Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Ի՞նչ է ճշմարիտ դարձը:

Դարձի գալու ճանապարհը, ինչպես ամուսնությունը, կարող է սկսվել ոգեշնչման շողով, բայց կարող է ծաղկել և վերածվել Աստծո հետ ուխտյալ հարաբերությունների, որտեղ մենք լցված կլինենք Նրա սիրով:

Երեց Ադրիան Բեթրիջը և նրա կինը՝ Ջենին, Պրեստոնի (Անգլիա) տաճարը շրջապատող պարտեզում
Երեց Ադրիան Բեթրիջ, Միացյալ Թագավորություն Հյուսիսային Եվրոպայի տարածքային Յոթանասունական

Քսանհինգ տարի առաջ սեպտեմբերին ես և Ջենին ամուսնացանք Ավստրալիայում: Դրանից երկու տարի առաջ մենք հանդիպել էինք Չիկագոյում՝ աշխատանքային ճամփորդության ժամանակ, և նրա հետ հանդիպելուց ընդամենը երկու օր անց գլխումս ծագեց հետևյալ միտքը՝ «դու կամուսնանաս այս աղջկա հետ»: Ոգեշնչման այդ բռնկումը ստիպեց ինձ Լոնդոնից գնալ Ավստրալիա, որպեսզի Ջենիին հրավիրեմ ժամադրության, այնուհետև՝ Եկեղեցի: Նա մկրտվեց 4 ամիս անց և տեղափոխվեց Լոնդոն, որպեսզի մենք շարունակենք ժամադրվել: Մեկ տարի անց մենք նշանադրվեցինք Իտալիայում, ամուսնացանք Սիդնեյում, ապա կնքվեցինք Լոնդոնի Տաճարում և հետագայում ունեցանք չորս հրաշալի որդի: Դա մի բուռն սիրավեպ էր։

Նշելով մեր ամուսնության 25-ամյակը՝ ես զարմանքով հետ եմ նայում և հիշում, թե որքան արագ սիրահարվեցի և որքան պարզ էր սիրո մասին իմ ըմբռնումը: Վերջին 25 տարիներն ինձ սովորեցրել են, որ սերը շատ ավելին է, քան «սիրահարվելու» սկզբնական զգացումը, և այն ավելի շատ ծառայության և թիմային աշխատանքի մասին է, որտեղ երկու ընկերներ իրենց կյանքի ընթացքում օգնում են միմյանց՝ դառնալու այնպիսին, ինչպիսին Աստված է նախատեսել: Մեր ամուսնության ժամանակ մենք ունեցել ենք վերելքներ և վայրէջքներ՝ լաց և կսիծ, ինչպես նաև՝ ուրախ ու երջանիկ պահեր, որոնք ծրագրի մի մասն են կազմում։ Եվ չնայած մեր պատմությունը գուցե սկսվել էր «սեր առաջին հայացքից», այն վերածվել է բոլորովին այլ տեսակի սիրո: Սեր «զգացմունքը» անխուսափելիորեն գալիս և անցնում է, բայց սեր «բայը» պահպանում և ամրացնում է ամուսնությունը և կարող է հարաբերությունները դարձնել ամենաթանկը:

Ես շատ զուգահեռներ եմ տեսնում մեր հոգևոր դարձի և Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալու գործընթացի հետ: Բոլորիս ներսում առկա է Քրիստոսի լույսը (1), և բոլորս եզակի կերպով ենք զգում լույսի շողերը, որոնք օգնում են մեզ ամրապնդել մեր վկայությունը Աստծո և Նրա որդի Հիսուս Քրիստոսի մասին (2): Բայց պարտադիր չէ, որ այդ հոգևոր փորձառությունները առաջացնեն դարձ կամ հաղորդեն մեզ անսասան հավատք: Բոլորս ունենում ենք պահեր, երբ Աստծուն մոտ չենք զգում, գուցե ունենում ենք պահեր, երբ փորձությունները կամ կասկածները ստիպում են մեզ տատանվել. ինչպես Ալմա քահանայապետն է տալիս այս ոգեշնչված հարցը. «Եվ արդ, ահա ես ասում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»: (3)

Ինչպես սերն ամուսնության մեջ, այնպես էլ մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կարիք ունի մշտական ​​սնուցման, ջրելու և ամենօրյա արևի լույսի, ինչպես բացատրվում է Ալմա 32 (4) գլխում: Մեզանից շատերի համար դարձը տեղի է ունենում «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ» (5)։ Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալու գործընթացը տեղի է ունենում ողջ կյանքում և այդ գործընթացը կարող է մեզ ուրախություն պատճառել:

Հիսուս Քրիստոսի ավետարանում մեր ուրախությունը ստանում ենք, երբ առաջադիմում ենք ուխտի արահետով, և այդպես առաջադիմելիս մենք կառուցում ենք սերտ, անձնական հարաբերություններ մեր Հոր հետ: «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ․․․» (6)։ Երբ մենք ձգտում ենք մոտենալ Նրան, մենք ավելի շատ ենք զգում Նրա սերը մեր կյանքում և սովորում ենք ավելի լիարժեք սիրել Նրան: Մենք սկսում ենք իրագործել մեր ստեղծման նպատակը և հասնել մեր աստվածային ներուժին ու խաղաղություն զգալ մեր հոգում:

Այսպիսով, 25 տարվա ամուսնությունից և 50 տարի եկեղեցի հաճախելուց հետո ես հասկանում եմ, որ երջանիկ կյանքի բուն էությունը հիմնված է հարաբերությունների վրա՝ ինչպես իմ Երկնային Հոր, այնպես էլ իմ կնոջ հետ: Կարելի է տանել զուգահեռներ, թե ինչպես են այդ հարաբերությունները սկսվում և զարգանում ժամանակի ընթացքում: Ես շատ երախտապարտ եմ, որ իմ Երկնային Հայրը և իմ կինը երկուսն էլ այդքան ներողամիտ են, համբերատար և աջակցում են իմ թույլ ջանքերին, և որ նրանք երկուսն էլ ինձ այդքան շատ են սիրում։ Երբ ես կենտրոնացնում եմ իմ ժամանակը, տաղանդներն ու եռանդը այս երկու ուխտյալ հարաբերությունների վրա, մնացած ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը: Եվ երբ աշխատում եմ այդ հարաբերություններից միայն մեկի վրա, թվում է, որ դա ինձ օգնում է մյուսի հարցում:

Դարձի գալու ճանապարհը, ինչպես ամուսնությունը, կարող է սկսվել ոգեշնչման շողով, բայց կարող է ծաղկել և վերածվել Աստծո հետ ուխտյալ հարաբերությունների, որտեղ մենք լցված կլինենք Նրա սիրով:

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

 

  1. Մորոնի 7․16, Հովհաննես 1․ 9
  2. Երեց Դուշկու, Լույսի սյուներ և շողեր ԳՀ, Ապրիլի 2024
  3. Ալմա 5․26
  4. Ալմա 32.37-42
  5. 2 Նեփի 28.30, ՎևՈւ 98.12
  6. ՎևՈւ 88․63