Բացառիկ հոգևոր հնարավորություններ, որոնք մեզ առաջարկում են անորոշ ժամանակները

Չեյքլ Ուարդլի

Ես շատ անհանգիստ մարդ եմ՝ մի մարդ, ով գիշերները քնելու փոխարեն մտքում վերարտադրում է նախորդ օրվա բոլոր, նույնիսկ ամենաչնչին անախորժությունները և անհանգստանում այն բաների համար, որոնք «կարող էին» պատահել: Հետևաբար, դուք կարող եք պատկերացնել, թե ինչպես են իմ նյարդերի վրա ազդել անցած մի քանի շաբաթվա իրադարձությունները՝ մամլո ասուլիսներ արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին, հայտարարություններ՝ փակված տաճարների և չեղարկված եկեղեցական ժողովների մասին:

Ես կարծես խամաճիկ լինեի՝ իմ անհանգստությունն ու վախը կառավարում էին իմ վերջույթները, այնպես որ օրվա վերջում ես ինձ զգում էի փշրված՝ ընկած մի սպառված լցակույտում: Միգուցե դուք էլ եք ունեցել այդպիսի զգացում: Բայց, չնայած սա անորոշության ժամանակ է, կա մի բան, որ ես հաստատ գիտեմ՝ սա լավ ժամանակ է եզակի հնարավորությունների և հայտնության համար: Ահա մի քանի օրինակ՝ Հանգիստ լինելու հնարավորություն Ես շատ անհանգիստ մարդ եմ: Ես չեմ սիրում հանգիստ նստել: Ես ինձ անհարմարավետ եմ զգում լռության մեջ: Ես հաճախ եմ աուդիոգրքեր լսում կամ սոցցանցեր մտնում ազատ ժամանակս լրացնելու համար:

Սակայն ես փորձում եմ կյանքում ավելի ուշադիր լինել և գիտակցում եմ, որ շեղվելով ես ուղղակի ուզում եմ պաշտպանվել անհանգստությունից և տհաճ զգացմունքներից: Եվ որքան ավելի շատ եմ խուսափում այդ զգացմունքներն ընդունելուց այն պահերին, երբ փորձում եմ չզգալ այն, ինչ զգում եմ և հանգիստ լինել, ներսումս ամեն ինչ կուտակվում է և հասնում այն կետին, երբ ես այլևս ոչինչ չեմ զգում, նույնիսկ Սուրբ Հոգուն:

Չնայած որոշ պահերին ես իսկապես կարիք եմ զգում արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է շուրջս, երբեմն հանգիստ լինելը կարևոր է իմ հուզական և, հատկապես, իմ հոգևոր առողջության համար: Նախագահ Ռասսել Բալլարդը ուսուցանում էր՝ «Յուրաքանչյուր մարդ կարիք ունի խորհելու և մտորելու: . . . Մենք հաճախ այնքան զբաղված ենք և հաճախ աշխարհն այնքան աղմկալից է, որ դժվար է լսել աստվածային բառերը. «Հանգիստ եղիր և իմացիր, որ ես Աստված եմ»: Հավանաբար այդ պահերը մեզ տալիս են եզակի հնարավորություն՝ կիրառել հանգստություն, հրավիրելով Սուրբ Հոգուն և հասկանալով, թե ինչպես է Նա հաղորդակցվում ինձ հետ, ճանաչելով Տիրոջ ձեռքը իմ կյանքում, գիտակցելով, թե որքան բաց է դրախտն ինձ համար, իսկապես «լսելով Նրան»՝ իմ Փրկիչին, Հիսուս Քրիստոսին՝ ճիշտ այնպես, ինչպես նախագահ Ռասսել Նելսոնն էր հրավիրում մեզ բոլորիս անել:

Նորից կապ հաստատելու հնարավորություն Այն ամենն, ինչ մեզ շեղում է, հաճախ անջատում է մեզ ամենաարժեքավոր և կարևոր բաներից: Երեց Դիտեր Ուխդորֆը ընդհանրացրել է ամենակարևոր բաները՝ ասելով. «Երբ մենք դիմում ենք Երկնային Հորը և խնդրում իմաստություն կարևորագույն բաների վերաբերյալ, մենք նորից ու նորից հասկանում ենք, թե որքան կարևոր են հետևյալ չորս հարաբերությունները՝ Աստծո հետ, մեր ընտանիքների հետ, մեր մերձավորի հետ և մեր սեփական անձի հետ»:

Ես գիտեմ, որ ավելի լավ կզգամ ինձ, եթե ապահովեմ այդ հարաբերություններն իմ կյանքում: Եվ նույնիսկ հիմա, երբ մենք ստիպված ենք ֆիզիկապես մեկուսացված լինել, մենք օրհնված ենք, քանի որ ունենք ժամանակ ավելի լավ հասկանալու ինքներս մեզ, խոսելու Աստծո հետ, ժամանակ անցկացնելու այն մարդկանց հետ, ում սիրում ենք և ծառայելու ուրիշներին՝ հատկապես հիմա, երբ օժտված ենք ժամանակակից տեխնոլոգիաներով: Տաճարները կարող են փակ լինել, բայց ընտանեկան պատմության գործը շարունակվում է: Եկեղեցական ժողովները չեղարկվել են, բայց մենք կարող ենք ուսումնասիրել Ավետարանը և կիսվել դրանով ուրիշների հետ (շնորհակալ եմ, եկեք, հետևեք ինձ): Եվ հիմա, երբ այլ մարդկանց հետ շփվելու և այլ տեղեր այցելելու հնարավորությունը սահմանափակ է, ես ավելի լավ հասկացա այն փաստը, որ միակը, ում հետ ես կարող եմ շփվել անսահմանափակ կերպով, դա իմ Երկնային Հայրն է: Երբ ես իսկապես ուզում եմ կապ հաստատել Նրա հետ, ես միշտ կարող եմ լսել Նրան և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Հույս ունեմ, որ կարող եմ օգտագործել այս հնարավորությունն Ավետարանի բարիքներին նորից միանալու և դրանց նորից հասկանալու համար, ինչպես նաև կարևորագույն մարդկանց հետ կապ պահպանելու համար:

Քո հավատը կատարելագործելու հնարավորություն Մի քանի ամիս առաջ ես մեքենայով սար էի բարձրանում շատ մառախլապատ մի գիշերով: Մառախուղն այնքան թանձր էր, որ մի պահ ես ոչինչ չէի տեսնում, բացի իմ առջևում գոյացած սպիտակ պատից: Ամբողջ ուժով կառչել էի ղեկին և ստամոքսս կծկվում էր լարվածությունից: Սակայն ես հավատում էի, որ կհասնեմ սարի գագաթին, եթե ուղղակի շարունակեմ իմ ճանապարհը: Հանկարծ մառախուղը ցրվեց, կարծես երբեք էլ չէր եղել:

Ես սարի գագաթից ցած նայեցի, և ներքևում ամեն ինչ այնքան պարզ էր երևում: Ես սկսեցի մտածել այն «մառախլապատ» պահերի մասին, որ լինում եմ մեր կյանքում: Ինձ թվում է, որ այս համավարակը այդ մառախլապատ պահերից մեկն է: Թեև ես չեմ տեսնում, թե ինչ է ինձ սպասվում առջևում, և այս անորոշությունն ու վարակիչ խուճապը կարող են մառախուղի պես խեղդել, ես հավատում եմ, որ Աստված տեսնում է այն, ինչ ես չեմ կարող տեսնել: Նա տեսնում է այն, ինչ առջևում է և Նա կարող է մեզ առաջնորդել: Միակ բանը, որ Նա մեզնից խնդրում է՝ շարունակել առաջ շարժվել հավատքով՝ հետևելով Նրա մարգարեի խորհրդին և հավատարիմ մնալով այն ամենին, ինչը մեր համոզմամբ ճիշտ է: Ես համոզված եմ, որ հավատը ընտրում է ամենօրյա առաջընթացը և վստահությունն առ Աստված՝ որ ամեն ինչ լավ կլինի, նույնիսկ, երբ ես տագնապ եմ զգում: Դա այնքան էլ հեշտ չէ անել, բայց ես գիտեմ, որ դա զարմանալիորեն կկատարելագործի իմ վկայությունը:

Երբ թվում է, թե այլևս ոչինչ չեմ կարող անել, ես ընտրում եմ Աստծուն ապավինելը: Ինձ սփոփում են Ալմայի խոսքերը՝ ուղղված Հելամանին. «Քանզի ես իսկապես գիտեմ, որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը» (Ալմա 36.3):

Եթե դուք զգում եք այն, ինչ ես եմ զգում, և եթե ձեր անհանգստությունն ու վախը քաշում են ձեր խամաճիկի թելերը, փորձեք հանգստանալ, նորից կապ հաստատել և լսել Նրան: Հուսով եմ, որ դուք կգտնեք այն ուժն ու խաղաղությունը, որ Հիսուս Քրիստոսի Ավետարանը առաջարկում է մեզ: Ես գիտեմ, որ ես դա արեցի:

Ծանոթություն:

Ռասել Բալլարդ, «Եղիր հանգիստ և իմացիր, որ ես Աստված եմ» (CES նվիրված է չափահաս երիտասարդներին, մայիսի 4, 2014 թ.), broadcasts.ChurchofJesusChrist.org.

Ռասսել Նելսոն, «Իմ հույսի և սիրո ուղերձն ընդ ձեզ», Ֆեյսբուքի տեսանյութ, մարտի 14, 2020 թ., https://www.facebook.com/russell.m.nelson/videos/199840471336927/ .

Դիտեր Ուխդորֆ, «Կարևորագույն բաների մասին», Լիահոնա, նոյեմբեր 2010 թ., 19-22, ChurchofJesusChrist.org.

Հիմնաբառեր. հավատ, ընտանիք, աճ, Սուրբ Հոգի, տուն, ոգեշնչում, սեր, աղոթք, Հանգստության օր, Աստվածաշնչի ուսումնասիրում, ինքնագնահատում, ծառայություն, երկրպագություն: