Նրան, ով ընդունում է, ես կտամ ավելին
Շատ տարիներ առաջ Ֆրանսիայում լիաժամկետ միսիոներ ծառայելու ժամանակ ես և իմ զուգընկերը հրավիրվեցինք բարի ու հավատարիմ մի քրիստոնյա տիկնոջ տուն: Հաճելի զրույցի ընթացքում նա իր մտահոգությունը հայտնեց հասարակության մեջ հավատի անկման վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ նման անկմանը նպաստում էին որոշ կրոնական եզրույթներ, ինչպիսիք են «ապաշխարությունը» կամ «հնազանդությունը»։ «Մարդիկ վախենում են այս խոսքերից,- պնդեց նա,- և արդյունքում հեռանում են կրոնից»:
Այդ ժամանակից ի վեր, ես հաճախ եմ մտածել այն բառերի մասին, որոնք մենք օգտագործում ենք մեր ավետարանի քննարկումներում: Թեև ճիշտ է, որ հասարակությունը, ընդհանուր առմամբ, կարող է բացասաբար վերաբերվել ավետարանի որոշ եզրույթների, ճիշտ է նաև, որ բառերը կարող են խորը իմաստ և զորություն ունենալ: Սուրբ գրությունների ուսումնասիրությունը բացահայտում է, որ Տերը նպատակադրված է ընտրում բառերը։ Երբ մենք ժամանակ ենք հատկացնում դրանց իմաստը հասկանալու համար, մենք սկսում ենք ավելի լավ հասկանալ Նրա ուղերձն ու նպատակները:
Հնազանդությունը վստահության և սիրո մասին է
Այդպիսի մի բառ, որն ունի խորը իմաստ և զորություն, «հնազանդություն» բառն է։ Հնազանդության օրենքը տրվել է Ադամին և Եվային նրանց անկումից հետո: Օրենքն առաջին քայլն էր Փրկչի քավիչ զորությունը ստանալու համար: Հակառակ նրան, ինչ մտածում է աշխարհը, հնազանդությունը սահմանափակումների մասին չէ. այն ավելի շուտ՝ սովորելն է վստահել Աստծուն և Նրա խորհրդին. «Օրհնված են նրանք, ովքեր ականջ են դնում իմ ցուցումներին և ունկդրում իմ խորհրդին, քանզի նրանք իմաստություն կսովորեն. քանզի նրան, ով ընդունում է, ես կտամ ավելին» (1)։ Երբ մենք սովորում ենք վստահել Տիրոջը, մենք սկսում ենք անձնական հարաբերություն զարգացնել Նրա հետ և զգալ Նրա օրհնությունների հրաշալի հետևանքները: Նրա հանդեպ վստահությունը սեր է ծնում, իսկ սերը շարունակում է վստահություն առաջացնել: Երբ մենք հնազանդվում ենք Նրա ձայնին, մեր սերն ավելի է մեծանում, և ամուր և ուրախալի հարաբերություն ենք ստեղծում Նրա հետ:
Սրտի մի փոփոխություն
Ինձ համար հետաքրքիր է այն, որ նախքան Փրկիչը փարիսեցիներին կսովորեցներ Աստծուն և մեր մերձավորին սիրելու առաջին երկու մեծ պատվիրանները (2), Նա ուսուցանեց Թագավորի որդու ամուսնության առակը, եզրափակելով, որ «շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված» (3): Ժամանակակից հայտնության մեջ Տերը հավելյալ բացատրություն է տալիս այս հայտարարությանը, երբ Նա ուսուցանում է, թե «…ինչու՞ նրանք ընտրված չեն: Որովհետև նրանց սրտերն այնքան շատ են դրված այս աշխարհի բաների վրա և տենչում են մարդկանց գովասանքները․․․» (4)։ Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջը և սովորում վստահել և սիրել Նրան, մեր սիրտը աստիճանաբար փոխվում է, և մեր ցանկությունները փոխվում են ու կենտրոնանում Նրա հետ ունեցած մեր ուխտի հարաբերությունների վրա: Հնազանդություն սովորելու գործընթացում մենք նաև սովորում ենք գնահատել և հոգ տանել այն լավ բաների մասին, որոնք իսկապես կարևոր են:
Դառնալ ավելի քիչ եսակենտրոն
Երբ մեր կենտրոնացումը փոխվում է, մենք աստիճանաբար նվազեցնում ենք եսակենտրոն լինելու մեր բնական հակումը: Հնազանդության օրենքը երբեք նպատակը չի հետապնդել մարդկանց դարձնել խամաճիկներ, այլ ավելի շուտ դաստիարակել այնպիսի աշակերտներ, ովքեր վստահում են՝ ընտրություն կատարելով և ընտրում են՝ սիրելով Տիրոջը և ուրիշներին: Մեր Երկնային Հայրը կատարյալ է, քանի որ Նրա սիրտը փոխվել է: Աստված Աստված է, որովհետև Նա անընդհատ ընտրում է բարին. Նրա սրտում այլևս չկան չար ցանկություններ և Նա ընտրում է անընդհատ սիրել և անել այն, ինչը լավագույնն է մեզ համար (5): Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի խոսքերով «ողջ հավերժության առաջին մեծ պատվիրանը մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով Աստծուն սիրելն է՝ դա առաջին մեծ պատվիրանն է։ Սակայն ողջ հավերժության առաջին մեծ ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Այդ սերը հավերժության հիմնական սկզբունքն է, և այն պետք է լինի հավերժության հիմնական սկզբունք մեր առօրյա կյանքում» (6):
Թող որ մենք ուժ գտնենք վստահելու և սիրելու Տիրոջը՝ հնազանդվելով Նրա ձայնին: Այդ ժամանակ մեր սրտերը կփոխվեն և կզգան այն մեծ ուրախությունը, որը գալիս է Նրա հետ անձնական հարաբերություններ ունենալուց:
- 2 Նեփի 28․30
- Մատթեոս 22․36-40, Ղուկաս 10․25-37
- Մատթեոս 22.14
- ՎևՈւ 121.34-35
- 2 Նեփի 26․24
- «Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու», Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, Գերագույն համաժողով, ապրիլ 2016