7 մայրցամաքում ունենալով 195 երկիր, ավելի քան 7000 տարբեր լեզուներ և 7,9 միլիարդ բնակչություն՝ մենք ապրում ենք զարմանալի հարուստ և բազմազան աշխարհում: Կան անհամար թվով ավանդույթներ և մշակույթներ տարբեր մակարդակներում՝ յուրաքանչյուր երկրում և, նույնիսկ, յուրաքանչյուր առանձին ընտանիքում: Դա իսկապես հրաշք է։ Մենք հարուստ ենք բազմազանությամբ, և դա հիանալի է:
Սոցիալական նորմերը գնալով ավելի են առանձնանում Հիսուս Քրիստոսի Ավետարանի չափանիշային հիմնարար սկզբունքներից, որոնք հայտնի են դարձվել և հասկացվել են՝ վերջին օրերում Ավետարանի վերականգնման շնորհիվ: Սակայն միշտ գոյություն ունի մի հաստատուն, հարատև, անսասան ճշմարտություն և անկախ նրանից, թե դա հասկացվում է կամ ընդունվում որպես այդպիսին, այն երբեք չի փոխվի: Սա այն ճշմարտությունն է, որ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա, ով ապրել, ապրում է և կապրի այս փառահեղ և բազմազան երկրի վրա, Աստծո՝ մեր Երկնային Հոր զավակն է: Դա այն է, որ մենք այս մահկանացու երկրի վրա ենք՝ աստվածային նպատակի համար, քանի որ «Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք: … Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. Արու եւ էգ ստեղծեց նորանց» (Ծննդոց 1․26-27): Եվ մենք պետք է նմանվենք հենց Աստծուն. «Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ բարձրելոյ որդիք» (Սաղմոս 82․6)։
«Ընտանիք` hայտարարություն աշխարհին» ասում է․ «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»: Որքա՜ն արտոնված ենք մենք, որ գիտենք և հասկանում ենք այս հիմնական ճշմարտությունը։ Ես շնորհակալ եմ դրա համար։ Ես ըստ արժանվույն եմ գնահատում դա։ Պատանի ժամանակ, այդ տարիներին ունեցած կյանքի փորձառությունների պատճառով, ես հարցեր ունեի Աստծո էության մասին․ ո՞վ էր նա, ի՞նչ տեսք ուներ: Ես այցելում էի տեղական եկեղեցիներ և այդ հարցերը տալիս սպասավորներին: Ես հարցեր էի տալիս, որոնք վերաբերում էին կյանքի նպատակին․ թե ինչո՞ւ էինք մենք այստեղ, եթե մենք ցավ ու վիշտ պետք է կրենք։ Ես չէի կարողանում հարցերս փարատող այնպիսի պատասխան ստանալ, որը ճիշտ կլիներ:
Գոյություն ունի ևս մեկ աստվածային և հաստատուն ճշմարտություն առ այն, որ Քրիստոսը՝ մեր եղբայրը և Փրկիչը, քավեց ողջ մարդկության հանցանքները բոլոր մարդկանց համար՝ անկախ նրանց ծագման երկրից, ռասայից կամ դավանանքից: Հարությունը և անմահությունը անվերապահորեն պարգև են Աստծո բոլոր զավակներին: Սակայն, պետք է վճարել քավության աստվածային զորությունն օգտագործելու և ճշմարիտ ապաշխարության ու մեղքի բեռից ազատվելու համար: Փրկիչն անձամբ բացատրեց դա, երբ այցելեց Ամերիկա մայրցամաքի բնակիչներին․ «Եվ դուք այլևս ինձ չպետք է մատուցեք արյուն թափելը. այո, ձեր զոհերն ու ձեր ողջակեզները վերջ պիտի տրվեն, քանզի ես չեմ ընդունի ձեր զոհերից և ձեր ողջակեզներից ոչ մեկը: Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի։ Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով» (3 Նեփի 9.19-20): Շարունակելով քարոզել, Ալման հաստատում է․ «Հետևաբար, ով որ ապաշխարում է և չի կարծրացնում իր սիրտը, նա ողորմության իրավունք պիտի ունենա իմ Միածին Որդու միջոցով, մինչև իսկ իր մեղքերի մի թողության. և այդպիսիները պիտի մտնեն իմ հանգիստը» (Ալմա 12․34): Եվ ողորմածաբար Հակոբի ուսմունքներից մենք գիտենք այն, ինչ վերաբերում է նրանց, ովքեր հնարավորություն չունեն Քրիստոսի մասին ուսուցանվելու, հասկանալու և վկայություն ունենալու. «Քանզի քավությունը բավարարում է նրա արդարադատության պահանջները բոլոր նրանց համար, ովքեր չունեն իրենց տրված օրենք, այնպես որ նրանք ազատվում են այն սարսափելի հրեշից՝ մահից ու դժոխքից, և դևից և կրակի ու ծծմբի լճից, որն անվերջ տանջանք է. և նրանք վերականգնվում են այն Աստծո մոտ, որը նրանց շունչ է տվել, որը Սուրբն է Իսրայելի» (2 Նեփի 9.26)։
Օ՜, որքան գեղեցիկ պարգև է դա ողջ մարդկության համար: Ես երախտապարտ եմ այդ պարգևի համար, քանի որ ես անընդհատ զգում եմ մեղքը ներված և նաև բուժված մարդու ուրախությունը:
Ես կավարտեմ բոլորիս տրված Փրկիչի հրավերի մասին հիշեցումով. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստութիվն կգտնէք: Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթեոս 11.28–30)։