Մորմոնի Գիրքը Աստվածաշնչի նման սուրբ գրքի մի հատոր է։ Այն մի հիշատակարան է Ամերիկյան աշխարհամասի հնագույն բնակիչների հետ Աստծո գործերի մասին և պարունակում է հավիտենական ավետարանի լրիվությունը։
Գիրքը գրվել է հնագույն շատ մարգարեների կողմից՝ մարգարեության և հայտնության ոգով։ Նրանց խոսքերը, գրված ոսկյա թիթեղների վրա, մեջբերված ու կրճատված են Մորմոն անունով մի մարգարե-պատմագրի կողմից։ Հիշատակարանը տալիս է երկու մեծ քաղաքակրթությունների պատմությունը։ Մեկը եկել էր Երուսաղեմից՝ Քրիստոսի ծննդից 600 տարի առաջ և հետագայում բաժանվել երկու ազգերի՝ հայտնի որպես Նեփիացիներ ու Լամանացիներ։ Մյուսը եկել էր շատ ավելի վաղ, երբ Տերը խառնեց լեզուները Բաբելոնի աշտարակի մոտ։ Այս խումբը հայտնի է որպես Հարեդացիներ։ Հազարավոր տարիներ հետո բոլորը կործանվեցին, բացի Լամանացիներից, և նրանք են Ամերիկյան Հնդկացիների հիմնական նախահայրերը։
Գլխավոր իրադարձությունը, որն արձանագրված է Մորմոնի Գրքում, Տեր Հիսուս Քրիստոսի անձնական ծառայությունն է Նեփիացիների մեջ՝ նրա հարությունից ոչ շատ անց։ Այն մեկնում է ավետարանի վարդապետությունները, ուրվագծում է փրկության ծրագիրը և ասում է մարդկանց, թե ինչ պետք է անեն, որպեսզի ձեռք բերեն խաղաղություն այս կյանքում և հավերժական փրկություն՝ գալիք կյանքում։
Մորմոնը, իր գրառումներն ավարտելուց հետո, տվեց պատմությունն իր որդի Մորոնիին, որն ավելացրեց մի քանի խոսք՝ իր կողմից և թաքցրեց թիթեղները Կումորա բլրում։ 1823 թվականի սեպտեմբերի 21-ին, նույն Մորոնին, արդեն փառքի արժանացած և հարություն առած էակ, հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և տեղեկացրեց նրան հնադարյան հիշատակարանի և այն անգլերեն լեզվով թարգմանելու կանխորոշվածության վերաբերյալ։
Պատշաճ ժամանակին թիթեղները հանձնվեցին Ջոզեֆ Սմիթին, որը թարգմանեց դրանք՝ Աստծո զորությամբ ու պարգևով։ Հիշատակարանն այժմ հրատարակված է շատ լեզուներով, որպես նոր և հավելյալ վկայություն, որ Հիսուս Քրիստոսը կենդանի Աստծո Որդին է, և որ բոլորը, ովքեր կգան նրա մոտ և կհնազանդվեն նրա ավետարանի օրենքներին ու արարողություններին, կարող են փրկվել։
Այս հիշատակարանի վերաբերյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումներին»։
Բացի Ջոզեֆ Սմիթից, Տերը հնարավորություն ընձեռեց՝տասնմեկ ուրիշների ևս տեսնել իրենց համար ոսկյա թիթեղները և լինել հատուկ վկաներ՝ Մորմոնի Գրքի ճշմարտացիության ու աստվածայնության վերաբերյալ։ Նրանց գրավոր վկայությունները ընդգրկված են այստեղ որպես Երեք Վկաների Վկայությունը և Ութ Վկաների Վկայությունը։
Մենք հրավիրում ենք բոլոր մարդկանց, ամենուրեք, կարդալ Մորմոնի Գիրքը, խորհել իրենց սրտում պատգամի մասին, որը պարունակում է այն և ապա հարցնել Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք գիրքը ճշմարիտ է։ Նրանք, ովքեր հետևում են այս գործելակերպին և հարցնում են հավատքով, Սուրբ Հոգու զորությամբ վկայություն կստանան նրա ճշմարտացիության և աստվածայնության վերաբերյալ (տե՛ս Մորոնի 10.3–5)։
Նրանք, ովքեր ձեռք են բերում այս աստվածային վկայությունը Սուրբ Հոգուց, կգան նաև իմացության, նույն զորությամբ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է, որ Ջոզեֆ Սմիթը նրա հայտնողն ու մարգարեն է այս վերջին օրերում, և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կրկին վերահաստատված Տիրոջ թագավորությունն է երկրի վրա՝ ի նախապատրաստություն Մեսիայի երկրորդ գալստյան։