Երեցներ Բեդնարը և Գոնգը քննարկում են, թե ինչպես կարող ենք ավելի լավ հասկանալ մուսուլմաններին

Երեցներ Բեդնարը և Գոնգը քննարկում են, թե ինչպես կարող ենք ավելի լավ հասկանալ մուսուլմաններին

2021 թվականի հոկտեմբերի 19-ին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երկու առաքյալները` երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը և երեց Ջերիթ Վ . Գոնգը, Բրիգամ Յանգ համալսարանում (BYU) (Պրովո, Յուտա) միասին ելույթ ունեցան երկու օր տևող՝ «Իսլամական աշխարհն այսօր. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով համաժողովի վերջին նիստի ժամանակ: Նրանք խրախուսեցին Եկեղեցու անդամներին ավելի լավ հասկանալ աշխարհում իսլամի 1,8 միլիարդ հետևորդների հետ ունեցած իրենց նմանություններն ու տարբերությունները:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է. «Այս երկու հավատքներն իրարից տարբերվում են մեր հիմնական վարդապետություններից շատերով, սակայն մեր արժեքներից շատերը և մեր առանձին հավատքների կիրառման եղանակները նման են և արտացոլում են մեր սերը Աստծո և մեր մերձավորի հանդեպ»: Երեց Ջերիթ Վ. Գոնգն ասել է, որ պետք է բացահայտ և անկեղծ փնտրել հասկացողություն և «երախտապարտ լինել, որ ընդհանուր մարդասիրության տեսանկյունից մենք եղբայրներ և քույրեր ենք»:

«Հիսուս Քրիստոսն ուսուցանում է, որ երկու մեծ պատվիրաններն են սիրել Աստծուն և ավելի շատ սիրել իրար», - ասել է երեց Գոնգը: «Ավելի լավ հասկանալով իրար, մենք կարողանում ենք սիրել իրար։ Թող որ մենք սովորենք ճիշտ և անկեղծ կիսվել և հասկանալ իրար, որպեսզի իրար հանդիպենք հարգանքի և բարի կամքի մեկնած ձեռքերով, ոչ թե տգիտության կամ հակառակության սեղմված բռունցքներով»:

Երեքշաբթի երեկոյան ներկա մահմեդական ընկերներին երեց Բեդնարը հայտնեց Եկեղեցու անկեղծ ցանկությունը՝ «միանալ բարիք գործելու ձեր ջանքերին»: Նա աղոթեց, որ «Աբրահամի Աստվածը՝ մեր բոլորի Աստվածը, հսկի և օրհնի մեզանից յուրաքանչյուրին այս կարևոր և կենսական գործում»։

Երկու Առաքյալները նաև տեղեկացրին մի նոր գրքույկի մասին, որը կոչվում է «Մուսուլմանները և Վերջին Օրերի Սրբերը. համոզմունքներ, արժեքներ և ապրելակերպ»: Այն կհրապարակվի Gospel Library հավելվածում, որը հասանելի կլինի 2022 թվականին: Երեց Բեդնարն ասաց, որ փաստաթուղթը տարիների աշխատանքի արդյունք է, որը ներառում է մահմեդական իմամների (ղեկավարներ) հետ համագործակցությունը:

Եկեղեցու առաջին օրերից սկսած Ջոզեֆ Սմիթը հռչակել է միջկրոնական երկխոսության և հարգանքի սկզբունքները նրանց նկատմամբ, ովքեր այլ կերպ են հավատում: Մուսուլման առաջնորդների հետ շփվելու Եկեղեցու ղեկավարների բազմաթիվ օրինակներ կան: Այն ներառում է Երեց Գոնգի հանդիպումը սուննի մուսուլման առաջնորդի հետ, երբ 2019 թվականին գտնվում էր Ասիայում և Օվկիանիայում, վերջին երկու տարիներին երեց Բեդնարի հանդիպումը Սուդանի առաջնորդների հետ իրենց երկրում և Տաճարային հրապարակում, երեց Ռոնալդ Ա. Ռասբենդի ծանոթությունը մի քանի մուսուլման առաջնորդների հետ 2021 թվականի G20 միջկրոնական ֆորումի ժամանակ Իտալիայում և շատ ուրիշ օրինակներ։