Շնորհավոր Նոր տարի

Գաղափարներ դասի համար

Թեմա. Նոր Տարվա  ավանդույթներ

Շնորհավոր Նոր Տարի

Երգ. Ընտրեք Նոր Տարվա ցանկացած երգ, որն ավանդական է ձեր երկրում կամ ձեր ընտանիքում

Միջոցառում

Ձեր ընտանիքի հետ քննարկեք, թե ինչն է Նոր Տարին դարձնում այդքան հատուկ տոն: Ձեր ընտանիքին հիշեցրեք, որ Նոր Տարվա տոնակատարությունը համաշխարհային ավանդույթ է: Հարցրեք.

  • Ինչպես են համընդհանուր, տարածված ավանդույթները ներգործում մարդկային հարաբերությունների վրա:

Նշեք, որ լավ տարածված ավանդույթները միավորում են մարդկանց: Իսկ Նոր Տարվա տոնակատարությունը հրաշալի պատճառ է հիշելու, որ ամբողջ աշխարհի մարդիկ եղբայրներ և քույրեր են, և բոլորը մեկ Աստծո հոգևոր զավակներն են:

Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին, թե նրանք ինչ գիտեն տարբեր երկրներում Նոր Տարին տոնելու ավանդույթների մասին: Պատրաստեք և բերեք ձեր սեփական օրինակները, թե աշխարհի տարբեր մասերում Նոր Տարվա տոնակատարության ինչպիսի ավանդույթներ կան:

Նշեք, որ աշխարհում բոլոր մարդիկ Նոր Տարին տոնում են իրենց ընտանիքի և ընկերների հետ: Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել Նոր Տարվա մասին իրենց նվիրական հիշողություններով: Եթե հնարավոր է, ցույց տվեք ձեր ընտանիքի նկարները նախորդ տարիների տոնախմբություններից:

Ընտանիքի հետ քննարկեք, թե Նոր Տարվա ինչ ավանդույթներ կան ձեր ընտանիքում: Ծնողները կարող են կիսվել ավանդույթներով, որոնք կային իրենց ընտանիքներում, երբ իրենք փոքր երեխաներ էին: Մտածեք, թե ուրիշ ինչ կարող եք միասին անել ամեն տարի, որպեսզի այդ օրը հատուկ դարձնեք ձեր ընտանիքի համար:

Բացատրեք, որ ոչ միայն Նոր Տարվա օրվա, այլև ամբողջ տարվա ընտանեկան ավանդույթները նման են հոգևոր և զգացմունքային շաղախի, որը երջանիկ ընտանիքի հիմքն է: Դրանք ստեղծում են քնքուշ հիշողություններ, և այդ հիշողությունները մեզ այնպես են կապում միմյանց, ինչպես ուրիշ ոչինչ: Ասացեք ձեր ընտանիքին, որ նոր տարվա սկիզբը հրաշալի ժամանակ է մի քանի նոր ընտանեկան ավանդույթներ սկսելու համար: Բացատրեք, որ ընտանեկան ավանդույթները կարող են լինել բավականին պարզ սովորույթներ (պատմություններ կարդալ քնելիս, համբուրել երեխաներին, երբ նրանք պառկում են քնելու, երգել կամ խաղեր խաղալ ճամփորդելիս): Կամ դրանք կարող են լինել մանրամասն պատրաստված իրադարձություններ (հատուկ պատրաստված կերակուրներ մատուցել հատուկ օրերին, տոնականորեն զարդարել ճաշի սեղանը կամ հանգստյան օրերին երեխային տանել քաղաքից դուրս զբոսանքի մեկ կամ երկու ծնողների հետ, երբ նա հասնի որոշակի տարիքի): Մեր հաստատած ամենակարևոր սովորությունների ու սովորույթների թվում պիտի լինեն մի քանիսը, որոնք ունեն հստակ ավետարանական կողմնորոշում (աղոթել ընտանիքով, օրհնել ուտելիքը ճաշի ժամին, միասին մասնակցել Հանգստության օրվա ժողովներին, միասին ուսումնասիրել սուրբ գրությունները և անցկացնել ընտանեկան երեկոներ): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին ասել է.

«Եթե մենք մեր ընտանիքներում կառուցենք արդարակեցության ավանդույթներ, ավետարանի լույսը կարող է ավելի պայծառ լինել մեր կյանքում: … Մենք կարող ենք անհամբեր սպասել այն փառավոր օրվան, երբ բոլորս կմիավորվենք որպես հավերժական ընտանիքներ, որպեսզի ստանանք այն հարատև ուրախությունը, որ մեր Հավերժական Հայրն է խոստացել Իր արդար զավակներին» («Ընտանեկան ավանդույթներ», Ensign, May 1990):

Միասին քննարկեք, թե ինչ կկամենայիք կանոնավոր կերպով անել ձեր ընտանիքում կամ ինչը կցանկանայիք շարունակել: Գրի առեք ձեր որոշումները և նպատակ դրեք պահել այդ ավանդույթները:

Եզրափակեք, առաջարկելով, որ ձեր ընտանիքը հենց հիմա կիրառի Նոր Տարվա ամենատարածված ավանդույթներից մեկը: Երեց Հոլլանդը նկարագրել է այն հետևյալ բառերով. «Նոր Տարվա սկիզբը ավանդական ժամանակ է՝ մեր կյանքը գնահատելու և տեսնելու, թե ուր ենք գնում, համեմատած այն իրավիճակի հետ, որում մենք գտնվում էինք նախկինում» (“The best is yet to be”, Liahona, Jan. 2010):

Liahona

Խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի պատասխանել հետևյալ հարցերին, որպեսզի օգնեն ձեզ մի քանի ամանորյա որոշումներ կայացնել ընտանիքի համար:

  • Մենք ինչի՞ ենք հասել անցյալ տարվա ընթացքում:
  • Գալիք տարում ինչի՞ կկամենայինք հասնել:
  • Անցյալի ո՞ր դասերը կարող են ուղղորդել մեզ ապագայում:
  • Մենք ի՞նչ օրհնություններ ենք ցանկանում ստանալ՝ հավատք գործադրելով:

Ընտանեկան ավանդույթների օրինակներ

Եթե ձեր ընտանիքը օգնության կարիք ունի ընտանեկան ավանդույթների գաղափարներ գտնելու հարցում, դուք կարող եք առաջարկել նրանց քննարկել հետևյալ ցուցակը.

  • Թող յուրաքանչյուր անդամ ընտրի իր ծննդյան օրվա ճաշացանկը:
  • Տոնեք հայտնի մարդկանց ծննդյան տոները կամ նրանց հայտնագործությունները պատմության մեջ (օրինակ՝ գերմանական շոկոլադե տորթը Բեթհովենի ծննդյան օրը, մինչ լսում եք նրա սիմֆոնիաներից մեկը):
  • Հանձնարարեք ինչ-որ մեկին ընտրել ճաշի ժամանակ տարվող զրույցի թեման:
  • Յուրաքանչյուր երեխայի իր ծննդյան ութերորդ տարեդարձի օրը նվիրեք սուրբ գրությունների որևէ գիրք:
  • Յուրաքանչյուր տարի նախատատի ու նախապապի ծննդյան օրը կազմակերպեք ընտանիքի վերամիավորում:
  • Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանձնարարեք նշումներ կատարել, երբ լսում են գերագույն համաժողովը, հետո քննարկեք դրանք ընտանեկան երեկոյի ժամանակ:
  • Վազեք, հեծանիվ վարեք, դահուկներով և չմուշկներով սահեք կամ ընտանիքով կանոնավոր զբոսնեք:
  • Բարձրաձայն կարդացեք ձեր զավակների համար, անկախ նրանց տարիքից և խնդրեք, որ նրանք ևս կարդան ձեզ համար:
  • Տոնեք ձեր նախնիներից մեկի ծննդյան օրը:
  • Ծոմի կիրակի օրը կեսօրից հետո երեխաների հետ անցկացրեք անհատական հարցազրույցներ:
  • Ամեն երեկո մեղմ երաժշտություն նվագեք, որպեսզի խաղաղության զգացում ստեղծեք տանը:
  • Ամեն երկուշաբթի ընտանեկան երեկո անցկացրեք: Կարող եք պատրաստել հանձնարարությունների անիվը կամ ցանկացած այլ գործիք, որպեսզի օգնեք կազմել ընտանեկան երեկոյի ծրագիրը: (Տես “Family Home Evening Wheel”[НФ1] ):
  • Աջակցեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի, երբ նա մասնակցում է սպորտային միջոցառումների, երաժշտական ներկայացումների կամ այլ բեմադրությունների:
  • Կազմակերպեք ընտանեկան զբոսախնջույք:
  • Ճաշի ժամանակ քննարկեք Կիրակնօրյա դպրոցի կամ Երեխաների Խմբի դասերը:
  • Պահեք ընտանեկան մատյան, թույլ տալով, որ երեխաները նույնպես գրեն այնտեղ:
  • Կիրակի օրերին այցելեք տատիկին ու պապիկին:
  • Ամեն երեկո քնելուց որևէ պատմություն պատմեք:
  • Երեկոյան միջոցառումից հետո երեխաները  թող այն ամփոփեն  ծնողների անկողնու մոտ:
  • Քնելուց առաջ համբուրեք միմյանց:
  • Ընտանիքի անդամների համար պատրաստեք նվերներ հատուկ առիթների դեպքում:
  • Թղթապանակի մեջ հավաքեք մի քանի երգ, որոնք ընտանիքը կարող է սովորել և երգել միասին՝  ավտոմեքենայում կամ տանը:
  • Գրեք ընտանեկան նամակ և տվեք այն բարեկամներին կարդալու և ինչ-որ բան ավելացնելու դրա մեջ: Պահեք նամակները և գիրք կազմեք ընտանեկան վերամիավորումների ժամանակ կարդալու համար:
  • Յուրաքանչյուր երեխայի կանոնավոր կերպով թույլ տվեք մնացած երեխաներից տասնհինգ րոպե ուշ պառկել քնելու, որպեսզի առանձին ժամանակ անցկացնի ծնողների հետ, կամ յուրաքանչյուր երեխայի հետ երեկոյան առանձին գնացեք որևէ տեղ:
  • Հաստատեք ձեր սեփական տոները ձեր սեփական առիթներով:
  • Ընտանիքի յուրաքանչյուր անդամ թող իր համար դրոշ պատրաստի, որը կփողփողա ձեր տանը հատուկ առիթների դեպքում:
  • Առանձնացրեք հատուկ ափսե, բաժակ կամ գավաթ, որը ճաշի ժամանակ կօգտագործվի ընտանիքի որևէ անդամի կողմից, ում համար կազմակերպված է միջոցառումը կամ առիթ կա տոնելու:
  • Թող հայրիկն ու երեխաները նախաճաշ պատրաստեն կիրակի օրը առավոտյան, թույլ տալով, որ մայրիկը հանգստանա:
  • Ամեն շաբաթ հաստատեք նոր ավանդույթ՝«Ընթերցանության երեկո»: Ընտրեք համապատասխան գիրք և ընտանիքով կարդացեք այն բարձրաձայն նախօրոք որոշված ժամանակահատվածում:
  • Ժամանակ սահմանեք ընտանիքի վկայությունների և ավետարանի ուսումնասիրության համար:

Հյուրասիրություն. Մանդարինով և նուշով տորթ

Տորթի չորակի համար

1 1/4 բաժակ ալյուր

1/3 բաժակ շաքարավազ

1 թեյի գդալ մանդարինի կամ նարնջի քերած կեղև

1/4 թեյի գդալ աղ

8 ճաշի գդալ անալի կարագը սառը վիճակում քառակուսի կտրտել

1 մեծ ձվի դեղնուց (սպիտակուցը պահեք խճողակի համար)

Խճողակ

1/2 բաժակ շերտատած նուշ

1/3 բաժակ շաքարավազ

2 ձու

1 ձվի սպիտակուց

1/2 բաժակ մանդարինի հյութ (մոտ 3 մանդարինի) կամ նարնջի հյութ

3 մանդարինի կեղև (մոտ 3 թեյի գդալ)

100 գրամ կտրտած շոկոլադի սալիկ

Պատրաստման եղանակը

Խառնեք չորակի բաղադրամասերը: Յուղապատ ամանի մեջ ձեռքով բացեք խմորը, ծակծկեք հատակը պատառաքաղով, ապա թխեք 200°ջերմասիճանում 18–20 րոպե: Դրեք մի կողմ: Ջեռոցի ջերմաստիճանն իջեցրեք մինչև 190°C: Ջեռոցում բովեք նուշը 3–5 րոպե: Սառեցրեք: Խառնեք նուշը 1/3 բաժակ շաքարավազի հետ և աղացեք մինչև նուշը մանրանա: Ավելացրեք ձվերը, ձվի սպիտակուցը, մանդարինի հյութը և կեղևը: Լավ խառնեք: Շոկոլադի կեսը շաղ տվեք չորակի վրա: Մանդարինի խճողակը լցրեք չորակի մեջ: Թխեք տորթը 190°C 25–30 րոպե. Ապա սառեցրեք: Մնացած շոկոլադը հալեցրեք և բարակ շիթով շաղ տվեք ամբողջ տորթի վրա:

Հյուրասիրություն