Երիտասարդ տարիքում ես շատ էի սիրում դահուկներով սահել: Այդ պատճառով դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ես շրջագայեցի Եվրոպայում և արդյունքում ընտրեցի Ավստրիայի Սենթ Անտոն առողջարանային հանգստավայրը, որտեղ էլ որոշեցի անցկացնել ձմեռը: Ես օրական աշխատում էի ընդամենը մի քանի ժամ, որից հետո կարող էի դահուկներով սահել, երբ ցանկանայի: Աշխատանքս շատ հետաքրքիր էր, և կյանքը հրաշալի: 18 տարեկանում ես հասել էի իմ նվիրական նպատակին:
Մի օր առավոտյան ես արթնացա հստակ մտքով, որ պետք է մեկնեմ Ավստրիայից: Չհասկացա, որտեղից էր հայտնվել այդ միտքը: Ես մեծացել էի կաթոլիկ ընտանիքում: Մայրս պատմում էր ինձ, որ երբեմն նա ունեցել էր հատուկ զգացումներ և հստակ հուշումներ, բայց ես չէի կարողանում նմանատիպ դեպք հիշել: Միայն ավելի ուշ ես հասկացա, որ նման հուշումները գալիս են Հոգուց:
Որքա՜ն երախտապարտ եմ ես, որ հետևեցի այդ հուշմանը: Արդյունքում հայտնվեցի Պրովոյում, Յուտա, ԱՄՆ, որտեղ ծանոթացա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: 1972թ. հունվարին ես մկրտվեցի Տիրոջ Եկեղեցում: Իմ դարձի շնորհիվ ես սկսեցի հասկանալ կյանքի իրական նպատակը: Ճիշտ է դեռևս սիրում էի դահուկներով սահել, սակայն իմ կյանքը հավերժական հեռանկար ձեռք բերեց: Այժմ ես ցանկանում էի ընտանիքիս հետ հավերժ ապրել Երկնային Հոր ներկայությամբ:
Ես իմացա, թե որքան շատ էր սիրում Երկնային Հայրն ինձ: Ես հասկացա, որ Նա այնքան շատ էր սիրում ինձ և Իր բոլոր զավակներին, որ ուղարկեց Իր Որդուն, որպեսզի կոտրեր մահվան կապանքները, և մենք կարողանայինք կրկին Իր հետ ապրել: Ես իմացա, որ չնայած մեր շուրջը տիրող աշխարհի խառնաշփոթին, մեր երկրային կյանքն իրական նպատակ և իմաստ ունի:
Մեր դարձի գործընթացում կարևորն այն է, որ ընկալենք որքան խորն է մեր հանդեպ Նրա սերը և հասկանանք Նրա գործելակերպը, որի նպատակն է օգնել մեզ վերադառնալ Իր մոտ: Ալմա կրտսերը հասկացավ դա, երբ իրեն հայտնվեց Տիրոջ հրեշտակը: Մինչ այդ Ալման եղել էր դևի ծառան: Նա փորձում էր Աստծո զավակներին կործանման տանել: Սակայն, երբ Ալման որոշեց ապաշխարել իր մեղքերից և փոխել իր կյանքը, Աստված կանգնած էր նրա կողքին՝ ցանկանալով օգնել նրան: Անշուշտ, նա ստիպված էր վճարել այդ ամենի համար, բայց դա արդար գին էր: Աստված ցանկանում է, որ մենք արժանի լինենք Իր Հոգուն: Իր Հոգու օգնությամբ Նա կարող է մեզ Իր մոտ վերադարձնել:
Ահա թե ինչ է ասում Ալման. «Երբ ես այսպես պրկված էի տանջանքից, մինչ տակնուվրա էի եղել իմ բազում մեղքերի հիշողությունից, … ես հիշեցի նաև լսել էի՝ իմ հոր մարգարեանալը … մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը: … Ես գոչեցի իմ սրտում. Ո՜վ Հիսուս, Աստծո՛ Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ, որ դառը մաղձի մեջ եմ, … երբ ես մտածեցի այս, ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը. այո, ես այլևս տակնուվրա չէի լինում իմ մեղքերի հիշողությունից: … Եվ, օ՜հ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր» (Ալմա 36.17–21):
Տերը ցանկանում է ներել մեր մեղքերը, բայց մենք պետք է պատրաստակամորեն ապաշխարենք և ցանկանանք մոտենալ Նրան: Նա եկավ Երկիր, որպեսզի քավեր ձեր և իմ մեղքերը, որպեսզի մենք կարողանայինք երբևէ ստանալ այն ամենն, ինչ Հայրն ունի (տես ՎևՈւ 84.38):
Երբեմն մենք մտածում ենք, որ մեր մեղքերն անչափ մեծ են, կամ մեր հանգամանքները դժվար է փոխել: Մենք կորցնում ենք հույսը: Ահարոնը, Մոսիայի որդիներից մեկը, ուսուցանեց Լամոնի թագավորի հորը, ով նման իրավիճակում էր գտնվում. «Եթե դու ցանկանաս այս բանը [հավերժական կյանքը], եթե դու խոնարհվես Աստծո առաջ, այո, եթե դու ապաշխարես քո բոլոր մեղքերից, … և հավատքով կանչես առ նրա անունը, հավատալով, որ դու պիտի ստանաս, այդ դեպքում դու կստանաս ՀՈՒՅՍԸ, որ դու ցանկանում ես» (Ալմա 22.16):
Մեր դարձի գալու համար կարևոր է, որ թույլ տանք, որ Քավությունը գործի մեր կյանքում: Ես վկայում եմ, որ երբ մենք ապաշխարում ենք, Տերը ներում է մեր մեղքերը: Մեր սիրտը փոխվում է: Մենք իմանում ենք, որ մեր մեղքերը ներված են: Նաև ցանկություն է առաջանում ներել նրանց, ովքեր գուցե վիրավորել են մեզ: Մենք հավատում ենք, որ աշխարհի Փրկիչն ամեն ինչ ճիշտ ձևով կանի: Մենք իմանում ենք, որ ներողամիտ սիրտը պետք է լինի փափուկ և Հոգու հանդեպ ընկալունակ:
Ես աղոթում եմ, որ մենք հասկանանք, որ Երկնային Հոր միակ ցանկությունն է՝ իրագործել անմահությունն ու հավերժական կյանքը մեզ համար, այսինքն՝ Իր զավակներից յուրաքանչյուրի համար (տես Մոսիա 1.39):