Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աշխատում է եվրոպական երկրներում անվասայլակներ և այլ շարժական սարքավորումներ տրամադրել կարիքավորներին։ Աշխատելով մարդասիրական կազմակերպությունների հետ՝ 2024 թվականին Եկեղեցին տրամադրել է ավելի քան 1․500 անվասայլակ Եվրոպայում՝ օժանդակելով ավելի քան 750.000 նվիրաբերված անվասայլակների բաշխմանն ամբողջ աշխարհում 2001 թվականից ի վեր։ Այս անվասայլակների շնորհիվ անհատներն ինքնուրույնություն են ձեռք բերել և նոր կյանք կառուցել։

«Անվասայլակն ինձ թույլ է տվել ավելի ազատ շարժվել, հանդիպել ընկերների հետ և հոգ տանել առօրյա գործերի մասին»,- ասում է Ֆաթբարդան՝ Եկեղեցու կողմից Ալբանիայի հաշմանդամների իրավունքների հիմնադրամին (ADRF) նվիրաբերված անվասայլակ ստացողը։ Հաշմանդամության պատճառով աշխատանք գտնելը դժվար էր իր համար, բայց անվասայլակ և ADRF-ի կողմից աշխատանք գտնելու օգնություն ստանալուց հետո, նա վերականգնեց իր ինքնավստահութունն ու վերահսկողության զգացումը։ «Ես վախենում էի ուրիշների քննադատությունից և խղճահարությունից»,- հիշում է նա,- «բայց անվասայլակն ինձ վերադարձրեց իմ ազատության մի մասը: Ես հիմա ավելի ուժեղ եմ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ առումով»:
Եկեղեցու լայնածավալ մարդասիրական և սփոփող ջանքերը ներշնչված են Հիսուս Քրիստոսի ուսմունքներով՝ օգնելու կարիքավորներին: Եվրոպայում Եկեղեցին աշխատում է այլ կազմակերպությունների հետ՝ օգնություն տրամադրելու և անհատներին օգնելու ինքնապահովում և ինքնուրույնություն ձեռք բերել: Անվասայլակներ նվիրելու նախագիծը համահունչ է այդ առաքելությանը:
HandiKOS մարդասիրական կազմակերպությունից Իլիր Գաշին աշխատում է Կոսովոյում նվիրաբերված անվասայլակների բաշխումը համակարգելու ուղղությամբ: «Մեր անվասայլակ ստացողները վերականգնում են ինքնուրույնությունը, շարժունակությունը և հույսի ու երջանկության նոր զգացումը՝ նույնիսկ կյանքը փոխող պատահարի ենթարկվելուց հետո»:
Գաշին շարունակում է. «Առանց մեր գործընկերների աջակցության, անհնար կլիներ առաջարկել մեր կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակը: Այսօր ես կարող եմ վստահորեն ասել, որ չեմ հավատում, որ Կոսովոյում կա մեկը, ով կարիք ունի անվասայլակի և չունի այն»:
Որպեսզի անվասայլակն օգնի անհատին, այն պետք է համապատասխանող լինի: Բժիշկ Գաել Յոնեթը, ով անվասայլակ օգտագործող և կամավոր միսիոներ է, վերահսկում է Եվրոպայում Եկեղեցու համար անվասայլակների նվիրատվությունները: Նա ասում է՝ «Անվասայլակը նման է կոշիկի։ Ճիշտ այնպես, ինչպես ձեզ անհրաժեշտ է ճիշտ կոշիկ, որը նախատեսված է որոշակի գործունեության համար, ձեզ անհրաժեշտ է անվասայլակ, որը պատշաճ կերպով համապատասխանում է ձեր գործունեությանը, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել հետագա վնասների և բարդությունների»: Յոնեթը կամավորներ է պատրաստում մարդասիրական կազմակերպություններում, որպեսզի յուրաքանչյուր թեկնածու, ով գալիս է, ստանա իր կարիքներին կատարյալ հարմարեցված անվասայլակ:
Մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար։ Յոնեթը բացատրում է. «Որպես Եկեղեցի, մենք պարզապես չունենք ռեսուրսներ, որպեսզի ցանկացած երկրում պատրաստ կամավորներ ունենանք: Բայց աշխատելով այս կազմակերպությունների հետ, որոնք արդեն ստեղծված են յուրաքանչյուր երկրում և ունեն ցանցեր՝ մարդկանց հետ կապնվելու համար, մենք կարող ենք շատ ավելի արդյունավետ աշխատել»:
Չեռնոգորիայի Կարմիր խաչի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Նատաշա Ուսկոկովիչն ասում է. «Նախքան Եկեղեցու հետ աշխատելը անվասայլակ ստանալը շատ բարդ և երկար ընթացակարգ էր մարդկանց մեծամասնության համար, ովքեր ունեին դրա կարիքը: Հիմա Կարմիր խաչը ճանաչվել է մի կազմակերպություն, որը մի քանի օրվա ընթացքում անվճար տրամադրում է սայլակներ»։

Չեռնոգորիայի Կարմիր խաչն առաջին անգամ սկսել է Եկեղեցու հետ համագործակցել անվասայլակների նվիրատվության հարցում 2012 թվականին: Այդ ժամանակից ի վեր Եկեղեցին աշխատել է Կարմիր խաչի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարելու, ջրհեղեղներին արձագանքելու և այլ նախագծերում՝ աջակցելով և ամրապնդելով նրանց ջանքերը:
Եկեղեցու կատարած նվիրատվությունների ազդեցությունն անձնական է: Ուսանողական շրջանում աուտոիմուն նյարդաբանական վիճակի ախտորոշումից հետո Բեսմիրան այցելեց Ալբանիայի հաշմանդամների իրավունքների հիմնադրամի (ADRF) անվասայլակների աշխատարան Վորեում և նրան տրամադրեցին համապատասխան անվասայլակ: Բացի անվասայլակ ստանալուց, նա նաև աշխատանքի տեղավորման աջակցություն ստացավ ADRF-ից և ի վերջո պաշտոն ապահովեց Ալբանիայի վարչապետի գրասենյակում: «Սկիզբը դժվար է»,- ասում է Բեսմիրան,- «բայց երբ հարմարվում ես, սկսում ես անվասայլակը տեսնել որպես ինքնուրույնություն շնորհող գործիք»:

ADRF-ի գործադիր տնօրեն Բլերտա Դրենոֆչին ասաց, որ Եկեղեցու և այլ կազմակերպությունների աջակցությունն օգնում է ապահովել «ինքնուրույնություն հաշմանդամություն ունեցող անձանց՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը՝ հնարավորություն տալով մասնակցել համայնքային գործունեությանը»: Նա ավելացրել է. «Այն երկրներում, ինչպիսին Ալբանիան է, կազմակերպությունների միջև համագործակցությունը կարևոր է առկա բացերը լրացնելու համար: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նվիրատվությունները նպաստել են մեր կազմակերպության առաքելության իրականացմանը, որն է կյանքի որակի բարելավումը և հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը»։
Եկեղեցին հավատում է, որ մարդասիրական աշխատանքը Հիսուս Քրիստոսի աշխատանքն է: Յոնեթն ասում է. «Փրկչի գթությունը վարակիչ է և հեշտությամբ տարածվում է: Որքան շատ մարդասիրական աշխատանք ենք կատարում Նրա անունով, այնքան ավելի շատ ենք քաջալերում և ոգեշնչում ուրիշներին լինել բարեգործ: Դա սիրո և առատաձեռնության շղթայական ռեակցիա է:
«Նախագահ Սփենսեր Վ. Քիմբալը բացատրել է, որ «սովորաբար, մեկ այլ անձնավորության միջոցով է [Աստված] բավարարում մեր կարիքները»: Որպես Եկեղեցու անդամներ, մենք օրհնված ենք լինելու այդ մարդը, լինելու գործիքներ Նրա ձեռքերում և մասնակցել Նրա աշխատանքին այստեղ՝ երկրի վրա»: