
2023 թվականի ապրիլին նախագահ Նելսոնն ասաց. «Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքում և ուսմունքներում» (1):
Ես հիշեցի այդ մասին, երբ ես և կինս այցելեցինք Ֆրեդերիկսբորգ ամրոցը՝ Կոպենհագենից հյուսիս գտնվող Հիլերոդ քաղաքում (Դանիա), Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու որոշ անդամների հետ միասին, որոնք այցելուներ էին արտասահմանից:
Ֆրեդերիկսբորգը մի գեղեցիկ ամրոց է, որը կառուցվել է Դանիայի թագավոր Քրիստիան IV-ի կողմից 1600-1625 թվականներին՝ հոլանդական Վերածննդի ոճով: Ամրոցի կազմում կառուցվել է նաև եկեղեցի և աղոթասենյակ՝ թագավորի համար։
1859 թվականին ավերիչ հրդեհից հետո կրոնական նկարիչ Կարլ Բլոխին խնդրեցին նոր վերականգնված փոքրիկ աղոթասենյակը զարդարել Քրիստոսի կյանքը պատկերող նկարներով։ Այս նկարները մոռացվել էին աշխարհի մեծ մասի կողմից, մինչև որ 1962 թվականին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տպագրեց նկարների պատճենները, որոնք պետք է օգտագործվեին Երեխաների միության և Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև տանը՝ ծնողների կողմից:
Մենք սկսեցինք մեր շրջայցը ամրոցով մեր ընկերների հետ: Նախ գնացինք աղոթասենյակ՝ տեսնելու Կարլ Բլոխի բնօրինակ նկարները: Նկարներն ուշադրությամբ դիտելուց հետո անցա հարևան սենյակները՝ շարունակելու շրջայցը ամրոցով։ Սակայն ոչ ոք ինձ չհետևեց, ուստի ես վերադարձա՝ գտնելու մյուսներին։
Երբ վերադարձա աղոթասենյակ, տեսա, որ մեր ընկերները դեռ նայում են նկարներին՝ խորապես հուզված իրենց տեսածից: Ես հասկացա, որ չնայած եկել էի մեր ընկերներին ցույց տալու մի քանի գեղեցիկ նկարներ, որոնք գրեթե զբոսաշրջային ուղեցույցի նման են, սակայն, ի զարմանս ինձ, նրանք կանգ առան և ժամանակ ու ջանք գործադրեցին՝ տեսնելու ավելին այն ամենից, ինչ Կարլ Բլոխն այնքան գեղեցիկ էր նկարել պղնձի վրա: Այսպիսով, նրանք տեսան Հիսուս Քրիստոսի կյանքն ու ուսմունքները և հուզվեցին մեր Փրկչի ուղերձներից:
Մեր ընկերներին կրկին միանալուց հետո մենք միասին հիշարժան ժամանակ անցկացրինք՝ նայելով 23 նկարներից յուրաքանչյուրն առանձին և խոսելով Նրա կյանքի յուրաքանչյուր իրադարձության ու այն ուղերձների մասին, որոնք մենք կարող ենք սովորել: Սկսեցինք այն նկարից, որտեղ պատկերված էր հրեշտակի այցելությունը Մարիամին, որն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ ստացար։ Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի ու Բարձրյալի Որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա Դավթի՝ նրա հոր աթոռը» (2):
Որոշ ժամանակ անց մենք ավարտեցինք՝ դիտելով հարություն առած Հիսուս Քրիստոսին պատկերող վերջին նկարը։ Այս նկարն ինձ հիշեցնում է այն մասին, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը բոլորիս համար: Սա այնքան լավ է ամփոփված Նեփիի կողմից՝ իր ուրախ ուղերձում. «Ես հրճվում եմ պարզությամբ. ես հրճվում եմ ճշմարտությամբ. ես հրճվում եմ իմ Հիսուսով, քանզի նա փրկագնել է իմ հոգին դժոխքից» (3):

Ֆրեդերիկսբորգ ամրոցի փորձառությունը Կարլ Բլոխի նկարների առջև, որոնք ես բազմիցս տեսել եմ, կարևոր հիշեցում էր ինձ համար: Մենք կարող ենք նայել Հիսուս Քրիստոսի նկարներին, կամ կարող ենք կարդալ Հիսուս Քրիստոսի պատմությունները, բայց մենք պետք է ժամանակ և ջանք գործադրենք՝ խորհելու նրա ուսմունքների ուղերձների մասին և դրանք կապելու մեր կյանքի հետ: Այդ կերպ մենք ավելի լավ կկարողանանք «ավելին սովորել Նրա Քավության, Նրա սիրո, Նրա ողորմության, Նրա վարդապետության, ինչպես նաև բժշկության ու առաջընթացի Նրա վերականգնված ավետարանի մասին» (4) և գտնել մեր հարցերի ու խնդիրների պատասխանները»:
- «Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս», գերագույն համաժողով, ապրիլ 2023
- Ղուկաս 1.30-31
- 2 Նեփի 33.6
- «Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս», գերագույն համաժողով, ապրիլ 2023