանկար պահպանելը նշանակում է՝ հիշել, որ մեր ենթադրությունները միշտ չէ, որ ճիշտ են: Մեր ընտրությամբ մենք կարող ենք սերտ հարաբերությունների մեջ լինել մեր ընտանիքների հետ, չնայած մեր միջև եղած տարբերություններին: Մենք կարող ենք ավելի շուտ կենտրոնանալ մեր հարաբերությունների, քան այն սկզբունքների վրա, որոնք բաժանում են մեզ: Եվ մեր իսկ ընտրությամբ մենք կարող ենք այս փորձառությունը դիտարկել որպես հնարավորություն, այլ ոչ թե ողբերգություն: Ես անշուշտ չէի ցանկանա, որ իմ զավակներն այլ ճանապարհ ընտրեին, սակայն այդ ճանապարհն անցնելիս ես ձեռք բերեցի հասկացողության անհամար պարգևներ: Կյանքը լի է ոլորաններով ու շրջադարձներով, իսկ պատմությունը դեռ չի ավարտվել: Հաջորդ անկյունում դեռ կարող են լինել բազմաթիվ  հրաշալի անակնկալներ:

Որպեսզի ավելին իմանաք այն մասին, թե ինչպես տանել ուրիշների քննադատությունը, երբ ձեր երեխան ուրիշ ճանապարհ է ընտրում, ինչպես հաղթահարել անհամապատասխանության զգացումը եկեղեցում, Մորմոնական ալիքում դիտեք կամ լսեք Gospel Solutions for Families-ի ամբողջական տարբերակը: